Հայաստանը ֆուտբոլ չի ունենա. առաջիկայում, համենայնդեպս

13/05/2005

Ես այս նամակը Ձեզ չէի գրի, եթե վերջերս չընթերցեի հայկական մամուլի,
հատկապես դաշնակցականամերձ մամուլի ինտերնետային էջերն ու չհանդիպեի
քննադատությունների հայկական ֆուտոբլի այսօրվա ղեկավարի հասցեին` իբր
ֆուտբոլում հաջողություններ չկան, իբր քամուն են տալիս գումարները:

Ես արդեն չորս տարի ապրում եմ Հոլանդիայում: Ապրում եմ անօրինական,
թաքուն, բայց գերադասել եմ անօրինական ապրել օտարությունում, քան ստորացած
իմ Հայրենիքում: Գուցե սա Ձեզ համար արդարացում չէ, բայց, ինձ համար,
համենայնդեպս, այդպես է:

Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, երկար տարիներ իմ ներդրումն եմ ունեցել
նաեւ Ձեր ոլորտում ու վերջերս բախտ ունեցա երեք օր ու գիշեր թաքուն
հետեւել Հոլանդիա ժամանած Հայաստանի ազգային հավաքականի բոլոր
գործողություններին: Թաքուն, որովհետեւ առայժմ այլ կերպ չէի կարող: Դրա
համար ավելի քան երկու հարյուր կիլոմետր էի կտրել անցել: Ես զարմացած էի
մեր հավաքականների տղաների նվիրվածությունից, մեր երիտասարդական
հավաքականի տղաների պատասխանատվությունից, բոլոր մարզումների
կազմակերպվածությունից ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի ղեկավարների`
Հայաստանը հպարտ ներկայացնելու պատրաստակամությունից: Զարմացած էի.
հայկական ֆուտբոլի ղեկավարը (նրան մի քանի անգամ տեսել էի Հանրային
հեռուստատեսության եթերից ու կոշտ մարդու տպավորություն էր թողել)
արտաքուստ հանգիստ, ուշադիր, բայց ներքուստ լարված հետեւում էր թիմերին,
ամեն վայրկյան թիմերի հետ էր, մինչեւ վերջ մնաց մարզումներին, ցավում էր,
ոգեւորվում էր, երեք օր ոչ մի վայրկյան թիմերից չհեռացավ: Զգում էի, որ
անհանգիստ է:

Հոլանդացի մի ժուռնալիստ 140 կիլոմետր կտրել-անցել էր, Ամստերդամից եկել
էր Վելդհովեն փոքրիկ, գեղեցիկ քաղաք, որ հետեւեր Հայաստանի հավաքականի
մարզումներին ու մի երկու ժամի չափ լուռ հետեւում էր: Ես կանգնած էի
Հայաստանից ժամանած ժուռնալիստների կողքին, բազմաթիվ հոլանդացի
երկրպագուների հետ, ու նկատեցի, որ հոլանդացին նրանց հետ խոսում էր
Հայաստանի պատմությունից, Երեւանից, Ղարաբաղից, Ցեղասպանությունից ու
լիքը, լիքը բան գիտեր հայկական ֆուտբոլի մասին: Հետո նրանցից մեկին շատ
քաղաքավարի հարցրեց, թե կարելի՞ է արդյոք հարցազրույց վերցնել հայկական
ֆուտբոլի ղեկավարից: Ու սպասեց, մինչեւ իրեն պատասխանեցին, որ ոչ, այս
պահին հարմար չէ: Նույնիսկ իրեն գովազդել չցանկացավ 225.000 տպաքանակով
տպվող թերթում: Հոլանդացին շնորհակալություն հայտնեց ու խնդրեց
հարցազրույց վերցնել հավաքականի գլխավոր մարզչից: Նրան ասացին, որ դա
միայն հյուրանոցում է հնարավոր: Հետո տեսա, թե ինչպես հոլանդացի
ժուռնալիստը սեփական մեքենայով գնաց Հայաստանի հավաքականի ավտոբուսի
ետեւից ու եւս 40 րոպե սպասեց գլխավոր մարզչին, մինչեւ վերջինս
մարզումներից հետո իրեն կարգի բերեց ու իջավ հյուրանոցի նախասրահ`
զրուցելու: Զգացի, թե ինչ պրոֆեսիոնալ զրույց էր, թեպետ շատ բան ինձ լավ
չէր լսվում, որովհետեւ մի քիչ հեռու էի նստած, լեզուն էլ մի քիչ լավ չէի
հասկանում: Երբ հարցազրույցն ավարտեց, տեսա, որ հոլանդացին նստեց
հյուրանոցի սրճարանում, գարեջուր պատվիրեց, միացրեց համակարգիչն ու սկսեց
աշխատել: Հաջորդ օրն ընթերցեցի հոլանդացու հոդվածը. սիրով, ակնածանքով,
հարգանքով գրված նյութ էր` նաեւ խորքային ու հետաքրքիր: Ինչո՞ւ բոլոր այս
մանրամասները պատմեցի: Իսկ երբ օրեր անց ընթերցում էի մեր մամուլի
ինտերնետային էջերը, տեսնում էի, որ մերոնք, ցավոք, քաղաքականությունից,
բարեկրթությունից ոչինչ չեն հասկանում, ֆուտբոլից էլ չեն հասկանում,
մտածելուց, վերլուծելուց էլ չեն հասկանում, ուղղակի խոսում են ու այնքան
էլ խոհեմ չեն, որ հարգալից տոներով խոսեն, ակնածանքով խոսեն: Այս
համեմատության ֆոնին մտածեցի, որ Հայաստանը ֆուտբոլ չի ունենա:
Առաջիկայում, համենայնդեպս: Այս միտքս հետո կբացեմ: Հետո մտածեցի. իսկ
ինչո՞ւ պիտի ֆուտբոլ ունենանք: Լող ունենք, բոքս ունենք, ծանրամարտ
ունենք, ըմբշամարտ ունենք, բասկետբոլ ունենք ու ֆուտբոլ չունե՞նք: Կինո
ունենք, բալետ ունենք, գրականություն ունենք, թատրոն ունենք ու ֆուտբոլ
չունե՞նք: Արդյունաբերություն ունենք, գյուղատնտեսություն ունենք,
տնտեսություն ունենք ու ֆուտբոլ չունե՞նք: Եթե այս բոլորն այսօր
ունենայինք ու ֆուտբոլ չունենայինք, իսկապես կարելի էր Օսկար Լոպեսից
մինչեւ Բեռնար Կազոնի, Մարգարովին էլ հետը, բերել ու Հայրապետյանի հետ
հատկապես դաշնակների գաղտնի համաժողովի օրերին Զանգեզուրի լեռներից ցած
գցել: Բայց լող ունեինք, չէ՞. Մեր ժամանակ ունեինք, ոչ թե մեր
թվարկությունից առաջ: Դավիթ Համբարձումյան ունեինք, Սիրվարդ Էմիրզյան
ունեինք: Բոքս ունեինք, չէ՞: Իսրայել Հակոբկոխյան ունեինք, Նշան Մունչյան
ունեինք: Ծանրամարտ ունեինք, չէ՞. Յուրի Վարդանյան ունեինք, Յուրի
Սարգսյան, Օգսեն Միրզոյան ունեինք: Ըմբշամարտ ունեինք, չէ՞: Լեւոն
Ջուլֆալակյան ունեինք: Բասկետբոլ ունեինք, չէ՞: Նույնիսկ կանանց բասկետբոլ
ունեինք ու հզոր թիմ ունեինք: Նույնիսկ հրաձգություն ունեինք: Էլ չեմ
ասում, որ կինո ունեինք, «Մենք ենք, մեր սարերը» ունեինք, «Եռանկյունի»
ունեինք, թատրոն ունեինք, Աճեմյան ունեինք, Ղափլանյան ունեինք,
Դրամատիկականում «Ռիչարդ» ունեինք, որ Մեծ թատրոնում էին բեմադրում,
«Կորիոլան» ունեինք, շեքսպիրյան փառատոններ ունեինք, Ֆրունզ Մկրտչյան
ունեինք, Խորեն Աբրահամյան ունեինք: Գրականություն ունեինք:Հրանտ
Մաթեւոսյան տվեցինք: Ու գիտե՞ք, այդ տարիներին միայն ինչ չունեինք.
Չզարմանաք. ֆուտբոլ չունեինք: Ֆուտբոլիստներ ունեինք, ֆուտբոլ չունեինք:
Ու երբեք էլ չենք ունեցել: Նայեք, 1912 թվականից նայեք: Պոռթկում էր, մի
հրաշալի, հրաշագեղ, փայլուն պոռթկում «Արարատ 73»-ը ու… պրծավ: Նրանից
առաջ ու հետո պարտություններ էին, տխուր, խայտառակ պարտություններ ու մի
կերպ խորհրդային ֆուտբոլի բարձրագույն խմբում մնալու ճիգեր:

Նայեք, «Արարատ 64»-ից նայեք: Առանձնապես ոչ մի հաջողություն: Հատվածային
ուրախություններ, փոքրիկ, աննշան, եւ ոչ մի համակարգված, օրինաչափ
հաղթանակների շարան, զարգացման հեռանկարներ, զարգացման ծրագիր,
երիտասարդներին աճեցնելու, հոգ տանելու ծրագիր: Ապագայի մասին մտածելու
ծրագիր: Ու այդպես՝ մինչեւ «Արարատ-73» ու նրանից հետո: Ռուս ու
ուկրաինացի ֆուտբոլիստներ, անընդհատ փոփոխվող ռուս մարզիչներ, ռուսական
դպրոցի մարզիչներ ու ոչ մի փոփոխություն: Եթե «Արարատ-73»-ը պոռթկում
չլիներ ու օրինաչափություն լիներ, «Արարատ-74» էլ կլիներ, 75 էլ, 76 էլ,
ու մեր հաղթանակների ուղին կշարունակվեր: Չեն ասում, չէ՞, «Կիեւի
Դինամո-64» կամ 76: Ո՞վ է հիշում՝ քանի անգամ ու քանի պոռթկում: Որովհետեւ
օրինաչափ հաջողություններ էին, որովհետեւ սեփական լոբանովսկիներ ունեին:
Չեն ասում, չէ՞, «Թբիլիսի Դինամո-75» կամ 84: Ես թվերը պատահական եմ
ասում, պայմանականորեն եմ ասում: Ես խոսում եմ օրինաչափությունների ու
պատահականությունների, պոռթկումների ու ծրագրային մոտեցումների մասին: Եթե
խելոք ազգերի թվին դասվեինք, «Արարատ-73»-ի մեր լեգենդը կփայփայեինք, բայց
փչացրինք՝ ինչպես գասպարավարի լողի լեգենդը: «Արարատի» անունը չէինք
շահարկի ու կթողնեինք, որ մնար մեր սիրուն լեգենդների` ծովից ծով
Հայաստանի, Ավարայրի, համաշխարհային ազգի ու մնացած լավ բաների շարքում:

Զարմանալի բան կատարվեց: Հայկական մամուլն ու Հայրապետյանի հասցեին
քննադատությունները որ կարդացի, Հոլանդիայում մեր ֆուտբոլիստներին որ
տեսա, մեր ու նրանց գրածները որ համեմատեցի, հասկացա, որ այսօր մի բան որ
ունենք, հենց ֆուտբոլ ունենք: Էլի չզարմանաք: Ու գիտեք ինչի՞ հենց ֆուտբոլ
ունենք: Որովհետեւ տասը, տասնհինգ տարի բոլորը հիշում են, որ լող ունեինք,
բասկետբոլ ունեինք, բոքս ունեինք, նույնիսկ հրաձգություն ունեինք, ու ոչ
մեկը մատը մատին չի խփում, փող չի ծախսում, որ էլի ունենանք: Ու մեր
լրագրողները չեն ասում, թե, այ մարդ, ինչո՞ւ եք փողերը մսխում, պետության,
ֆեդերացիաների փողերը մսխում, ու ինչո՞ւ մեր լողի հավաքականը չի հաղթում
Ավստրալիայի լողի հավաքականին, կամ ինչո՞ւ են մեր հոկեյիստները 148-0
հաշվով պարտվում ու չեն հաղթում, ասենք, Կանադայի հոկեյի հավաքականին, կամ
ինչո՞ւ մեր բասկետբոլիստները չեն խաղում Ազգային բասկետբոլի
ասոցիացիայում: Բայց քննադատում են հայկական ֆուտբոլի ղեկավարներին, որ
սեփական գրպանից գումարներ են ներդնում, ֆուտբոլիստներ են բերում,
ֆուտբոլիստներ են պատրաստում, որ Հայաստանի հավաքականները շատ էլ
արժանապատիվ խաղում են աշխարհի ուժեղագույն հավաքականների հետ, ու ոչ
միայն Ազգային հավաքականը, նաեւ երիտասարդները, պատանիները, ու որ
հատվածական հաջողությունների փոխարեն՝ որդեգրել են քայլ առ քայլ, փուլ առ
փուլ զարգանալու, ֆուտբոլի ապագան ստեղծելու, ջահելներին փայփայելու,
նրանցով առաջ գնալու խելամիտ քաղաքականությունը:

Բայց հայկական ավանդույթ է. ով գործ չի անում, նրան չեն մեղադրում, իսկ ոչ
մի լավ գործ էլ անպատիժ չի մնում: Չնայած Հայրապետյանին մոտից որ տեսա,
հասկացա, որ կռվող մարդ է, չընկճվող մարդ է, ոչ մի բանի առաջ կանգ չի
առնի, ու մեր այսօրվա ունեցած ֆուտբոլը կզարգանա: Եթե այս տողերը կարդա,
կհասկանա, որ դրսում էլ են իր կողքին, իր քաղաքականության, իր արածի
կողքին: Վերնագրիս ու այս մտքերիս մեջ հակասություն չփնտրեք: Ես ասում եմ՝
առաջիկայում ֆուտբոլ չենք ունենալու, ու առաջիկան հատուկ եմ ընդգծում,
որովհետեւ առաջիկայում շուրջպար ենք պարելու, առաջիկայում կոռումպացվելու
ենք ու Նժդեհի արեւով երդվելով՝ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ,
որովհետեւ առաջիկայում Ղարաբաղի արեւով երդվելով՝ ծախելու ենք էս երկրի
վերջին թիզ հողը ու լուրջ բաների վրա փող ծախսելու փոխարեն, փող ենք
ծախսելու, որ ասեն, թե Իգդիրում քանի աստիճան է ջերմաստիճանը:

Դաշնակները սփյուռքում Եղեռնի հիշատակին ճաշում են, մի քանի հարյուր հազար
եվրո են հավաքում, ու ասում են՝ ծախսելու ենք, որ աշխարհում մեզ ճանաչեն
որպես եղեռնագործված ազգ: Ծախսեք, մի երեք հարյուր հազարանոց մարզիչ բերեք
Հայաստան, թող մեզ որպես հաղթող ազգ ճանաչեն: Մարդիկ 20 հազարանոց են
կարողանում, քսան են բերում: Հողահավաք, ազգահավաք էիք ասում, բացի Բուրջ
Համուդից փախած երկու լահմաջո սարքողից ու Լիբանանից փախած երկու
ոսկերիչից ուրիշ մարդ չեկավ Հայաստան:

Ներող կլինեք, որ մտածումներս բարձրաձայնում եմ: Գուցե հավանեք, գուցե
չհավանեք: Եթե տպագրեք, երջանիկ կլինեմ, եթե ոչ` գոնե ուշադիր կարդացեք:
Մեկ էլ ներող կլինեք, որ նամակս ստորագրելու եմ Դ. Կ.:Հենց առաջիկան
հաղթահարենք, խոստանում եմ Ձեզ նոր նամակներ գրել ու միմիայն իմ լրիվ
անուն-ազգանվամբ: Մեզ սովորեցրել են հարգել ստորագրության պատիվը:

Դ. Կ.
Հոլանդիա, 10.04.05