Շատ բաներ սովորել եմ Ալբերտ Յավուրյանից

25/02/2008 Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ

Բուհերի ուսանողության այն հատվածը, որը մասնագիտության բերումով տեխնիկայի կարիք ունի եւ խնդրի լուծում չի ստանում` կամ համակերպվում է տեխնիկայի բացակայության հետ, կամ էլ հետեւում է մեր այս հոդվածի հերոսի օրինակին: Դավիթը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) Մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի չորրորդ կուրսի ուսանող է: Համալսարանը տեխնիկապես չի ապահովում ուսանողներին, իսկ եղած տեխնիկան էլ, ինչպես ասացին նույն ֆակուլտետի ուսանողները, տեխնիկայի անընդհատ զարգացման համեմատ` «քարե դարի» արտադրանք է: Այնպես որ, կարելի է համարել, որ ֆակուլտետը տեխնիկա չունի: Դավիթ Էնֆենջյանը եւ համակուրսեցի Էդգար Ղուկասյանը իրենց մտահղացումներն իրականացնելու համար որոշեցին օգտագործել ցանկացած հնարավորություն: Նրանք իրենց մտահղացումները` սցենարները, ներկայացրեցին Ազգային կինոկենտրոնի հայտարարած սցենարների մրցույթին եւ հաղթեցին: Պատմում է Դավիթը.

– Ես եւ Էդգարը սցենարներ ներկայացրեցինք եւ, միայն երեք ամիս անց, երբ գրեթե մոռացել էինք մեր հայտերի մասին` իմացանք, որ հենց մենք ենք հաղթել: Իսկ հաղթողներին կինոկենտրոնը ֆինանսավորում է, որպեսզի նկարահանենք ֆիլմը: Բյուջեն քիչ էր, բայց չեղածից լավ էր: Ես նկարեցի «Վթար» ֆիլմը, իսկ Էդգարը` «Լռություն» ֆիլմը: «Վթար» ֆիլմի նկարահանման համար նախատեսված էր նկարահանման երեք օր, սակայն այն տեւեց մեկ ամիս: Եվ, քանի որ ֆիլմը Կինոկենտրոնի հովանավորությամբ էր արվում, ապա յուրաքանչյուր քայլի համար հաշվետու էի, իսկ նկարահանումները հիմնականում երկարաձգվեցին, որովհետեւ նկարահանման յոթերորդ օրը ավտովթարի ենթարկվեցի` երկաթե սյանը բախվելով: Զարմանալի զուգադիպությամբ այդ օրը նկարելու էինք ավտովթարի տեսարանը:

– Ինչ-որ միստիկ կապ տեսնո՞ւմ ես այս երկու վթարների միջեւ:

– Հետաքրքիր մի բան հիշեմ. սովորաբար մինչ նկարահանումները սկսելը ֆիլմի անունը գրում են ափսեի հետեւի մասին եւ կոտրում` տեսախցիկի շտատիվին հարվածելով: Ես դա արեցի մինչ նկարահանումները սկսելը, սակայն ափսեն կոտրեցի ոչ թե շտատիվի, այլ այնպիսի սյան վրա, ինչին մեքենայով բախվեցի:

Դավիթը սնահավատ չէ եւ պատահածը համարում է զուգադիպություն: «Վթար» ֆիլմի մասին շատ բան ասել չցանկացավ` պատճառաբանելով, որ ֆիլմը դեռեւս «հում» վիճակում է: Հարցին, թե հանդիսատեսն ինչպե՞ս է ծանոթանալու ֆիլմին, Դավիթը պատասխանեց, որ, հավանաբար, Ազգային կինոկենտրոնը կլուծի այդ հարցը, հատկապես, որ «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը սարերի ետեւում չէ: Դավիթը մինչ այդ եւս մեկ ֆիլմ էր նկարահանել իր սեփական միջոցներով եւ իր կուրսի ղեկավար Խաչիկ Չալիկյանի օգնությամբ:

– Առաջին ֆիլմս կոչվում է «Մեցցո»: Խաչիկ Չալիկյանի հետ գրեցինք սցենարը եւ նկարեցինք երեք օրում: Այն մի երիտասարդի օրագրի միջոցով պատմում է նրա սիրո եւ հիասթափության մասին, իսկ հերոսի վիճակը ներկայացնելուն օգնում է պատուհանի ապակիների արանքում հայտնված ճանճը: Ֆիլմի մոնտաժը նախատեսված էր նկարահանումներից մեկ ամիս անց, բայց քանի որ երկու շաբաթ անց «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը պետք է անցկացվեր, այդ պատճառով մոնտաժն արագացվեց եւ ֆիլմը ներկայացվեց փառատոնին եւ արժանացավ մրցանակի` «Ստեղծագործական որոնումների համար» անվանակարգում:

Դավիթի մրցանակները միայն կինոյի բնագավառից չեն: Մինչ ռեժիսուրայի բաժնի ուսանող լինելը՝ նա սկզբում ընդունվել է լուսանկարչության բաժին, ապա տեղափոխվել ռեժիսուրայի բաժին:

– Լուսանկարչությունն ինձ օգնեց կադրը զգալու, ճիշտ ընտրելու առումով: Ես իմ իմացածով օպերատորին կարողանում եմ բացատրել եւ անգամ օգնել իմ ցանկացած կադրը ստանալու համար:

Դավիթն այսօր էլ շարունակում է լուսանկարչությամբ զբաղվել: Անցյալ տարի մասնակցելով Մշակույթի նախարարության կազմակերպած ֆոտոների մրցույթ-ցուցահանդեսին` նա գլխավոր մրցանակ շահեց` ներկայացնելով Լոռվա բնաշխարհը:

– Կա՞ մեկը, ով մեծ ազդեցություն է ունեցել քեզ վրա` ուղղություն է ցույց տվել կամ ում հետ դու կցանկանայիր աշխատել:

– Կուզեի ծնված լինել Ալբերտ Յավուրյանի ժամանակաշրջանում, որպեսզի ավելի լավ ծանոթ լինեի նրա արվեստին, ճանաչեի նրա աշխարհը: Նա եղել է մեր ամբիոնի վարիչը, եւ ծանոթության կարճ ժամանակահատվածում նրանից շատ բաներ եմ սովորել: Այսօր հայ կինոն այն արժեքը չունի, ինչ Ալբերտ Յավուրյանի ժամանակի կինոն: Գուցե այսօր նկարահանված կինոն տարիներ հետո այլ գնահատականի՞ արժանանա:

Դավիթի կարծիքով` այսօր Հայաստանում նկարահանված ֆիլմերի մի մասը հոլիվուդյան ֆիլմերի վատորակ կրկնօրինակումն է: Բայցեւ ընդունում է, որ նաեւ ունենք այնպիսի ֆիլմեր, որոնք, չնայած այն բանին, որ շատ փոքր բյուջեով են նկարված, այնուամենայնիվ, մեծ արժեք ունեն:

– Այսօր հեռուստաեթերում հայկական կինոյի բացակայությունն ասես «լցվում» է տեսահոլովակների առատությամբ: Ինչպե՞ս ես գնահատում հայկական եթերում լցված տեսահոլովակները:

– Այդ տեսահոլովակների 90 տոկոսն այսօր բիզնեսային է: Միայն գոյություն ունեցող որոշակի մրցակցությունն է բերում քիչ թե շատ որակի: Իսկ դեկորները կրկնվում են, քանի որ մի ռեժիսորի կողմից ստեղծված տաղավարը մյուսի կողմից որոշակի փոփոխությունների ենթարկվելով` օգտագործվում է: Դա պայմանավորված է ֆինանսների սղությամբ:

Դավիթը տեսահոլովակներ նկարահանելը զուտ բիզնես է համարում, որին կարելի է դիմել գումար աշխատելու եւ ստեղծագործական, լուրջ ասելիքով ֆիլմի բյուջե հավաքելու համար: Այժմ նա ցանկանում է Մանկավարժական համալսարանի եւ, հատկապես` Ալբերտ Յավուրյանի մասին ֆիլմ նկարահանել: Ծրագրեր եւ մտահղացումներ նա շատ ունի: Ցանկանում է նաեւ նկարահանել «Վարդանանքը», որն, իհարկե, լուրջ ֆինանսներ է պահանջում:

– «Վարդանանքի» գաղափարն առաջացել էր ընկերոջս մոտ, որով նա «վարակեց» ինձ եւ այսօր ասես դարձել է նաեւ իմը: Իսկ ոգեշնչման նյութ է հանդիսացել Խանջյանի համապատասխան նկարը:

Հետագայի ծրագրերը եւ մտահղացումները կյանքի կոչելու համար Դավիթը եւ Էդգարը կազմակերպություն են ստեղծել, որն առայժմ գովազդներ է պատրաստում: Նրանք հույս ունեն, որ կգա մի օր, երբ լավ գաղափարներ եւ ձգտումներ ունեցող երիտասարդ ստեղծագործողներն իրենց մտահղացումներն իրագործելու համար այլեւս ֆինանսական խնդիրներ չեն ունենա: