Ժամկետը երկարաձգվեց

18/02/2008

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ երկարացրել է բջջային կապի կանխավճարային քարտերի պայմանագրերի կնքումը եւ վերջնաժամկետ է սահմանել 2008թ. հունիսի 1-ը: Մինչ այդ, պայմանագրերի ձեւակերպման վերջին ժամկետը մարտի 1-ն էր: ՀԾԿՀ-ի տվյալներով՝ Հայաստանի բջջային կապի 2 օպերատորների՝ «ԱրմենՏելի» եւ «Վիվա Սելի» կանխավճարային քարտեր ունեցող բաժանորդների 55-60 տոկոսը դեռ չի հասցրել պայմանագիր կնքել: Հիշեցնենք, որ հանձնաժողովի 2007թ. մարտի 30-ի որոշման համաձայն՝ պայմանագրով պետք է վաճառվեին նաեւ կանխավճարային՝ «իզի» եւ «ալո» քարտերը: Իսկ նախկինում ձեռք բերված քարտերի համար պետք է մինչեւ 2007թ. նոյեմբերի 1-ը պայմանագիր կնքվեր: Սակայն բջջային երկու օպերատորները չէին հասցրել իրենց բոլոր բաժանորդների հետ պայմանագիր կնքել, եւ այդ ժամկետը երկարացվեց մինչեւ 2008թ. մարտի 1-ը: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի ասելով՝ այս ժամկետը բավարար է, որ օպերատորները հասցնեն բաժանորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացն ավարտին հասցնել: Պարոն Նազարյանը նաեւ ասաց, որ «ԱրմենՏելն» ու «Վիվա Սելը» նախկինում բավարար չափով ջանք ու եռանդ չեն գործադրել այն ավարտին հասցնելու համար: ՀԾԿՀ նախագահը կապի երկու օպերատորներին զգուշացրեց, որ այս անգամ ժամկետի երկարաձգումը լինելու է վերջինը: Ռ. Նազարյանն այդպես ասաց նաեւ նախորդ անգամ: