Պատերազմի էջերը

13/05/2005

Ապրիլի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահում բացվեց Մեծ Հայրենական
պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված «Մարդիկ, ովքեր հաղթահարեցին
պատերազմը» խորագիր ունեցող լուսանկարների ցուցահանդես: Ֆոտոհավաքածուն
ռուսական «Ռիա «Նովոստի»-ի արխիվից է եւ ներկայացնում է վավերագրական
լուսանկարներ, որոնք արված են ռազմաճակատում, թիկունքում: Ցուցահանդեսի
կազմակերպիչներն են Հայաստանում ՌԴ դեսպանությունը եւ Ռուս-հայկական
սլավոնական համալսարանը: Ռուսական կինոյի հետ ծանոթանալ ցանկացողները
«Մոսկվա» կինոթատրոնում կարող են դիտել նաեւ այս ցուցահանդեսը:
Ցուցադրությունը թեեւ շատ փոքրածավալ ու համեստ է, սակայն կազմակերպիչների
կարծիքով՝ շատ բան է տալիս հայ մարդկանց, մանավանդ՝ երիտասարդներին՝
հիշեցնելով պատերազմի տխուր ու սարսափելի էջերը: Սլավոնական համալսարանի
ռեկտոր Արմեն Դարբինյանը զուգահեռներ անցկացրեց պատերազմի տարիների եւ
այսօրվա մեր ժամանակի հետ, ասելով, որ այսօր մենք պետք է հիշենք
Հայրենական պատերազմում հաղթանակած դուրս գալու գլխավոր նախապայմանը՝
համախմբվածությունը: «Այդ պատերազմի հաղթողը ոչ թե կառավարությունն էր կամ
կուսակցությունը, ոչ էլ կոալիցիան, այլ ամբողջ ժողովուրդը: 100.000 զոհված
հայ զինվորները ողջ Սովետական Միության մասն էին»,- ասաց նա: