Ընտրապայքարի ամփոփում

18/02/2008 Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ

Հիասթափված եմ, որ առաջին նախագահի ակտիվ քաղաքականություն՝ այդքան սպասված վերադարձից հետո, փոխանակ մտավորականին վայել կեցվածքով մի այնպիսի բարձր մակարդակի քարոզարշավ իրականացներ` օրինակ ծառայելով մյուսներին, դրանով իսկ դառնալով մրցակիցների համար անհասանելի, նա այնքան իջեցրեց ընտրապայքարի նշաձողը, որ միայն այդ կերպ դարձավ անհասանելի:

Ցավում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու նրա հարգարժան ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ապագային միտված իրենց ծրագրերն այս փուլում կապեցին Տեր-Պետրոսյանի հետ: Կուսակցությունն այլեւս պետք է ստիպված լինի իր հեղինակությունը վտանգելու գնով պատասխանատվություն կրել առաջին նախագահի այս անգաղափար ծրագրերի ձախողման հարցում: Ավելին, Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվելիք անընդունելի ու ամոթալի հետընտրական զարգացումների բեռի կրողը ԱԺ-ում ակամայից դառնալու է «Ժառանգությունը»` հանդես գալով որպես անցյալի մարմնավորող, նախկինների գործողություններն արդարացնող ու դրանով իսկ` արդարացող:

Կարեւորում եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը բավարար վճռականություն ու շրջահայացություն հանդես բերեց` շարունակելով ընտրապայքարը սեփական թեկնածուով: Այսկերպ լուրջ նախադրյալ ստեղծվեց, որ ոչ միայն ԱԺ-ում, այլեւ ակտիվ քաղաքական կյանքում ունենանք եւս մեկ կայացած քաղաքական ուժ, իր թեպետ երիտասարդ, բայց արդեն խոստումնալից քաղաքական կենսագրություն ունեցող լիդերով: Հետընտրական զարգացումները կարող են հանգեցնել հասարակության մեջ արժեհամակարգային ու գաղափարական հստակ կողմնորոշմամբ հայտնի այս կուսակցության առանցքային դերակատարություն ստանձնելուն:

Դրական եմ գնահատում, որ ՀՅԴ-ն իրականացրեց բավական հաջող, թափանցիկ ու ընտրողի համար ընկալելի քարոզարշավ, դրանով իսկ ոչ միայն ավելացնելով իր համախոհների թիվը, այլեւ նպաստելով հասարակության շրջանում իրենց նկատմամբ վստահության մթնոլորտի էականորեն բարելավմանը: Ավելին, սա լուրջ հարված էր զգուշավորությանն ու կասկածամտությանը, նրանց` ովքեր շարունակաբար ՀՅԴ-ն ընկալում էին որպես փակ ու մի տեսակ խորհրդավոր կառույց: Եվ ԱԺ-ում ներկայացված այս կուսակցությունը հնարավորություն ստացավ, անկախ առաջիկա ընտրությունների արդյունքներից, հավակնելու սոցիալիստների դաշտում ծանրակշիռ դերակատարություն ստանձնելուն:

Հուսով եմ, որ նախագահական ընտրությունների արդյունքների հարցում իմ ամիսներ առաջ արած կանխատեսման մեջ սխալված չեմ լինի, այն է` 1. Սերժ Սարգսյան, 2. Արթուր Բաղդասարյան, 3. Վահան Հովհաննիսյան, 4. Լեւոն Տեր-Պետրոսյան:

Համոզված եմ, որ տեւական ժամանակ «Այսինչ, հեռացի՛ր» անհեռանկար կարգախոսը որպես քաղաքական ծրագիր ու նպատակ ներկայացնող գործիչները, այս ընտրություններից հետո վերջնականապես կկորցնեն քաղաքական հետագա գործընթացների վրա որեւէ էական ազդեցություն ունենալու իրենց երբեմնի հնարավորությունը: Այո՛, հենց այս ընտրությունները կդառնան այդ ճամփաբաժանը, որ արդեն փետրվարի 20-ից սկսած կարելի կլինի ձեռնամուխ լինել մեր երկրում գաղափարական ու արժեհամակարգային հենքի վրա կուսակցությունների համախմբմանը: Վերջապես հնարավորություն կստեղծվի, որ ոչ թե ծայրահեղ սոցիալիստներից մինչեւ ծայրահեղ աջերը համախմբվեն ընդդեմ ինչ-որ մեկի, այլ գաղափարակիրները համախմբվեն հանուն իրենց ծրագրերը կյանքի կոչված տեսնելու, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության թեկնածուի կողքին, ով՝ ընդդիմության, իսկ ով է պահպանել չեզոքություն:

Կոչ եմ անում. քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այլ ոչ թե անքթածակ զոռբաների համքարություն, ուստի սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր ապագան վստահեք այն ուժին, ով հավատ է ներշնչում իր ներկայով ու անցած ճանապարհով: