«Ազգային հարստությունը դուրս է բերվում երկրից»

18/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի ընթացքում իր մարզային այցելությունները երեկ ավարտեց Արմավիրի մարզի Մասիս եւ Էջմիածին քաղաքներում անցկացրած բազմամարդ հանրահավաքներով:

Մասիս քաղաքում կայացած հանրահավաքին մի քանի հազար մարդ էր մասնակցում: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Մասիսի հանրահավաքի ընթացքում իր ունեցած ելույթում նշելով, որ վերջին օրերին իշխանական հեռուստաընկերություններով «հիստերիան շատացել է», որ նախագահի բոլոր թեկնածուները պայքարում են Լ. Տեր-Պետրոսյանի դեմ, փաստեց. «Բոլորը լծվել են մի խնդրի, որպեսզի կանգնեցնեն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջ գնացող, թափ հավաքող ու հաղթող շարժումը»: Այսքանից հետո էլ, ըստ նրա, երբ հերթը հասնում է Լ. Տեր-Պետրոսյանի քարոզարշավի «լուսաբանմանը», ցույց են տալիս «Շիզոլինիին, նրա կանանց», ասում են, թե Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից այսքան մարդ է ձերբակալվել, խուլիգանություն են արել, «հետո ասում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հոկտեմբերի 27» է կազմակերպել, ու այս կարգի էշություններ…»: Ա. Սարգսյանից հետո ելույթ ունեցավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս էլ կարծիք հայտնեց, որ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են, եւ Լ. Տեր-Պետրոսյանը հաղթելու է եւ հաղթելու է մեկ փուլով: Ս. Դեմիրճյանը նշեց նաեւ այն, որ առաջին նախագահը նախագահի միակ թեկնածուն է, ով իր նախընտրական ծրագրում հատուկ կարեւորել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը: Վերջում ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ներկաներին հանգստության, հանդարտության կոչ արեց, որովհետեւ, ըստ նրա, ժողովուրդն արդեն հաղթել է, եւ արդեն պետք է խոսել հաղթածի դիրքերից: Առաջարկեց այլեւս շատ չհիշատակել զանազան պաշտոնյաների մականունները, որովհետեւ «գնացողի հետեւից վատ չեն խոսում»: Առաջին նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ինքը ստույգ տեղեկություն ունի, որ դեռեւս գործող պաշտոնյաներն ու որոշ գործարարներ նախորդ մի քանի օրերին զգալի գումարներ են հանել բանկերից ու տեղափոխել արտերկիր: Ըստ նրա, սա նշանակում է երկու բան. այն, որ այդ փողերն ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել, հակառակ դեպքում դրանց տերերը վախենալու ոչինչ չունեին, եւ այն, որ այս իշխանություններն արդեն իրենք էլ են հասկացել, որ այլեւս շանս չունեն, ու սկսել են հավաքել ճամպրուկները: Սակայն, ինչպես նշեց առաջին նախագահը, սա վատ էլ է, որովհետեւ փաստորեն Հայաստանի ազգային հարստությունը դուրս է բերվում երկրից, եւ ասենք, փետրվարի 20-ին կարող է պարզվել, որ բյուջեն դատարկ է: Լ. Տեր-Պետրոսյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կոչ անելով հենց այսօրվանից ամեն օր հրապարակել Հայաստանի բանկերի՝ նախորդ օրվա մուտքերն ու ելքերը: Առաջին նախագահն իր ելույթում անդրադարձավ նաեւ «հաճախորդ» թեկնածուներից մեկին՝ Արթուր Բաղդասարյանին: Տեր-Պետրոսյանը փաստեց, որ 1998-ին Վազգեն Մանուկյանը, ով ստացել էր մոտ 13% ձայն, այդպես էլ չսատարեց ակնհայտ առաջատար Կարեն Դեմիրճյանին՝ ապահովելով Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը: Նույնկերպ 2003-ին վարվեց Արտաշես Գեղամյանը՝ չմիանալով առաջատար թեկնածու Ստեփան Դեմիրճյանին: Այժմ, ըստ առաջին նախագահի, նման դերակատարություն կարող է ստանձնել Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ եթե Ա. Բաղդասարյանը չի միանում համաժողովրդական շարժմանը, ապա նրա օգտին տրված ցանկացած ձայն գնում է Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Մհեր Սեդրակյանին, Գագիկ Բեգլարյանին… : «Ես շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում պետություն ղեկավարել, լինել նախագահ: Դրանից վեր ինստանցիա չկա, միայն Աստված, որի վրա կարող է նախագահն ապավինել: Ես երջանիկ եմ, որ իմ նախագահության օրոք ես ճակատագրական սխալներ թույլ չեմ տվել, թեեւ, իհարկե, եղել են վրիպումներ»,- երեկ ասաց նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջորդ կանգառն Էջմիածին քաղաքում էր: Այստեղ մարդիկ այնպիսի ոգեւորությամբ դիմավորեցին նրան, որ, ինչպես նկատեց նախագահի թեկնածուն, այստեղ ոչ թե իրենք են ժողովրդին ոգեւորում, այլ՝ հակառակը: Էջմիածնում Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորեցին զուռնա-դհոլով, երգ ու պարով: Նրա պատվին գառ մորթեցին: Քաղաքի հրապարակը լեփ-լեցուն էր: Ելույթ ունեցողները նշեցին, որ Երեւանի հանրահավաքներից հետո սա իրենց տեսած ամենամեծ հանրահավաքն է: Բանախոսների ելույթները հաճախակի ընդհատվում էին «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով: Ելույթների բովանդակությունը շատ չէր տարբերվում նախորդ հանրահավաքի ելութներից: Էջմիածինն առաջին նախագահի մարզային նախատեսված վերջին կանգառն էր քարոզարշավի ընթացքում: Սակայն Երեւանի ճանապարհին Զվարթնոց եւ Մուսալեռ գյուղերի մոտ բնակիչները փակեցին նրան ուղեկցող ավտոշարասյան ճանապարհն ու նրա պատվին գառ մորթեցին: Բոլոր հանդիպումների ընթացքում մարդկանց տեղեկացվում էր նաեւ այսօր Երեւանում կայանալիք մեծ հանրահավաքի մասին: Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանի մարզային երեկվա շրջայցը լուսաբանելու նպատակով ժամանել էին օտարերկրյա լրատվամիջոցների բազմաթիվ լրագրողներ՝ Ռուսաստանից, Վրաստանից եւ այլ երկրներից: Ներկա էր նաեւ Associated Press լրատվական գործակալության ներկայացուցիչը: