Անկում

18/02/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ահավոր ապատիա ու անորոշություն: Ահա այն զգացումները, որով շատ ու շատ մարդիկ փետրվարի 19-ին կգնան ընտրությունների: Այն հակաքարոզչությունը, որ թեկնածուները կիրառեցին միմյանց դեմ, այն որակումները, որոնք, որպես դեսերտ, պահվել էին վերջին օրվա համար, այն տեղեկությունները, այն կոմպրոմատները, որոնք ունեն միմյանց մասին թեկնածուներն ու որոնք ռեբուսներով ներկայացնում են ընտրողներին, անգամ ամենաակտիվ քաղաքացիներին ստիպում են կասկածի տակ դնել ընտրություններին առհասարակ մասնակցելու իմաստը: «Եթե չգնամ ընտրությունների, ձայնս կկեղծեն: Լա՛վ, գնամ, բայց ո՞ւմ ընտրեմ»: Ընտրություններից մեկ-երկու օր առաջ իրենց այս հարցը տալիս են շատ-շատերը: Ինը թեկնածուների անունների ցանկում չկա այն թեկնածուն, որի անունն է «Դեմ եմ բոլորին»: Իսկ այս թեկնածուն առաջատարներից մեկն էր լինելու, եւ այն տոկոսները, որոնք ստանալու էր նա, այլեւս կբաշխվեն վերջին տեղի հավակնորդ երկու-երեք թեկնածուների միջեւ` նրանց բարոյական հնարավորություն տալով առաջադրվել նաեւ հինգ տարի անց:

Չի կարելի ժխտել, որ ընտրողների զգալի մասն արդեն կողմնորոշվել է եւ պատրաստվում է գիտակցաբար եւ խանդավառությամբ «այո» ասել Արթուր Բաղդասարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վահան Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին եւ անգամ մյուսներին: Հասկանալի է, որ ընտրողների մեծ քանակ իրենց ձայնն են բաշխելու Սերժ Սարգսյանին: Սակայն քարոզարշավի որակն ու թեկնածուների` միմյանց հասցեին հնչեցրած որակումները շատերին, իրոք, անասելի դժվար վիճակում են գցել: Ընտրողներն իշխանություններից մեծ ակնկալիքներ երբեւէ չեն ունեցել. 1996-ից այս կողմ մեթոդները նույնն են` վարչական լծակներ, ընտրակաշառք, ձայների կեղծում: Ակնկալիքներն, ինչպես միշտ, ընդդիմության դաշտից էին:

Ընտրությունների հենց սկզբից թեկնածուները խոստացան գաղափարական պայքար: Դաշնակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին հրապարակավ խոստացավ սեւ քարոզչություն չկիրառել նրա դեմ, Արտաշես Գեղամյանը սկզբում խոստացավ անգամ միավորվել Տեր-Պետրոսյանի հետ, հետո արեց՝ ինչպես միշտ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հերթին առաջին հանրահավաքներից մեկում նշեց, որ իր պայքարը միայն եւ միայն Սերժ Սարգսյանի դեմ է, եւ, որ ինքը ոչ մի պայմանով եւ որեւէ ձեւով չի պատասխանելու մյուս թեկնածուների` իր դեմ հնչեցրած մեղադրանքներին: Ընդդիմության միավորմանը եւ, մասնավորապես, վերջին շրջանում խոստացվող Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միավորմանը ենթագիտակցաբար սպասում էին անգամ նրանք, ովքեր հաստատ այս երկու թեկնածուների երկրպագուներից չեն, սակայն դեմ էլ չեն լինի իշխանափոխությանը` անկախ եկողի ով լինելուց: Այդ միավորմանը սպասում էին նաեւ Տեր-Պետրոսյանի ճամբարում: Սակայն այն, ենթադրում ենք, այլեւս տեղի չի ունենա, քանի որ, ըստ մամուլում հայտնված մի հրապարակման, Արթուր Բաղդասարյանը որոշակի պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ, եւ, բացի դա, հերթական անգամ հրապարակ հանվեց մի ռեբուս` համաձայն որի` այս թեկնածուն ունի տարօրինակ հակումներ, որոնք արձանագրված են համապատասխան ծառայությունների կողմից: Եթե տեղեկատվությունը, թե Արթուր Բաղդասարյանը երկակի խաղ է խաղում, ստուգված ու փաստարկված է, դա բավական էր եւ ամենեւին պարտադիր չէր հաջորդ` իբր ականջին շշուկով ասված տեղեկատվությունը: Եթե Արթուր Բաղդասարյանի հակումներն այնքան տարօրինակ են, որ դրանց մասին տպագրվում է` խախտելով մարդկային եւ բարոյական պարզ էթիկան, այդ դեպքում ինչո՞ւ էր ակնկալվում միավորումը նման մարդու հետ: Եվ ինչո՞ւ է նրա տարօրինակ հակումների մասին հրապարակվում այն ժամանակ միայն, երբ պարզվել է, որ նա որոշակի գործարքի մեջ է մտել Ս. Սարգսյանի հետ:

Կարծել, թե նախագահի թեկնածուներն ուսումնասիրել են միմյանց քաղաքական, տնտեսական ծրագրերն ու լուրջ տարաձայնություններ ունեն` դրանք կյանքի կոչելու հարցում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ունեն գաղափարապես անհամատեղելի հայացքներ, միամտություն է: Պարզվում է, թեկնածուների մեծ մասը ժամանակին ու այսօր էլ հետաքրքրվում են միմյանց հիմնականում բարոյական նկարագրով, որը, հասկանալի է, անբիծ չէ: Թեկնածուները միմյանց մասին ունեն այն կարգի ինֆորմացիա, որը մտապահելն անգամ անպատվաբեր է: Բոլորը գիտեն` այսինչ թեկնածուն անառակ կյանք է վարել, եւ բազում կանայք են եղել նրա կյանքում, այսինչն ունի տարօրինակ հակումներ, մյուսի կնոջ վարքն անբասիր չէ, չորրորդը վերջացած ալկոհոլիկ ու նյութապաշտ է, մյուսը պատրաստ է առանց աչքը թարթելու խաղատանը տանուլ տալ անգամ հայրենիքը, եւ այլն, եւ այլն: Ճանապարհը, որով պայքար է գնում անարդարության, ավազակապետության դեմ, ենթադրում է այլ, ավելի բարձր մեթոդներ, որոնք վեր են միմյանց տարօրինակ հակումներով հետաքրքրվելու, դրանք մտապահելու եւ հարմար պահին հրապարակելու գայթակղությունից: Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությամբ զբաղվող մասնագետներից մեկն ասաց, թե պետության ղեկավարի դեպքում ամենեւին էական չեն մարդկային բարձր որակները, որ երկրի ղեկավարի համար սա չէ առաջնային պայմանը, որ այդպիսին են ժանրի կանոնները: Գուցե թե: Սակայն շարքային ընտրողներս գիտենք, կարելի է ասել` անգամ վստահ ենք, որ հասարակության արժեքային համակարգն, ի վերջո, ձեւավորում է երկրի վերնախավը, եւ անչափ կարեւոր է, թե բարոյական ինչ նկարագիր ու մարդկային ինչ հատկանիշներ ունի երկրի ղեկավարը:

Իշխանական թեւի թեկնածուից ու նրա թիմից ընտրողը երբեք չի ակնկալել ազնվություն եւ մարդկային բարձր որակներ: Եվ հիասթափություն, թե իշխանություններն ավելի վատն են, քան պատկերացնում էինք, չկա: Ամեն բան սպասվածի պես է: Սակայն անսպասելի էր այն, ինչ կատարվեց ընդդիմության դաշտում: Ընդդիմության էներգիան ուղղվեց միմյանց բարոյապես ոչնչացնելու վրա: Ընդ որում, դա արվեց գիտակցված սառնասրտությամբ: Եվ ընտրողների մի մեծ խումբ, որը սպասում ու ցանկանում էր իր ձայնը վստահությամբ ու հավատով տալ որեւէ գործչի, մնաց օդից կախված վիճակում: Իսկ օդից երկար կախվել, ինչպես հայտնի է, հնարավոր չէ: Որոշ ժամանակ անց վրա է հասնում անկումը: