Անրի Միշո (1899-1984)

25/02/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

«Անրի Միշոն իր բազմադիմի գրքերում շրջում է ոչ միայն երկրային թագավորություններում, այլ շատ ավելի անհասանելի երեւակայության անվիճարկելի ու արտասովոր արքայություններում»,- գրում էր Խորխե Լուիս Բորխեսը, ով Միշոյի լավագույն գրքերից մեկի` «Բարբարոսն Ասիայում» երկի թարգմանիչն էր այն օրերին, երբ Միշոյի մուտքն Արգենտինա արգելված էր` մի քանի կծու խոսք ասելու պատճառով:

Նա հիանալիորեն գիտեր, որ ոչ մի ռեալիստական գրականություն էլ գոյություն չունի: Ինչպես ասում էր Ջորջ Մուրը` իրականությունն արտագրելն անհեթեթություն է, քանզի արտագրման է ենթարկվում լոկ այն, ինչը գրված է, սակայն իրականությունը լինում է ոչ միայն բառային, այլեւ մտային, ֆիզիկական, երազային եւ ամենայն այլ, իսկ լեզուն` խորհրդանիշերի համակարգ է:

«Ո՞վ է նա» իր ինքնակենսագրական հատվածում Միշոն գրում էր` «1899 թվականի մայիսի 24-ին ծնված փարիզցի բելգիացի: Նախասիրած զբաղմունքը` փախուստը: 21 տարեկանում` նավաստի: Ատլանտիկա` Հյուսիսային, Հարավային: Հիվանդ հանել են առագաստանավից: Ավելի ուշ` ճամփորդություններ Ամազոն, Էկվադոր, Հնդկաստան, Չինաստան:

Կենսակերպը` հենց ինքը տենչանքների ծիրը` լինել ոչ այստեղ` ամեն ինչում ոչ այստեղգ»:

Անրի Միշոն համաշխարհային գրականության ամենատարօրինակ ու հանելուկային դեմքերից մեկն է, ով ինչ-որ բաներով երբեմն հիշեցնում է Դանիիլ Խարմսին: Չկայացած բժիշկ եւ ափ դուրս գրված նավաստի, ով հետագայում դարձավ ֆրանսիական գրականության ամենահայտնի դեմքերից մեկը: Մարդ, ով մերժել էր իրեն շնորհած բոլոր գրական մրցանակները, այդ թվում եւ՝ Ֆրանսիայի ազգային մրցանակը: Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ եւ ցնորատես: Ֆրանսիացի քննադատներից մեկն ասել է` «Նա նրանցից է, ովքեր խանգարում են ապրել»:

Նրա երկար կյանքն ամբողջովին նվիրված էր գրականությանն ու գեղանկարչությանը: Նա հիանում էր Պաուլ Կլեեի եւ Ջորջիո Դե Կիրիկոյի նկարներով:

1941 թվականին Անդրե Ժիդը լույս ընծայեց «Հայտնաբերենք Անրի Միշոյին» գրքույկը:

Անրի Միշոյի ռուսերեն առաջին թարգմանությունները` հատուկտոր բանաստեղծությունները հայտնվեցին մամուլում. առաջին անգամ՝ «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում: Այնուհետեւ 1973 թվականին «Պրոգրեսս» հրատարակչությունը լույս ընծայեց «Ժամանակակից ֆրանսիական պոեզիայից» ժողովածուն, որտեղ ներկայացված էր չորս բանաստեղծ` Ռայմոն Քենոն, Անրի Միշոն, Ժան Տարդիեն եւ Ռենե Շարը: Եվ այնուհետեւ տարբեր ամսագրերում կցկտուր պեծկլտալուց հետո, ահա 2004 թվականին Սանկտ Պետերբուրգի «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս ընծայեց բավական ստվարածավալ մի գիրք, որտեղ ռուսերեն առաջին անգամ հնարավորինս ամբողջական պատկերացում է տրվում Անրի Միշոյի ստեղծագործության մասին: Գրքում տեղ են գտել նաեւ նրա գծանկարները, ինչպես նաեւ՝ բանաստեղծությանը նվիրված մի քանի հոդվածներ:

Վերջերս, 1995 թվականին հիմնված «Ակտուալ արվեստ» մշակութային կազմակերպությունը, որի կոչումն է՝ զարգացնել հատկապես արդի արվեստի արտահայտման ոլորտը եւ մշակութային փոխառնչությունները, եւ որը հրատարակում է նաեւ «ա» հանդեսը, լույս ընծայեց Անրի Միշոյի երկլեզվյան «Պլյում» ժողովածուն` Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ եւ վերջաբանով: Ի դեպ, ասենք, որ թարգմանությունն արժանացավ օրերս Երեւանում գտնվող սփյուռքահայ գրականագետ եւ դասախոս, «Կամ» հանդեսի (որը հետագայում կներկայացնենք մեր սյունակում) խմբագիր Մարկ Նշանյանի բարձր գնահատանքին:

Շուշանիկ Թամրազյանն իր վերջաբանում գրում է` «Անրի Միշոյի իրական ճանապարհորդություններն են Լատինական Ամերիկայի եւ Ասիայի մի շարք երկրներ: Ճանապարհորդությունը` իրական եւ մտացածին, ոչ միայն Միշոյի սիրելի հերոսի` Պլյումի ամենաբնական վիճակն է. ինքը` հեղինակը ճանապարհորդությունն ապրում էր որպես ես-ի կարեւորագույն արկածներից մեկը»: Եվ քիչ առաջ ընթանալով հավելում է. «Թեեւ Միշոյի ողջ ստեղծագործության մեջ` ձայնային իր համանվագով, մարմնի եւ բառի չտարանջատվող ընկալմամբ չափազանց զգալի է թատերականը, բուն պիեսներն ընդամենը երկուսն են` «Շղթաները» եւ «Կառուցողների դրաման», որ 1938 թվականին հեղինակը զետեղում է «Պլյում» ժողովածուի մեջ»:

Ասենք նաեւ, որ «Պլյումը» «Ժամանակակից ֆրանկոֆոն գրականության հավաքածու» նոր մատենաշարի երկրորդ գիրքն է (առաջինը Ժան Ժիոնոյի ժողովածուն էր` Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, որը դեռ առիթ կունենանք ներկայացնելու):

Իսկ մինչ այդ «Ակտուալ արվեստը» հրատարակել է նաեւ երկլեզվյան` հայերեն եւ օտար լեզվով, գրական արձակ եւ չափածո ստեղծագործություններ, որոնք ոչ միայն դասական գրականության ժառանգություններ են, այլ նաեւ` ժամանակակից գործեր: Մտահղացման հեղինակն ու գեղարվեստական ձեւավորողը Մկրտիչ Մաթեւոսյանն էր, իսկ հրատարակված հեղինակների թվում են Բոդլերը, Պիկասոն, Մայսթեր Էքհարդտը, Սյորեն Կիերկեգորը, Միքելանջելոն, Պուշկինը, Մանդելշտամը եւ այլք:

Հուսով ենք, որ շատ շուտով կներկայացնենք նոր մատենաշարի նոր գրքերը: