Գյումրիում այլեւս տնակ չի

18/02/2008

ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Շիրակի մարզում էր:

Գյումրու Թատերական հրապարակում տասնյակ-հազարավոր մարդիկ էին հավաքվել: «Գյումրեցիները երբեք չեն քվեարկել սուտ խոստումների, շաղակրատների եւ պատեհապաշտների օգտին: Ես չափազանց շնորհակալ եմ այս աննախադեպ բազմամարդ հանդիպման համար, ես ձեզ երախտապարտ եմ եւ շնորհակալ եմ ձեր հույսի, վստահության համար: Դա նշանակում է, որ Գյումրին կամաց-կամաց թոթափում է հոռետեսությունը, հավատում է իր ապագային, Գյումրին նախընտրում է գործը, մերժում է իր ժողովրդի համար ծանր ժամանակներում ջայլամի պես իրենց գլուխները սեփական աշխատասենյակներում թաքցրած առաջնորդներին, դա նշանակում է, որ Գյումրին վերագտնելու է իր փառքը,- դիմելով հավաքվածներին՝ ասել է Ս. Սարգսյանը: -Մենք գիտակցում ենք, որ եղել են ժամանակներ, երբ իշխանությունները Գյումրու հիմնախնդիրները մղել են երկրորդ պլան, գիտակցում ենք, որ հետերկրաշարժյան տասը տարիները խլված են մի ողջ սերնդի կյանքից: Ես խորապես համոզված եմ, որ ձեզ հետ միասին կարողանալու ենք վերադարձնել Գյումրու երբեմնի հպարտությունը, մենք ունենալու ենք Գյումրի, որը լինելու է շատ մարդկանց, քաղաքացիների համար ապրելու լավ վայր»,- ասել է նա: Ս. Սարգսյանը, դիմելով գյումրեցիներին, ասել է, որ տեսնում է, թե ինչպես է Գյումրիում պայքար ընթանում անցյալի եւ ապագայի միջեւ, ապա հիշեցրել է հայտնի ասացվածքը` «եթե մոռանում ես անցյալը, այն մեկ անգամ եւս կրկնվում է»: Նա կոչ է արել հավատալ ապագային` համատեղ ուժերով հաղթահարելու բոլոր հիմնախնդիրները: Ս. Սարգսյանը ներկայացրել է իր ծրագիրը: Նա վստահեցրել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում իր անմիջական վերահսկողությամբ ավարտին կհասցվի Գյումրու կառուցապատումը, եւ, որ այլեւս տնակ հասկացություն հանրապետության երկրորդ քաղաքում չի լինելու: «Ես ուզում եմ անցյալի ունեցած դրականն օգտագործել լավ ապագայի համար, որպեսզի մեր զարգացումը լինի շարունակական, անցյալը հետ չվերադառնա,- ասել է նախագահի թեկնածուն եւ ավելացրել,- Ես վստահ եմ ձեր լավ ապրելու ձգտման, ձեր լավատեսության հարցում, ես վստահում եմ ձեր ընտրությանը: Փետրվարի 20-ին միասին ձեռնամուխ ենք լինելու մեր ծրագրերի իրականացմանը, իսկ չորս-հինգ տարի անց կխոսենք միայն այն մասին, որ խոստացվեց եւ արվեց: Ես ինձ վրա պարտավորություն եմ վերցնում, իսկ պարտավորության կատարումը պատվի հարց է: Դուք գիտեք` ինչ է նշանակում պատիվ, գիտեք նաեւ, թե ես ինչպես եմ վերաբերվում այդ հասկացությանը»:

Ս. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ մարզի Լանջիկ, Պեմզաշեն, Ազատան, Մայիսյան, Քեթի, Փոքրաշեն, Աշոցք, Ցողամարգ, Ամասիա համայնքների ընտրողների հետ: