Ընդդեմ սեւ PR-ի

18/02/2008

Երեկ Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանը կոչ է արել «դադարեցնել սեւ քարոզչությունը»: «Ոչ մի սուտ, ոչ կեղծիք, ոչ շանտաժ եւ զրպարտություն չի կարող ինձ կանգնեցնել: Սերժ Սարգսյանի հովանավորության ներքո գործող լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր, ստահոդ լուրեր, բերում-բաժանում են ժողովրդին: Նույնը սկսել է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանը իր լրատվամիջոցներով»,- հայտարարել է Բաղդասարյանը` դա բացատրելով «երկու թիմերում ստեղծված ցայտնոտային իրավիճակով»: Հայտարարելով, որ ողջ քարոզարշավի ընթացքում ինքը «ոչ մի թթու խոսք» այլ թեկնածուների նկատմամբ չի հնչեցրել` ՕԵԿ նախագահը նշել է. «Բայց դուք տեսեք, մի կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից` իշխանությունը` Սերժ Սարգսյանը, շարունակում են իրենց լրատվամիջոցների միջոցով վարկաբեկիչ, անվանարկիչ, ստոր լուրեր տարածել»: Բաղդասարյանն ասել է, որ «ցանկացած համախմբում կարող է տեղի ունենալ միայն առաջին փուլից հետո». «Ով որ կհաղթի, ով որ դուրս կգա, թող նրան էլ միավորվեն: Շանտաժով միավորման հորդորները մենք դատապարտում ենք: Կոչ ենք անում դադարեցնել սեւ քարոզչությունը»: