«Երջանկություն է, երբ դու չես վախենում խաբեբայից»

18/02/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը զարմանալի կարողությամբ է օժտված, նա կարողանում է սովորական թվացող դեպքերի ու դեմքերի մեջ տեսնել հավերժի եւ բացահայտ մաքուրի հետքերը։ Նրա ստեղծագործական կյանքը հարթ չի եղել, երկար տարիներ նա կարծես որոնել է ու վերջապես գտել է իր լուսավոր, գունեղ, անկեղծ ու միաժամանակ՝ թատերականացված ձեռագիրը։ Արցախյան ազատամարտի մասնակիցը լինելով, Բորիս Եղիազարյանը մասնակցել է ռազմական գործողությունների, հիմա նա չի սիրում այդ տարիների մասին խոսել։ «Մարդկային կորուստները շատ էին»,- ասում է նա։

Բորիս Եղիազարյանը, երկարատեւ դադարից հետո, Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացրեց իր աշխատանքների ցուցադրությունը։ Նրա ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր խոսքում նշեց, որ, ցուցահանդեսն այցելելով, որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում, պարզապես ուրախ է իր ընկերոջ համար։ Ապարանում ծնված նկարիչը վաղուց ապրում է Կիեւում, այնտեղ է ստեղծում իր վառ ու լուսավոր կոլաժներն ու կտավները։ Նրա յուրաքանչյուր աշխատանքը սյուժե, ենթատեքստ, գլխավոր ու երկրորդական հերոսներ ունի, նրանք բոլորը բիբլիական կամ աշխարհիկ հեքիաթներ են՝ լեցուն խորհրդանիշերով, «այրվող» գույներով ու բարությամբ։ Նրա նկարները երջանիկ ավարտ ունեցող խտացված պատկեր-վեպեր են, եւ «կարդացվում» են այնպես, ինչպես կոդավորված ուղերձներն են վերծանվում։

Դա շատ հետաքրքիր զբաղմունք է։ Մի զբաղմունք է, որ անպայման դիտողին ուրախության լիցքեր է փոխանցում, քանի որ հավերժ սյուժեները Բորիս Եղիազարյանը որպես այսօրվա պատահար է ներկայացնում, նա տեսնում է բիբլիականը՝ առօրյայում։ Եվ չի մատնանշում դրա գոյության մասին, այլ՝ պարզապես ուրախությամբ ակնարկում է՝ գտել եմ, հիմա ձեզ եմ ցույց տալիս։ Բորիս Եղիազարյանը շատ էմոցիոնալ ու էմոցիաները շռայլորեն բաժանող մարդ է։ Նա կարծես թե եկել է մի քանի կաթիլ ուրախություն մեր քաղաքին տալու համար։

– Թեթեւ եւ ուրախ զգացմունք է առաջանում, երբ նայում ենք ձեր աշխատանքներին։ Ուրախությունը ինչի՞ց է ծնվում։

– Ուրախությունը մի գաղտնիք է, որը դժվար է բացատրել։ Փորձեմ իմ կյանքի մի դրվագ պատմել. երիտասարդ ժամանակ, երբ դեռ սովորում էի Երեւանի Գեղարվեստի ուսումնարանում, հետո էլ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ես շատ դրամատիկ գործեր էի նկարում։ Յուրաքանչյուր կտավի մեջ դրամա կար։ Ես ունեի նկարչական շարք, որը հոգեբուժարանում եմ արել, արել եմ շատ «ծանր» ու դաժան ինքնանկարներ՝ խելագար, ողբալի հայացքով։ Ես այդ տեսակի էի, ինքս էլ չէի հասկանում, թե ինչո՞ւ եմ այդպես նկարում։ Բայց հետո երկրաշարժը, պատերազմը տեղի ունեցան, ես տեսա, որ դժվարություններն իրականում են շատ դաժան, եւ այդ դժվարությունները ողջ հայությունն էր զգում (անձամբ ես շատ մտերիմ մարդկանց կորցրեցի)։ Երեք տարի ես ընդհանրապես չէի նկարում, նկարել նորից սկսեցի 1992 թվականին, եւ ինձ համար նկարելու պրոցեսը շատ բարդ ու ցավալի էր, կարծես ես «ետ էի սովորել» վրձինը բռնելուց, նման էի այն մարդուն, որը, ծանր հիվանդությունից հետո, նորից սկսում է քայլել եւ ամեն մի քայլը նրան ցավ է պատճառում։ Բայց հենց որ ես սկսեցի նկարել, սկսվեց իմ ուրախությունը, իմ երջանկությունը։

– Ձեր կտավներում շատ է թատրոնը, դուք իրապես բեմադրո՞ւմ եք պատկերները։

– Կիեւի Գեղարվեստի ակադեմիայում ես սովորել եմ բեմանկարչության բաժնում, եւ իմ թատրոնը, իմ խաղը միշտ կա իմ նկարներում։ Շարքեր եմ արել թագավորների մասին, որտեղ խաղը մեծ նշանակություն ունի։ «Թագավորը կապույտ առյուծի հետ» կտավում, ես ինքս ինձ եմ պատկերել թագավորի տեսքով՝ առյուծը ոտքերիս տակ։ Դա իմ հեքիաթն է, իմ թատրոնը, իմ պատմվածքների թեմաներն են, իմ չկայացած ներկայացումներն են, չգրված գրքերն են, իմ չխաղացած դերերն են։

– Թվում է, որ նկարելը ձեզ համար ինքնանպատակ չէ, այլ՝ այդ հեքիաթը հանդիսատեսի հետ «կիսելն» է, զրուցելն է։ Այդպես է զգում մարդը, որը կանգնում է նաեւ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների առջեւ։

– Շնորհակալ եմ այդ խոսքերի համար։ Գիտեք, մի քանի ամիս առաջ ես որոշեցի Կիեւում ցուցահանդես կազմակերպել իմ այն գործերից, որոնք անհատական հավաքածուներում են գտնվում։ Նախապես պայմանավորվել էի մարդկանց հետ, որ նրանք երկու շաբաթով նկարները կբերեն ցուցադրելու։ Բոլորը հաճույքով համաձայնել էին, պայմանագրեր էին ստորագրել, բայց երեք օր չանցած, շատերը սկսեցին խնդրել ու ետ վերցնել իրենց պատկանող իմ աշխատանքները։ Նույնիսկ որոշ սկանդալներ տեղի ունեցան, քանի որ մարդիկ իրենց թիկնապահներին էին ուղարկում՝ նկարները ետ վերցնելու համար։ Զանգահարում էի, հարցնում՝ ի՞նչ է պատահել։ Պատասխանում էին, որ իրենց տանը լարված իրավիճակ է, իրենց կանայք ուզում են նկարները տանը տեսնել, քանի որ առանց դրանց չեն կարող ապրել։ Թեեւ նկարների մեծ մասը այդպես էլ չցուցադրվեց, բայց ինձ համար դա ուրախալի էր, քանի որ ստացվեց այնպես, որ նրանք պետք էին մարդկանց։

– Նկարների էներգիան շատ ուժեղ է, գուցե դա այն պատճառով է, որ հեռու եք Հայաստանից։

– Ոչ, իմ ամենագեղեցիկ գործերը սկսել եմ անել Հայաստանում։ Շատերը Հայաստանի համար ամենածանր պահին են ստեղծվել։ Բայց այդ ժամանակ մեր բոլորիս մեջ հոգեւոր ուրախություն, աղոթք, քաղցրություն կար։ Այդ տարիներին Հայաստանում հոգեւոր որակ կար։

– Իսկ հիմա՞։

– Հիմա շատ ավելի դաժան է, քան այն ժամանակ։ Բայց ես հույս ունեմ, որ այս օրերին մարդիկ ճիշտ ընտրություն կանեն։ Այսօր Հայաստանում ընտրելու հնարավորություն կա։ Անհնարին ու ֆանտաստիկ բաներ չկան, կա ընտրություն։

– Ինչպե՞ս եք վերաբերվում արվեստի մարդկանց, ովքեր գործարք են կնքում իշխանությամբ օժտված մարդկանց հետ, դառնում են անգաժեմենտով աշխատող արվեստագետներ։

– Արվեստը «օգտագործելը»՝ անգաժեմենտ անելը, վտանգավոր բան չէ, համաշխարհային պատմությանը շատ նման դեպքեր են հայտնի։ Ոչինչ, թող այդպես լինի, բայց թող չխառնվեն կյանքի, բարոյականության նորմերը։ Վտանգավորը դա է։ Վտանգավոր է, երբ, օրինակ, հայ երգը վերածվում է կլկլոցի ու պորտապարի։ Արվեստը՝ պատվեր ստանալով եւ ընդունելով այդ պատվերը, ինքն իրեն մաքրում է։ Ամենամեծ արժեքը մարդու կյանքն է ու մարդու ազատությունը, եւ հիմա շատ ավելի վտանգավոր է, երբ հայերը Հայաստանում ապրում են այնպես, ինչպես քրդերը Թուրքիայում կամ Իրաքում, այսինքն՝ ապրում են վախեցած, ճնշված, սոված, գլուխները չլվացած, եղունգները չկտրած։ Դա ոչ թե մարդկանց ներքին կուլտուրայի պակասից է բխում, այլ՝ Հայաստանի ընդհանուր վիճակից է գալիս։ Ներքին ազատության խնդիր կա։

– Կարելի՞ է ասել, որ Ուկրաինայում մարդիկ ներքուստ ավելի ազատ են։

– Իհարկե, ավելի ազատ են, Ուկրաինայում հրաշալի վիճակ է։ Ուկրաինացիները կարողացան հաղթահարել այն, ինչը մենք 1988-90 թթ. արդեն իսկ հաղթահարել էինք ու մեր ձեռքն էինք վերցրել մեր կյանքը։ Հետո մենք ամեն բան կորցրեցինք, իսկ ուկրաինացիները՝ անելով իրենց հեղափոխությունը, կարողացան պահպանել նոր արժեքները։ Այստեղ շատ թյուր կարծիք է ստեղծվել, որ Ուկրաինան քայքայվում ու ավերվում է։ Այդպես չէ, բոլոր դեմոկրատական ուժերն այնտեղ միավորվել են, մարդիկ իրենց անձնական ամբիցիաները, ցավերը, վիրավորանքները, սխալները կարողացել են մոռանալ, միանալ, ինչն այստեղ տեղի չի ունենում։ Ուկրաինայում դեմոկրատական արժեքներն անդառնալիորեն հաղթել են, եւ Ուկրաինան հրաշալի եվրոպական պետություն է դարձել։ Իսկ աշխարհը պետության համայնական կյանքի կարգավորման դեմոկրատական մոդելից ավելի արժեքավոր բան դեռ չի հնարել։

– Ուկրաինան հայ նկարչին կարողացել է իր պետության մասնիկը դարձնել եւ ամենուրեք ձեր անունը նշել՝ որպես ուկրաինացի ստեղծագործողի։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չեն ներկայացնում ռուս կամ հրեա ստեղծագործողները։

– Դա ցավալի հարց է։ Ուկրաինացիները՝ լինելով բարյացակամ, փափուկ ժողովուրդ, իրենք իրենց «մաքրում են», ազատվում են ազգային բարդույթներից։ Փարաջանովը, որը հայ էր, եւ որին Սովետական Ուկրաինան հալածել ու բանտ է նետել, հիմա «մաքրվում» է ու որպես ուկրաինացի ստեղծագործող է ներկայանում։ Նա մեծ ռեժիսոր ու մեծ նկարիչ էր, որը Ուկրաինայում է ձեւավորվել։ Ես զարմանում են, երբ ազգային բարդույթների եմ հանդիպում Հայաստանում, դա մեզ պատիվ չի բերում։ Վերջիվերջո, եղել են Մերկուլովն ու Պոդպոմոգովը, նրանք հայկական արվեստ են ստեղծել։ Հայերը պետք է ինքնաբավ լինեն, փառք Աստծո, տաղանդ ունենք, եւ այդ տաղանդը հայտնի է։

– Երջանիկ զգալու համար մարդուն ի՞նչ է հարկավոր։

– Նկարչական պրոցեսն ինձ համար ավելի կարեւոր է, քան արդյունքը։ Անհատի համար իր ապրած հաճույքի, երջանկության, ուրախության, հուսահատության, տառապանքի ժամերը եւ կազմում են կյանքը։ Իսկ կյանքը պրոցես է։ Մարդն իսկապես երջանիկ է լինում մանուկ հասակում, երբ ապրում է սիրով լցված ընտանիքում։ Երբ ընտանիքում սեր կա, երեխան աշխարհը սկսում է ճանաչել սիրո նշանի տակ։ Նրան սկսում են սիրել եւ՛ հարեւանները, եւ՛ ընկերները։ Ենթադրյալ հավերժական կյանքը երեխային երջանիկ է դարձնում, նա դեռ չգիտի, որ առջեւում վախ, դժվարություններ կան։ Իսկ հասուն տարիքում մարդը երջանիկ է դառնում այն ժամանակ, երբ փորձում է այդ մանկական հավերժական, երջանիկ ու պաշտպանված դրախտի մասին մտորել ու հավատալ, որ այդ կարեւոր բանը, այդ դրախտն, իրենից թաքնված չի, թաքցրած չի։ Եվ մարդը սկսում է հավերժությունը որոնել։ Տագնապից ու սարսափից կարողանալով ազատվել, մարդը (նույնիսկ եթե նա շատ հեռու է քրիստոնեությունից)՝ իր բնազդով, իր զգացողությամբ, իր ինտելեկտով է փորձում հասնել հավատին։ Հավատն է երջանկության ճանապարհը, իսկ մնացած դեպքերում կյանքը անընդհատ ցավ է պատճառում։ Ցավ ու կորուստ, հետո նորից՝ վերելք ու ուրախություն։ Երջանկություն է, երբ դու չես վախենում խաբեբայից, քանի որ պաշտպանված ես խաբեբայից։ Պաշտպանված ես եւ՛ Աստծո կողմից, եւ՛ օրենքով։

– Կարծում եմ, հիմա մենք ետ ենք սովորել ջերմության խոսքեր ասել իրար։ Իսկ ինչպես հայտնի է, մի կաթիլ ջերմությունը սարեր է շուռ տալիս։

– Սերը, ջերմությունը, քաղցրությունը ետ են գալու։ Հայկական հողն օրհնյալ հող է։ Ես կարծում եմ, որ բոլոր դժվարություններն ուղարկված են մեզ, որպեսզի մենք սրբվենք, դառնանք որակյալ։ Աստված Հայաստանը հատուկ ուշադրության տակ է առել, ուզում է, որ մենք մեր ներսը նայենք։