Ընտրեք ինքներդ ձեզ

18/02/2008

Երեկ երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր կուսակիցներին, աջակիցներին եւ համախոհներին հրավիրել էր համաժողովի:

Նրանք երեկ ամփոփեցին, իրենց խոսքերով, առաջին փուլի ընտրարշավը եւ բոլորին հաղթանակ մաղթեցին: Ելույթները բավական կարճ էին: Արշակ Սադոյանը կրակոտ ելույթ ունեցավ եւ ներկաներին կոչ արեց այս 2-3 օրերին զանգել իրենց բոլոր ծանոթներին ու ասել` «Վազգենը հաղթելու է»: «Ազգային միասնության ուխտ» կուսակցության նախագահ Ռաֆիկ Համբարձումյանն իր ելույթում ասաց, որ երկու գերտերություններն իրենց թեկնածուներին են առաջ մղում, սակայն ժողովուրդը առաջ կմղի իր թեկնածուին՝ Վ. Մանուկյանին: Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ փետրվարի 19-ը կարեւոր օր է, բայց 20-ն ավելի կարեւոր է, որովհետեւ իրենք 6 կուսակցություններով մի նոր շարժման սկիզբ են դնելու: Ելույթ ունեցավ նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը եւ հայտարարեց, թե ընտրություններին հաջորդող 2-3 օրերին ամրապնդելու են Վ. Մանուկյանի հաղթանակը, իսկ մյուս՝ չորրորդ եւ հինգերորդ օրերին տոնելու են: Մի փոքր երկար էր Վ. Մանուկյանի ելույթը: «Ցանկացած ժամանակ ժողովրդի ուղեղներում մենք հաղթել ենք, բայց քվեատուփում պարտվել ենք: Հիմա Հայաստանում հիստերիայի մթնոլորտ է տիրում, դա արհեստականորեն է մտցվել, եւ դրա արդյունքում խուճապ է ստեղծվել: Բոլոր ընտրությունների ժամանակ էլ արհեստականորեն անբնական մթնոլորտ են ստեղծել Հայաստանում: Կոչ եմ անում ձեզ դուրս գալ այդ խուճապից, որ հետո ինքներդ ձեզանից չամաչեք: Մենք չպետք է թույլ տանք, որ պատահական մարդիկ երկրի ղեկը վերցնեն իրենց ձեռքը: Իսկ ինչո՞վ պետք է առաջնորդվեք այս ընտրություններին, երբ կան 9 թեկնածուներ: Նայիր նրանց եւ տես, թե քո կերպարը որի հետ է համընկնում: Քվեարկիր քո համար, քո տեսակի համար, եւ դու հաղթած կլինես բոլոր դեպքերում: Հաղթած կլինի նաեւ պետությունը, հաղթած կլինենք նաեւ մենք»,- ասաց Վ. Մանուկյանը: Ի դեպ, Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Վ. Մանուկյանի երեկվա նախընտրական գովազդային տեսահոլովակը բավականին երկար էր: Նախորդ օրերին այն աչքի էր ընկնում իր կարճությամբ: Թեկնածուն օգտագործում էր միայն անվճար եթերաժամը: Ի տարբերություն մի քանի այլ թեկնածուների տեսահոլովակների, Վ. Մանուկյանի տեսահոլովակն անընդհատ կրկնվում էր եւ փոփոխության չէր ենթարկվում: Երեկվա տեսահոլովակը, սակայն, նոր ու երկար էր: Թեկնածուի շտաբից տեղեկացրին, որ այս անգամ նույնիսկ 2 րոպե եթերաժամանակ են գնել: Ավելացած րոպեները պարոն Մանուկյանն օգտագործել էր 1996թ. ընտրությունների ընտրակեղծիքների մասին հիշեցնելու համար: