Երեկ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սբ. Երրորդություն եկեղեցու առջեւ մասնակցել է Տյարնընդառաջի տոնակատարությանը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Չնայած որոշ մարդկանց ագրեսիվությանը, չնայած որոշ սադրանքների, մենք անպայման լավ ընտրություններ ենք անցկացնելու: Որովհետեւ լավ ընտրություններն անհրաժեշտ են մեր ժողովրդին»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: «Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, որ մեծ զոհողություններով է հասել այսօրվա օրվան, որեւէ մեկին թույլ չի տա, որ իր ձեռքբերումները նա օգտագործի շահադիտական նպատակներով»,- նշել է նա` խոստանալով «պաշտպանել ու պահպանել ժողովրդավարության այս միջավայրը»: «Իհարկե, աճելու մեծ տեղ ունի, բայց մենք սա համարում ենք ձեռքբերում»,- ասել է վարչապետը, որի կարծիքով՝ ժողովրդավարությանն ուղեկցող թույլ կողմերի պատճառով է, որ «այդ մարդիկ իրենց թույլ են տալիս ցեխ շպրտելու, զազրախոսելու, զրպարտելու»: «Բայց ամեն ինչը լավ է չափի մեջ, եւ ես բոլորին խորհուրդ եմ տալիս չափը չանցնել, ռեալության զգացումը չկորցնել, եւ ոտքը մեկնել վերմակի չափով: Վերմակի տակից դուրս եկած ոտքը տհաճություն է պատճառում»: