ՀՅԴ-ն պատրաստվում է երկրորդ փուլին

18/02/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ նախընտրական քարոզարշավը ընթանա ապաքաղաքական մթնոլորտում, լոզունգային ու միտինգների մակարդակով: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Քարոզարշավի սկզբում փորձեցինք բոլորին մղել քաղաքական, գաղափարական պայքարի: Հակառակ մեր զուսպ կեցվածքին` քարոզարշավի վերջում մթնոլորտն ամենեւին էլ քաղաքական, գաղափարական չէ: Եվ դրա ամենավառ ապացույցն այն է, որ հեռուստատեսությունը, որը մանավանդ այս ձմեռային պայմաններում մտքերի, հայացքների ու ծրագրերի բախման, տարբեր ուժեր իրար մոտ դնելու ու դրանց իսկությունը ժողովրդին ցույց տալու համար հիմնական զենքը պիտի լիներ, փակվեց քաղաքական ուժերի առջեւ: Ամբողջ քարոզարշավը հատուկ մեկ ժամի է հեռարձակվում, քաղաքական հարցազրույցները, որ ժամանակին ավելի ուշ ժամի էին տեղի ունենում, բերեցին, նորից նույն ժամի մեջ տեղավորեցին, որպեսզի առավելագույնս ժողովրդին զրկեն իրազեկությունից»,- նշեց պարոն Մարգարյանը: Ըստ նրա, հակառակ ՀՅԴ-ի զուսպ կեցվածքին եւ բոլորին քաղաքակիրթ պայքարի մղելուն, ամեն մեկը աչքակապությամբ է զբաղված, փորձում է ընդդեմի հասկացողությամբ քվեներ ապահովել` մյուսներին «բոբո» ներկայացնելով: Հ. Մարգարյանի կարծիքով` այսօրվա իրավիճակում երկրորդ փուլն անհրաժեշտ է, եւ իրենք արդեն պատրաստվում են երկրորդ փուլին: «Այսօրվա իրողությունները հուշում են երկրորդ փուլի մասին: Մենք պատրաստվում ենք երկրորդ փուլին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՅԴ-ն չի բացառում հնարավոր բախումներն ու առճակատումները. «Հոխորտանքի վրա հիմնված քաղաքականություն վարելը դարձել է չափանիշ»: Իսկ բախումներից խուսափելու տարբերակն արդար եւ ճիշտ ընտրություններն են:

Լրագրողներից մեկը նկատեց, որ այսօր անարդարության, անհանդուրժողականության մթնոլորտի դեմ խոսող ՀՅԴ-ն նույնպես ժամանակին ոմանց կախաղաններ հանելու հայտարարություններ էր անում, իր շենքի դիմաց նախագահի խրտվիլակն էր վառում եւ այլն: Ի պատասխան՝ Հ. Մարգարյանն ասաց, որ նախ` Դաշնակցությունը ծովի է նման, որն իր միջից աղբը միշտ ափ է հանում: Ու պատահում է, որ իրենց մեջ էլ լինում են մարդիկ, որ դաշնակցականի նման չեն: Իսկ նման ձեւով պայքարը ժողովրդավարության մաս է կազմում, եւ խրտվիլակ վառելն իրենց իրավունքն է: Պետք է դա հանդուրժես, եթե ժողովրդավարություն ես ուզում. «Ես հասկանում եմ, որ մարդիկ չեն կարող հանդուրժել, որ նստացույց է տեղի ունենում իրենց դիմաց: Բայց դա ժողովրդավարության հետ կապ չունի, դրա համար էլ մարդը հասնում է մի տեղ, որ ոստիկանն է փողոցում ժողովրդավարության դաս տալիս: Փոխվել է աշխարհը»: Նա ավելացրեց նաեւ, որ այսօրվա ՀՅԴ-ն տարբեր է 10 տարի առաջվա Դաշնակցությունից, բայց այն ժամանակ իրենց հասցրել են այդ վիճակին: Իրենք հանդուրժողականության կոչ էին անում (՞), իբրեւ ընդդիմություն` ուզում էին օգնել, համադրել իրենց աշխատանքը. «Նրանք էլ ասում էին` ոչ, դուք իրավունք չունեք Հայաստանում լինել: Եվ այսօրվա փաստը, երբ 10 տարի իրենք ընկած էին, չխփեցինք, խնայեցինք, ոչ մի անգամ չխոսեցինք: Հակառակը, մեր բոլոր միջոցառումներին նրանց հրավիրեցինք: Հակառակ նրան, ինչն ամենից անհավանական էր թվում, մենք ընդունեցինք, որ ինքը (Լեւոն Տեր-Պետրոսյանը.- Ն.Հ.) գա մեր գրասենյակ եւ ինչ-որ առումով զղջա իր անցյալի համար` հույս ունենալով, որ նոր ու քաղաքակիրթ սկիզբ ենք դնելու: Բայց մի քանի հազար մարդ հավաքվեց շուրջը, նորից նույն կեցվածքն ընդունեց, նորից նույն բաներն է ասում մեզ: Նորից Դրոյի մասին է խոսում, դավաճան է կոչում: Այսինքն, ինքն է պարտավորեցնում հակառակ կեցվածքը»:

Հ. Մարգարյանը երեկ երկար խոսեց Լ. Տեր-Պետրոսյանի ու նրա քարոզարշավի մասին: Իհարկե, խոսեց` առանց անունը տալու, երրորդ դեմքով, բայց անդրադարձավ անցյալում ու ներկայում ՀՀՇ-ՀՅԴ հարաբերությունների մի շարք դրսեւորումներին։ «Մեր գրասենյակում ասաց` լավ եք անում՝ թեկնածություն եք դնում, մեր ընտրազանգվածները տարբեր են: Այսօր ասում է` իշխանություններին եք ծառայում,- ասաց Հրանտ Մարգարյանը, եւ ավելացրեց,- Ինքն ու իշխանությունը նույնն են ժողովրդի համար: Տեսակով իրար նման են: Փաստը ճամբարից ճամբար փոխանակվող ուժերն են»: Հ. Մարգարյանի խոսքերով` իրենք նման իրավիճակ չէին ցանկանում` քաջ գիտակցելով, որ Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածու լինելն իրենց օգտին է, որովհետեւ առաջին նախագահն ու գործող իշխանությունը նույնն են` ընտրազանգվածի առումով. «Եվ նա տանում էր մեր մրցակցի քվեները: Մենք շահագրգռված էինք»: Դաշնակցականները ցանկացել են քաղաքակիրթ պայքարի մեջ մտնել, մինչդեռ. «Ինքը (Լ. Տեր-Պետրոսյանը.- Ն.Հ.) ասում է` Սերժը ձեր հին ընկերն է: Մեր ընկերն է, ձերը չի եղել, հա՞: Հովիվների մոտ մի խոսք կա, ասում են՝ այծի մեջքը երբ քոր է գալիս, գալիս-հետեւը քսում է չոբանի փայտին: Ի՞նչ գործ ունեք մեզ հետ: Պայքար է, թող տանի պայքարը, ինչի՞ եկավ, կպավ մեզ: Ասում էր` շատ լավ եք արել, որ թեկնածություն եք դնում, քանի որ` ով ձեզ ձայն է տալիս, ինձ ձայն չի տա: Ինքը գիտակցում է, որ մենք պարկեշտ ընտրազանգված ունենք: Իսկ այսօր նա (Լ. Տեր-Պետրոսյանը.- Ն.Հ.) ասում է` ով թեկնածություն է դրել, Սերժի համար է ծառայում: Ասում է` եթե Արթուր Բաղդասարյանն իրեն միանա, լավն է, եթե չմիանա` դավաճան է: Այսպես լինո՞ւմ է»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք իրենց չի՞ անհանգստացնում, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում նախագահական վերջին երկու ընտրություններին սատարել է Դաշնակցությունը, այսօր աջակցում է այլ թեկնածուի եւ ՀՅԴ-ի մասին ոչինչ չի ասում, Հ. Մարգարյանը պատասխանեց։ Բնականաբար, բացասաբար պատասխանեց: Բացի այդ, ըստ նրա, իրենք պայմանավորվածություն չեն ունեցել, որ Ռ. Քոչարյանն իրենց պետք է պաշտպանի. «Ռոբերտ Քոչարյանի կեցվածքն ի նպաստ Սերժ Սարգսյանի մեզ վաղուց է հայտնի եղել: Եթե մենք այնուամենայնիվ գնացել ենք համագործակցության, դա կապ չի ունեցել: Եվ, վերջապես, մեր հույսը Ռոբերտ Քոչարյանը չի, մեր հույսը ժողովուրդն է: Մենք այլ միջոցի վրա հույս չենք դրել,- ասաց նա եւ ավելացրեց,- Երեք օրերին մեր ճիգն է՝ ժողովրդին տեղեկացնենք, որ զգուշանա սխալ ընտրությունից, երկիրը չմատնեն վիճակի, որի համար հետագայում զղջանք: Զսպման կոչ ենք ուղղել բոլորին: Ժողովուրդը, հույս ունեմ, ճիշտ ընտրություն կանի եւ կընտրի Վահան Հովհաննիսյանին»: