Վերջին տարիներին մեր իրականություն ներթափանցեց PR հասկացությունը։ Թարգմանաբար դա նշանակում է Public Relations (հասարակայնության հետ կապեր), սակայն լայն հասկացություն է եւ իր մեջ ներառում է նաեւ նախընտրական տեխնոլոգիաները։
Մեզանում ավելի հաճախ օգտագործվում է սեւ PR կոչվածը՝ երբ այն ուղղված է ինչ-որ մեկի դեմ։ Եթե հիշում եք, 2003-ին սեւ PR-ից (մասնավորապես Հ1-ի եւ մյուս հեռուստաալիքների կողմից արվող) ամենից շատ դժգոհում էր Արտաշես Գեղամյանը։ Նա ամեն առիթով դժգոհում էր, որ իրեն եթեր չեն տալիս, իսկ եթեր տրամադրելիս էլ՝ չեն թողնում խոսի, խոսելիս էլ՝ պատվիրած հարցեր են տալիս եւ չեն թողնում միտքն ավարտի։ Այսօր Ա. Գեղամյանը կարծես նման խնդիր չունի, միշտ էկրանին է, ասում է՝ նորմալ են լուսաբանում, դեռ «Կենտրոն» հ/ը մեկնաբան Պետրոս Ղազարյանին էլ շնորհակալություն է հայտնում հարցազրույցը լավ վարելու համար։ Արդյո՞ք նշանակում է, որ մեզ մոտ PR-ի առումով ամեն ինչ լավ է։ «Լավ» կամ «վատ» ասելն անշնորհակալ գործ է։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ անհասկանալի է։
Օրինակ, Արտաշես Գեղամյանը ամեն հարմար առիթի դեպքում հիշատակում է իր «Արարման ծրագիրը», որտեղ, իր խոսքերով, անխնա քննադատության է ենթարկում ներկաներին։ Սակայն, արի ու տես, որ հարցազրույցների, ելույթների ժամանակ հիշում է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Սկսենք նրանից, որ գրեթե բոլոր ալիքներով քննադատության թիրախն ուղղվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին. ասում են՝ նա հիմնականում զբաղվում է Սերժ Սարգսյանի դեմ սեւ PR-ով, չարությամբ, ատելությամբ է լցված եւ այլն։ Դա տեղ է գտել նաեւ դիտորդական խմբի զեկույցում։ Սակայն ոչ ոք չի կարող ասել, որ սեւ PR-ն անընդունելի բան է։ Այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվում, ինչպես է «մարսվում»։
Ինքս PR-ի մասնագետ չեմ, բայց, կարծում եմ, դա չի խանգարի որոշ դատողություններ անել քարոզարշավի մասին։ Կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը արդյունավետ գործեց` այս ընթացքում օգտագործելով «Արգելված պտուղը քաղցր է» ճշմարտությունը։ Համոզված եմ, եթե ՀՀ նախագահի այդ թեկնածուի նկատմամբ մեր հեռուստաալիքներն ավելի լոյալ գտնվեին, նորմալ ցույց տային նրա միտինգները՝ առանց աղավաղելու եւ կրճատելու, դրանից ինտրիգը կթուլանար եւ առաջին հերթին կշահեր Սերժ Սարգսյանը։ Սակայն Սերժ Սարգսյանի PR-ով զբաղվողները կարծես թե այդ (եւ ոչ միայն այդ) հանգամանքն աչքաթող են արել։
Նախ՝ չգիտենք, ում գաղափարն է եղել ամբողջ քաղաքը վահանակներով զարդարելը։ Ի՞նչ օգուտ է տալիս դա թեկնածուին։ Հաստատ՝ ոչ մի։ Ճանաչելիության խնդիր նա չունի, շարժման տարիներից քաղաքականության մեջ է եւ միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ։ Բոլորը ծանոթ են նրա գործունեությանը: Եթե, օրինակ, թեկնածուներից Արման Մելիքյանը կամ Արամ Հարությունյանն անեին՝ կհասկանայինք, այդ մարդկանց ոչ ոք չի ճանաչում։
Էքսպրոմտ մի քանի խոսք ասենք պրն Հարությունյանի մասին, նոր անցնենք առաջ։ Անկեղծ ասած, քաղաքական անցուդարձից անտեղյակ ընտրողը երբեք չի հասկանա, թե նա ինչո՞ւ է մտել ընտրապայքարի մեջ։ 2 օր առաջ ես ինձ մեծ չարչարանք պատճառելով՝ մինչեւ վերջ լսեցի նրան՝ քարոզարշավի ժամին։ Ոչ մի խոսք՝ իր մասին, ոչ մի խոսք՝ իր ծրագրի մասին։ Միայն խոսում է թեկնածուներից մեկի «հրեշավոր» անցյալի եւ ավելի հրեշավոր ծրագրի մասին։
Արման Մելիքյանը կարծես թե լուծում է իր ճանաչելիության խնդիրը։ Նրա գործելաոճը ճիշտ է. դեռեւս 2 ամիս առաջ այս մարդուն ոչ ոք Հայաստանում չէր ճանաչում։ Այսօր ճանաչում են, ինչը քաղաքականություն մտնելու համար շատ կարեւոր գործոն է։ Ընդ որում, Ա. Մելիքյանին հաջողվում է ամենակարեւորը՝ ճանաչվել եւ չփչանալ. նա դուրս չի գալիս կոռեկտության սահմաններից եւ թշնամիներ ձեռք չի բերում, ինչը չես ասի Ա. Հարությունյանի եւ նրա տեսահոլովակի մասին՝ ադրբեջանական դրոշ, հացի հերթեր եւ այլն։
Հացի հերթերն ու վառարանները՝ ասել է թե՝ «մութ եւ ցուրտ տարիներ» կատեգորիան կարմիր թելի նման անցնում է նաեւ Տիգրան Կարապետյանի քարոզարշավային հոլովակներով։ Մի՛ ընտրեք անցյալը, ընտրեք ապագան։ Սխալն այստեղ այն է, որ ժողովրդի մի ստվար հատվածի մոտ հարց է առաջանում՝ Տիգրան Կարապետովիչ, իսկ Դուք այդ տարիներին որտե՞ղ էիք։ Սակայն Տ. Կարապետյանի հաղթաթուղթն այն է, որ նա երբեք չի թաքցնում` քարոզարշավի ընթացքում որքա՞ն է ծախսել, եւ որտեղի՞ց են այդ գումարները։ Այս առումով Տ. Կարապետյանը մյուս բոլորից մի քանի անգամ ավելի ազնիվ է։
Բավական լավ է կազմակերպված նաեւ Վահան Հովհաննիսյանի քարոզարշավը։ Մանավանդ երաժշտական ձեւավորման մասով՝ ՀՅԴ-ն շատ հաջող PR է անում՝ առանց մեր էստրադայի «աստղերի»։ Անկախ նրանից՝ որ թեկնածուին են ընտրում, մարդիկ տհաճությամբ չեն նայում նրանց տեսահոլովակները։ Դա կարելի է նմանեցնել գովազդի հետ. ոչ ոք գովազդ չի սիրում, բայց դրանց մեջ էլ կան լավ եւ վատ օրինակներ։ Ճիշտ է, Վ. Հովհաննիսյանն էլ փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, եւ քիչ է մնում մոռանաս, որ նրանք այսքան տարիներ իշխանության մաս են կազմել, սակայն կոռեկտության սահմանները նրանք չեն անցնում։ «Երկիր-մեդիայի» վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ շատ ավելի զուսպ եւ հավասարակշռված է, քան մյուս հեռուստաալիքներինը։ Ոչ միանշանակ է ընդունվում միայն «Ես Վահանի հետ եմ» արտահայտությունը, որի շուրջ արդեն անեկդոտներ են շրջում։ Արթուր Բաղդասարյանը նույնպես լավ է նախապատրաստվել։ Եթե ուշադրություն դարձնեք, վահանակների թվով Արթուր Բաղդասարյանը երկրորդ տեղում է։
Կրկին վերադառնանք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին։ Իմ կարծիքով, այս 10 տարիների ընթացքում Հայաստանում դրական տեղաշարժեր եղել են՝ մանավանդ տնտեսության մեջ։ Նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել եւ բոլոր բնագավառներում լուրջ գործունեություն է ծավալել: Մեծ է նրա դերը մասնավորապես բանակի կայացման գործում: Նա մշտապես արձագանքել է մարդկանց խնդիրներին եւ ընթացք է տվել դրանց: Մշտապես աջակցել է մշակույթին: Եվ նա հատկապես վերջին 10 տարիների ընթացքում եղել է հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Ցանկության դեպքում կարելի էր շատ լավ քարոզարշավ անել` վեր հանելով ու ցուցադրելով նրա կատարած գործերը։ Վահանակներից, ինչպես ասացինք, օգուտ չկա։ Իսկ վնա՞ս։ Բացի այն, որ վահանակի վրա, ոչ միայն իմ, այլ, շատերի կարծիքով, շատ անհաջող նկար է ընտրված, հայտնի բան է՝ որ մի բանի շատ կրկնվելը հոգնեցնում է եւ սկսում վանել։ Պաստառները փակցնում են որտեղ պատահի՝ սգո արարողությունների խանութի ապակիներից՝ մինչեւ ռեստորանների առանձնասենյակների պատերը։ Ինչ վերաբերում է մեքենաների դրոշներին, դժվար է ասել, դա ո՞ւմ մտահղացումն է։ Սկզբում կպցնում էին մեկ դրոշ, հետո՝ երկու, իսկ երեկ հանդիպում էին անգամ 4 դրոշներով «զարդարված» մեքենաներ։ Դա այնքան էլ վատ չէր նայվի, եթե «Առաջ, Հայաստան» կարգախոսը գոնե փոքր-ինչ համապատասխաներ այդ դրոշներով մեքենաների վարորդների մեծ մասի վարքագծին։ Ինչպես ասում են՝ նախընտրական շրջանում երթեւեկության կանոնները չեն սառեցվում, հետո՞ ինչ, որ դրոշակ ունեք։ Հեռուստատեսության մասին էլ չասենք։ Բանը հասել է այնտեղ, որ սկսել են սերիալների մեջ էլ գովազդել։ Օրինակ, «Վերվարածների» մեջ ինչ-որ մի սփյուռքահայ ասում է՝ 15 տարի առաջ շատ վատ էր, հիմա շատ լավ է, շենքեր են սարքում, լուսավոր է։ Ասում է ու ավելացնում՝ «ինչպես ասում են` Հայաստան, առաջ»։
Մտածող մարդկանց մոտ այս ամենը հակառակ էֆեկտ է տալիս, քանի որ մտածում են՝ իրենց ուղեղներն ուզում են լվանալ։ Ամեն ինչ արվում է շատ կոշտ, պրիմիտիվ եղանակով։ Չենք կարծում, որ Ս. Սարգսյանն ինքը գոհ է այս ամենից. յուրաքանչյուր ղեկավար էլ ցանկանում է սիրված լինել ժողովրդի կողմից։ Սակայն իրականությունն այն է, որ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը (ոչ միայն Հայաստանում) իրականությունից կտրված են, գիտեն այնքան, որքան իրենց մատուցում են ենթակաները։
Մեկ անգամ եւս շեշտենք՝ այստեղ խոսքը չի վերաբերում թեկնածուների՝ լավ կամ վատ, ազնիվ կամ չազնիվ, ընդդիմադիր կամ չընդդիմադիր լինելուն։ Խոսքը վերաբերում է միայն քարոզարշավային հնարքներին, կամ, ինչպես ասում են, «PR» տեխնոլոգիաներին։