Վախեցեք Աստծուց

18/02/2008

Փետրվարի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն Հոգեւոր խորհրդի ժողով` նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ժողովն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի ընտրություններին եւ այդ առիթով կոչ է ուղղել ժողովրդին, որում մասնավորապես ասված է: «Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները կարեւոր իրադարձություն են մեր երկրի եւ ժողովրդի կյանքում: 17 տարիներ առաջ մեր ժողովուրդը կատարեց ազատ, անկախ ապրելու իր ընտրությունը: Հայաստանի պետականության վերականգնումը մեր իրականության մեջ սկիզբ դրեց նոր գործընթացների` ուղղված արդար եւ հասարակական համերաշխությամբ հատկանշվող երկրի կառուցմանը: Մեր ժողովրդի արդար սպասումն է, որ նոր նախագահի ընտրությունը դառնա երաշխիք երկրում կայունության ու համերաշխության ամրապնդման եւ առաջընթացի: Մեր հորդորն է, որ պատասխանատու այս իրադարձության առջեւ մեր ժողովուրդը դրսեւորի հայրենասիրության բարձր գիտակցություն, առաջնորդվի բացառապես հայրենի մեր երկրի հեղինակության գերակայության գաղափարականով: Թող ոչ մի քայլ, ոչ մի դրսեւորում չստվերի մեր ընտրությունը, չպառակտի մեր ժողովրդի միասնությունը: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք հարգել, հանդուրժել, սիրել միմյանց: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք ազգային շահի առջեւ խոնարհեցնել անձնական հավակնություններն ու զգայնությունները: Աղոթող ենք, որ Տերը դեպի նոր հաջողություններ առաջնորդի մեր երկիրը խաղաղության, սիրո միաբանության ու համերաշխության մեջ: Հարգեցեք բոլորին, սիրեցեք եղբայրությունը, վախեցեք Աստծուց (Ա Պետրոս 2.17)»: