Մեկ փուլ

18/02/2008

ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ֆրանսպրես» գործակալությանը, որում նա կանխատեսել է, որ ինքը հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն, հարցազրույցում անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության ճամբարից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները կեղծիքների են դիմում` իր հաղթանակն ապահովելու համար, Սերժ Սարգսյանն ասել է. «Երբեւէ տեսե՞լ եք որեւէ երկիր, որտեղ ընդդիմությունն իշխանության հասցեին մեղադրանքներ չի հնչեցնում, հատկապես ընտրությունների շրջանում: Այդ մեղադրանքների 99 տոկոսն իրականության հետ կապ չունի»: Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները սպառնում են իրենց աջակիցների հետ փողոց դուրս գալ, եթե համոզվեն, որ ընտրությունները կեղծվել են, իր կողմից նշել է «Ֆրանսպրեսը», ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե ինքը չի վախենում հետընտրական անկարգություններից: «Վստահ եմ, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա: Վերջին 15 տարիներին մեր իրավապահ մարմինները ուժեղացվել են եւ կարող են իրականացնել իրենց առջեւ դրված ցանկացած առաջադրանք»: Ինչ վերաբերում է իր ծրագրերին, ապա Ս. Սարգսյանը հայտարարել է. «Նախագահ ընտրվելու դեպքում ես մտադիր եմ շարունակել Ռոբերտ Քոչարյանի ուղեգիծը: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը շատ պարզ է` տնտեսական աճը դարձնել շարունակական, դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ, բարելավել հարաբերությունները հարեւանների հետ եւ խաղաղ ճանապարհով լուծել Lեռնային Ղարաբաղի խնդիրը: Դուք այստեղ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք»,- հարցրել է նա: Խոսելով տարածաշրջանի հիմնախնդիրների մասին` վարչապետը նշել է, որ Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Նա համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիտարկմանը, թե ղարաբաղյան խնդրում շատ քիչ չլուծված հարցեր են մնացել: «Հայաստանը մնում է պատրաստակամ` Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի հարաբերություններ հաստատելու հարցում,- ասել է Ս. Սարգսյանը եւ մեղադրել Անկարային` հարցը փակուղի մտցնելու համար,- Այժմ գնդակն Անկարայի դաշտում է: Մենք պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքերն են, որ նախապայմաններ են դնում, մինչդեռ մենք չենք կարող ընդունել թուրքերի պահանջը, երբ նրանք կոչ են անում մեզ՝ միանալ իրենց` Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում»:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի