«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից եւ լրագրող Գագիկ Շամշյանը գրավոր դիմում-բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նշելով, որ Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «չարամտորեն եւ միտումնավոր փորձել է վիրավորել իր արժանապատվությունը»: Ըստ Շամշյանի՝ փետրվարի 4-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում մութ ու ցուրտ տարիների մասին թեկնածուի գովազդային տեսահոլովակին վերաբերող իր հարցին Տիգրան Կարապետյանը պատասխանել է վիրավորական արտահայտություններով: Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ տեղեկացրել է, որ լրագրողը իր դիմումում խնդրել է «միջոցներ ձեռնարկել Տիգրան Կարապետյանի նկատմամբ, որպեսզի վերջինս պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար»: