ՀՀ նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ժողովրդին կոչ են արել փետրվարի 19-ին ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին: «Եթե մարդիկ ակտիվորեն մասնակցեն, եւ իշխանություններն էլ վճռական կամք դրսեւորեն, ապա արդյունքում կունենանք արդար, լավ ընտրություններ»,- ասել է Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը: Նա կոչ է արել նաեւ հանձնաժողովի անդամներին՝ զերծ մնալ կեղծարարություններից եւ կաշառք չընդունել` կասկածի տակ դնելով երկրի ապագան: Նախագահական ընտրություններին, Ա. Ավոյանի խոսքով, պայքարելու են ընտրակեղծիքների դեմ եւ հետեւողական են լինելու, որ մեղավորները պատժվեն: Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի կարծիքով` պետք է պայքարել ոչ թե հետեւանքների, այլ հիմնապատճառների դեմ. «Գտնում ենք, որ դեռեւս պետք է համակարգային բարեփոխումներ կատարվեն: Եվ այդ ուղղությամբ լուրջ անելիքներ կան բոլոր քաղաքական ուժերի համար»:
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի համոզմամբ` այս քարոզարշավն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ, չնայած թեկնածուների համար ստեղծված հավասար պայմաններին` առկա է անհանդուրժողականության մթնոլորտ: «Փետրվարի 19-ով չի վերջանում կյանքը: Մենք բոլորս պետք է շարունակենք ապրել այս երկրում եւ աշխատել միասին մեր պետության համար»,- ավելացրել է Ս. Նիկոյանը: Նա հիշեցրել է, որ քարոզարշավի ընթացքում որոշ թեկնածուներ զերծ չեն մնացել քարկոծելուց, որը սկզբում ընդդիմություն-իշխանություն դաշտում էր, վերջերս նաեւ` ընդդիմության ներկայացուցիչների միջեւ է: Որոշ ուժեր, Ս. Նիկոյանի դիտարկմամբ, սպասում են ոչ թե փետրվարի 19-ին, այլ հետընտրական գործընթացներին: Նման սցենարով գործելը ճիշտ չի համարում Ս. Նիկոյանը, նշելով, որ գործող իշխանությունները պատրաստ են կասեցնել ցանկացած գործողություն, որը երկրում անկայունություն կստեղծի։ «Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերներին: Մեր թեկնածուն ունի բոլոր հնարավորություններն առաջին փուլում հաղթելու համար,- ասել է Ս. Նիկոյանը` բոլոր թեկնածուներին կոչ անելով ձեւավորել մի մշակույթ, ըստ որի, նրանք պատրաստ կլինեն հաղթող նախագահին շնորհավորել,- Լավ ընտրություններ անցկացնելը միայն իշխանությունների խնդիրը չէ, պետք է վճռական կամք դրսեւորեն նաեւ բոլոր քաղաքական ուժերը»: Ի տարբերություն Ս. Նիկոյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նկատել է, որ թեկնածուների համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծված չեն: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ միայն օրենքի սահմաններում: Թող ժողովուրդը գիտակցի, որ մենք տեր ենք լինելու մեր թեկնածուին տրված յուրաքանչյուր ձայնին»: