Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ սենսացիոն մի որոշում է կայացրել: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը թույլատրել է թողարկել 95 մլրդ 503 մլն դրամ արժեքով 19 մլն սովորական անվանական բաժնետոմսեր եւ դրանք վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը:
Տեղեկացնենք, որ ընկերությունը մի անգամ էլ 2006թ. է թողարկել 11 մլն 180 հազար բաժնետոմսեր, սակայն «Գազպրոմը» դրանցից 2,8 միլիոնի արժեքը չի մարել: Այն պետք է մարի 2008թ. թողարկած բաժնետոմսերի հետ միասին: Իհարկե, թվում է, թե այստեղ վտանգավոր կամ տարօրինակ ոչինչ չկա՝ «ՀայՌուսգազարդը» բաժնետիրական ընկերություն է, իր կանոնադրական կապիտալն ավելացնելու համար իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսեր թողարկել եւ վաճառել իր բաժնետերերին կամ բաժնետերերից որեւէ մեկին: Իսկ բաժնետոմսերի մարումից առաջացած գումարն էլ իրավունք ունի ներդնել գազամատակարարման համակարգը ընդլայնելու եւ արդիականացնելու նպատակով: Սա՝ առաջին հայացքից: Այստեղ, սակայն, վտանգավոր է այն հանգամանքը, որ հանձնաժողովի որոշման արդյունքում «ՀայՌուսգազարդում» ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնեմասն ավելանում է: Հիշեցնենք, որ երբ ստեղծվեց «ՀայՌուսգազարդը», ընկերության 45 տոկոս բաժնետերը ՀՀ կառավարությունն էր` ի դեմս Էներգետիկայի նախարարության, մյուս 45 տոկոսը պատկանում էր «Գազպրոմին», իսկ 10 տոկոսը՝ միջազգային «Իտեռա» ընկերությանը: Այդ ժամանակ ընկերության կանոնադրական կապիտալը 140 մլրդ դրամ էր: 2006թ. Հայաստանը գազի դիմաց ռուսական կողմին տվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որն անցավ «ՀայՌուսգազարդի» հաշվեկշիռ: Այդպիսով, հօգուտ «Գազպրոմի» տեղի ունեցավ ընկերության կանոնադրական կապիտալի մեխանիկական մեծացում: Այդ 5-րդ բլոկից հետո «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» բաժնեմասը դարձավ 57,5 տոկոս: Հիմա ընկերության կանոնադրական կապիտալը 182,5 մլրդ դրամ է, որից ՀՀ կառավարության բաժինը կազմում է 63,4 մլրդ դրամ: Եթե այս տարի «Գազպրոմն» ամբողջությամբ մարի թողարկվող բաժնետոմսերի ամբողջ արժեքը, ապա «ՀայՌուսգազարդը» կունենա 278,4 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ: Եվ արդյունքում «Գազպրոմի» բաժնեմասը կդառնա 72,1 տոկոս: Հայաստանի բաժնեմասը 34,7 տոկոսից կիջնի՝ մինչեւ 22,7 տոկոսի: 7,7 տոկոսից մինչեւ 5,6 տոկոսի կիջնի նաեւ «Իտեռայի» բաժնեմասը: Այսինքն` Ռուսաստանը մեծացնում է իր բաժինը մի այնպիսի ընկերության մեջ, որը Հայաստանի համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն, որը Հայաստանի միակ գազամատակարարն է: Սա արդեն վտանգավոր է այն առումով, որ մեր երկիրը չի կարողանա հավասարաչափ վերահսկողություն ունենալ իր համար կենսական նշանակություն ունեցող մի ամբողջ ոլորտի վրա: Մինչդեռ ՀԾԿՀ-ի երեկվա նիստին մասնակցող «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի խորհրդական Դավիթ Մելքոնյանը հայտարարեց, թե այս որոշումն «արտակարգ դրական գործոնն է եւ վերաբաշխում տեղի չի ունեցել»: «Վերաբաշխում, ըստ էության, բացարձակ առումներով տեղի չի ունենում, երկրորդ փուլի կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում ՀՀ սեփականությունում գտնվող բաժնետոմսերի բացարձակ մեծությունը՝ 63,4 դրամը, մնում է անփոփոխ, փոփոխվում է միայն հարաբերական տոկոսային արժեքը: Դրա անհրաժեշտությունն էլ, մեր համոզմամբ, ներդրումային ծրագրերն են»,- ավելացրեց Դ. Մելքոնյանը:
Նույն կարծիքին էին նաեւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, անդամները եւ զեկուցող Արմեն Արշակյանը: Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ «Գազպրոմն» ավելացրել է «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասը: Եվ որպեսզի այդ գործընթացը շատ աղմուկ չհանի, որոշել են շրջանցել ուղղակի վաճառքի տարբերակը եւ դա անել բաժնետոմսեր թողարկելով ու վաճառելով: Այսինքն` փորձել են տպավորություն ստեղծել, թե «ՀայՌուսգազարդն» ուզում է Հայաստանի գազամատակարարման համակարգում լավ ներդրումներ կատարել, դրա համար էլ բաժնետոմսեր է վաճառում: «Ես մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել «ՀայՌուսգազարդի» իմ գործընկերոջ միտքը, որ այստեղ հայկական կողմի բաժնետոմսերի առուվաճառքի մասին խոսք լինել չի կարող, ՀՀ-ն շարունակում է մնալ կանոնադրական կապիտալի 63,4 մլրդ դրամի սեփականատերը»,- ասաց հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանը: Այս միտքն այնքան դուր եկավ ՀԾԿՀ նախագահ Ռ. Նազարյանին, որ նա խնդրեց եւս մեկ անգամ կրկնել: Եվ պարոն Արշակյանը կրկնեց: Հետո այս նույն միտքը հերթով կրկնեցին նաեւ հանձնաժողովի մյուս անդամները: Սակայն, միեւնույն է, բառերի ու ձեւակերպումների կամ գործարքի անունների փոփոխությունից գործարքի էությունը չփոխվեց:
Նիստին ներկա «Սպառողների ասոցիացիայի» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը եւ փորձագետ Հակոբ Ղարաբեկյանն իրենց դժգոհությունը հայտնեցին հանձնաժողովին այդ որոշումը կայացնելու համար: Ռ. Նազարյանը դժգոհությանը պատասխանեց, որ իրենք ընդամենը մեխանիկական գործողություն են կատարում, իսկ որոշումը կայացրել են ընկերության սեփականատերերը: Ա. Արշակյանն, իր հերթին, ավելացրեց, թե բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն՝ կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ որոշումը նախ ընդունվել է «ՀայՌուսգազարդի» սեփականատերերի ժողովում, հետո նոր ներկայացվել է հանձնաժողովի հաստատմանը: «Որեւէ սահմանափակում չի եղել, ընկերության բաժնետերերն իրենք են որոշել այդ գործարքն իրականացնել»,- ասաց Ա. Արշակյանը: Սակայն «ՀայՌուսգազարդը» բաժնետիրական շատ ընկերություններից տարբերվում է նրանով, որ համակարգում է բնական մենաշնորհների դասին պատկանող ոլորտը: Եվ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ նման ընկերության բաժնետերերի որոշումը պետք է հաստատի նաեւ ՀԾԿՀ-ն, որը կարող էր նաեւ մերժել: Սակայն հայկական իրականության մեջ, ինչպես գիտեք, նման բաներ չեն պատահում: Իսկ ի՞նչ է արել ՀՀ Էներգետիկայի նախարարությունն այդ ուղղությամբ: Ինչպես Ա. Արշակյանն ասաց, որպես սեփականատեր՝ նախարարությունը համաձայնել է, որպեսզի «Գազպրոմը» գնի լրացուցիչ բաժնետոմսերը: Իսկ ինչո՞ւ մեր պետությունը չի գնել: Այս հարցին պատասխանեց պարոն Նազարյանը եւ՝ դիպչեց այսօրվա ամենացավոտ կետին։ «Մեր պետությունը որպեսզի կարողանա իր բաժնեմասն ավելացնել, պետք է ուսուցչի աշխատավարձը կրճատի, սոցիալական խնդիրներ չլուծի եւ ընկերությունում ներդրումներ անի: Այդ հարցն ուղղեք կառավարությանը»,- հուզիչ տոնով ասաց Ռ. Նազարյանը: