Սպասում են ամերիկացիների համերգին

13/05/2005

Արդեն չորրորդ անգամ Հայաստանում ապրիլը հայտարարվում է ջազի ամիս: ԱՄՆ
Պետքարտուղարությունը եւ Սմիթսոնյան Ազգային պատմության թանգարանը հայ
ջազի սիրահարների համար անցկացնում են մի շարք միջոցառումներ: Ջազը միայն
երաժշտական ուղղություն չէ, այլեւ՝ ապրելաոճ: Ինքնաբուխ ռիթմերը խթանում
են ստեղծագործել ոչ միայն երաժշտության ոլորտում: Ջազը նաեւ պոեզիա ու
կերպարվեստ է: Ջազի միամսյակը բացվեց երիտասարդ նկարիչների
մրցույթ-ցուցահանդեսով, որի հիմքում ջազը գույներով պատկերելն էր: Ինչպես
հնչյուններն են ծնվում ու մեղեդի դառնում, այնպես էլ ծնվում են
վրձնահարվածները, որոնք պետք է կտավ դառնան: Իմպրովիզացիան ամենից առաջ
ջազի հետ է կապվում: Իսկ մեր ջազմեններն այս ամիս առիթ կունենան այլ
երկրների երաժիշտների հետ ծանոթանալու։ Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցն
ասաց. «Որտե՞ղ կարող ենք ուրիշների լսել: Անհամբեր սպասում եմ
ամերիկացիների համերգին»: Իսկ օրերս Կամերային երաժշտության տանը կայացած
Վրաստանի Օթար Մեգրաձեի ջազային եռյակի ելույթը Ա.Հյուսնունցը համարում է
անհաջող միայն մի պատճառով՝ դահլիճի ակուստիկան ջազի համար չէ: «Ես ինքս
խուսափում եմ այստեղ նվագել»,- ասաց նա: Ապրիլի 16-ին Ա. Խաչատրյան
համերգասրահում կկայանա գրեթե այս ամսվա ամենահետաքրքիր՝ Ֆրանկ Ամսալենի
քառյակի ու երգչուհի Սառա Լազարուսի համերգը:

Ն.Հ.