Ստեղծագործական միությունները` գրասենյակային հիմնարկներ

13/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գրեթե բոլոր ստեղծագործական միությունները ծնվեցին միեւնույն ժամանակ՝
խորհրդային տարիներին։ Ամեն արվեստ իր միությունն ու տունն ուներ։ Ոմանք
շատ հեղինակավոր ու հարուստ էին, իսկ ոմանք՝ ոչ այնքան։ Նրանց կարգավիճակն
ու պայմանները կախված էին այն նշանակությունից, որը տալիս էր իշխող
կուսակցությունը։ ԽՍՀՄ-ի մահն իր հետ բերեց խառնաշփոթ ու համատարած
սեփականաշնորհում։ Գաղափարախոսության փլուզումից հետո միությունների դերը
փոխվեց։ Նախկինում պետական դոտացիան խիստ գրաքննություն ու հսկողություն
իրականացնելու միջոց էր։ Հետո պետք եղավ թափ տալ գաղափարախոսության փոշին
ու գնալ առաջ, այսինքն՝ ինքնուրույն ընտրել առաջ գնալու ճամփան։ Նախկին
կառույցն անվերականգնելի էր, քանի որ խիստ կենտրոնացված համակարգն
ապակենտրոնացվել էր։ Շենքերն անհատույց հանձնվեցին միություններին, եւ
պետությունը հրաժարվեց պատասխանատվություն կրել։ Չէր հսկվում ո՛չ
ստեղծագործության որակը, ո՛չ էլ ստեղծագործության ճակատագիրը։
Միությունները դարձան հասարակական կազմակերպություններ, իսկ արվեստով
զբաղվելը՝ հոբբի, քանի որ վերացավ պետպատվեր ասածը։ Նախկինում՝ պետությանը
վաճառելով իր ստեղծագործությունը, հեղինակը կարող էր համոզված լինել, որ
երաժշտությունը կհնչի ռադիոյով, նկարը կկախվի որեւէ հիմարկությունում, իսկ
գիրքը՝ կտպագրվի։ Դեմոկրատական հասարակարգը բոլորին ազատ արձակեց։
Նկարիչները, կոմպոզիտորները, գրողները, կինոգործիչները, լրագրողներն ու
թատրոնի գործիչները պետք է ինքնուրույն փորձեին վաճառել սեփական
ստեղծագործությունները։

Իսկ շենքերի պահպանումը, մինիմալ աշխատակազմի աշխատավարձերի եւ կոմունալ
վճարումները պետք է կատարեին անդամավճարների եւ շենքի վարձակալությամբ
ստացված գումարների շնորհիվ։ Քանի որ վերացավ նաեւ միության անդամների
արտոնությունների զգալի մասը՝ զեղչերով կամ անվճար բուժօգնությունը,
բնակարանով եւ արվեստանոցով ապահովումը, ստեղծագործական գործուղումների
մեկնելը, միություններին կից մանկապարտեզներից ու հանգստյան տներից
օգտվելը (մնացել է մի քանի օր տարվա ընթացքում զեղչային հանգստի
իրավունքը), ապա անհասկանալի է, թե այսօր ի՞նչ է տալիս ստեղծագործական
միությունն արվեստի մարդկանց։ Եվ ընդհանրապես հաճա՞խ են արդյոք նկարիչներն
իրենց տուն՝ ստեղծագործական միություն այցելում, իսկ կոմպոզիտորները՝
իրենց։ Ի՞նչ իմաստ ունի միության անդամ լինելը։ Գուցե անդամագրքույկ
ունենալը հեղինակային իրավունքների կամ կորպորատիվ շահերի պաշտպանության
երաշխի՞ք է։ Դժվար թե: Զարմանալի է, սակայն միությունների անդամ համարվել,
միեւնույն է, ցանկանում են շատ արվեստագետներ, թեեւ այդ փաստն իրենց չի
տալիս ո՛չ արտոնություն, ո՛չ շահ։ Երեւի բարոյական ապահովություն է տալիս։
Արվեստով զբաղվող մարդու համար ամենագլխավորը համապատասխան մթնոլորտն է,
շփումը։ Եթե նույնիսկ աղքատ միությունից ոչինչ չեն սպասում, ապա
շարունակում են անդամավճարներ մուծել, հստակ չպատկերացնելով՝ ինչի համար։

Պարզապես շե՞նք, թե՞ տուն

Բարեբախտաբար, ստեղծագործական միությունները պահպանեցին իրենց շենքերը,
բացառություն է կազմում Դերասանի տունը, որի շենքը վաճառվեց, իսկ թատրոնի
գործիչները տեղափոխվեցին մեկ այլ շենք։ Ընդհանրապես բոլոր շենքերը շատ
հարմար տեղ են գտնվում՝ քաղաքի կենտրոնում, եւ համեղ պատառիկ են։ Անշարժ
գույքի մերօրյա պատերազմում միությունները լուրջ կորուստներ չունեցան՝
շենքը վաճառքի հանելու գայթակղությունը շրջանցեց նրանց։ Այսօր ամեն
միություն՝ իր, գրեթե նույնանման ուղի ընտրած, գոյատեւում է եւ բողոքում
փողի բացակայությունից, բայցեւ համատարած եւ անխնա շահագործում է շենքերն
ու տարածքները։ Փող աշխատելու համար վարձակալության է հանձնվում ամեն մի
անկյուն կամ գոնե փայփայվում է հաջող վարձակալ գտնելու հույսը։ Ուրիշ ելք
չկա։ Միությունների շենքում տեղ գտած ռեստորանները, գրասենյակները,
սրճարանները, արհեստանոցները փող են բերում, մի տեղ՝ շատ, մյուս տեղը՝ ոչ
այնքան։ Հիմա ստեղծագործական միություններ ավելի շատ մուտք են գործում
վարձակալած հիմարկների աշխատակիցները, քան միության անդամները, նույն
վիճակն է նաեւ Թատերական գործիչների, Գրողների, Կոմպոզիտորների,
Նկարիչների միություններում։ Հազվադեպ անցկացվելիք ասուլիսները, հուշ
երեկոները կամ ցուցահանդեսները միակ միջոցն են մոռացության չմատնվելու կամ
միության շենքի հասցեն չմոռանալու համար։ Ոչ մի միություն բազմամարդ
այցելուներով չի կարող հպարտանալ։ Մթնոլորտ չկա։ Նույնիսկ մասսայական
արվեստը՝ կինոն եւ թատրոնը սիրող եւ այդ արվեստով զբաղվող մարդիկ հազվադեպ
են, օրինակ, Կինոյի տուն գնում։ Այնտեղ ոչ մի ձգող բան չկա, ու
միջոցառումներն ու ցուցադրումներն էլ շատ սակավաթիվ են։ Նույն պատկերն է
բոլոր ստեղծագործական միություններում։ Նկարիչների տունը վարձով է տալիս
սենյակները, ցուցասրահները, Թատերական գործիչների միությունն՝ իր դահլիճը։
Եթե ուզող լինի, բոլորն էլ վարձով կտան։ Միությունների ղեկավարները
տնօրինում են վարձավճարները՝ մտածելով, որ վաղը կարող է դա էլ չլինել։ Իսկ
շենքերից շատերն աղաղակում են իրենց վթարային վիճակի մասին: Սովորաբար
հենց վարձակալներն են կատարում որոշակի վերանորոգման աշխատանքներ ու կարգի
բերում տարածքը: Վարձավճարներով ապրում են եւ՛ միությունների ղեկավարները,
եւ՛ շենքերը: Այդ փաստից դժգոհելն անիմաստ ու անհեթեթ է, սակայն
ցանկություն հայտնել, որ վարձակալների փողերով արվեստի բնագավառի մարդկանց
աջակցեն, կարելի է։

Մթնոլորտն անորոշ ու եթերային հասկացություն է։ Ժամանակին Դրամատիկական
թատրոնի դերասանները, թատերական ինստիտուտի ուսանողները եւ պարզապես
արվեստի մարդկանց հետ շփվել ցանկացողները գնում էին նախկին «Պոպլավոկ»,
որովհետեւ աուրան էր լավը, թեեւ սուրճի համն ու սպասարկումը հեռու էին
նորմայից։ Իրար հետ հանդիպելով ու զրուցելով, գտնվում էր եւ՛ ներշնչանքը,
եւ՛ ինչ-որ բան ստեղծելու ցանկությունը։ Զրույց-քննարկումից են ծնվում նոր
գաղափարներն, ու ձեւավորվում է անհրաժեշտ մթնոլորտը։ Սովորույթ է, որ
նորությունները մի գավաթ սուրճ ըմպելով են ծնվում ու տարածվում։ Նման
մասնագիտացված ակումբ-սրճարաններ ունենալ կարող է յուրաքանչյուր
ստեղծագործական միություն։ Նկարիչները կարող են այսպես մտածելու փոխարեն՝
«Ի՞նչ ենք կորցրել Նկարչի տանը», գնալ-հանդիպել միմյանց ու առանց այդ
պարբերական հանդիպումների նույնիսկ իրենց անհարմարավետ կզգան։ Ֆիլմերի,
ներկայացումների, ցուցահանդեսների դիտումները կարող են շարունակվել
միությունների շենքում՝ պարզապես զրույցի տեսքով։ Արվեստի
իրադարձություններով ոչ այնքան առատ Երեւանում, հաճույքով կազմակերպված
հանգիստ-հաղորդակցությունը կարող է շատ բան փոխել։ Առանց մթնոլորտի
շենքերը դառնում են անհրապույր ու ձանձրալի՝ վերածվելով գրասենյակային
հիմնարկների։