Ընդամենը 5 օր է մնացել ընտրություններին: Ներքաղաքական կրքերը շիկանում են, ՀՀ նախագահի թեկնածուները բացում են քարոզարշավային քաղտեխնոլոգիաների` վերջին օրերի համար նախատեսած զինանոցը:
Երեկ քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեման` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մոսկվա կատարած մեկօրյա այցն էր եւ այնտեղ նրա ունեցած հնարավոր հանդիպումները: Հայաստանյան եւ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, թե նա խոսել է ՌԴ նախագահի թեկնածու, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մասնավորապես «Արգումենտի ի ֆակտի»-ի էլեկտրոնային կայքէջը լուր էր հրապարակել Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած այցի մասին՝ նշելով, որ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ կարճ զրույց է տեղի ունեցել Տեր-Պետրոսյանի եւ Մեդվեդեւի միջեւ: Չի նշվում՝ հեռախոսազրո՞ւյց, թե՞ դեմառդեմ: Հասկանալի է՝ լուրի հաղորդման զգուշությունը, ըստ որի՝ լուրը ամենեւին չի հաստատվում: Ստորեւ ներկայացնում ենք ռուսական մամուլում տպագրված հրապարակումներն այդ մասին, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հայտարարության եւ ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչների տեսակետներն այդ այցի եւ առհասարակ ՀՀ նախագահական ընտրությունների մասին:
«Նովիյե իզվեստիա» մոսկովյան թերթը երեկ կարծիք է հայտնել, թե Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները դժվար է կանխատեսել: «Քվեարկության ելքն ամենեւին կանխորոշված չի թվում»,- գրել է պարբերականի մեկնաբանը, ում կարծիքով՝ ինտրիգը ծագել է այն ժամանակ, երբ ընտրապայքարին միացել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Երեւանում նա բազմահազարանոց հանրահավաքներ է գումարում, քարոզարշավն իրականացնում է փողոցային ակցիաների ռեժիմով, եւ բնակչության մի զգալի մասը պատրաստ է կրկին վստահել նրան գլխավոր պետական պաշտոնը»: Հոդվածագիրը միաժամանակ փաստում է, որ Կրեմլի համակրանքը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմն է: «Մոսկվան, անշուշտ, հետեւում է ընտրարշավին: Նրա նախընտրած թեկնածուն, ինչպես միշտ, իշխող կուսակցության թեկնածուն է, որի հաղթանակը կարող է ապահովել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի հաջորդականությունը»,- գրել է թերթը: Եվ թերթը սա տպագրում է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն արդեն երկու օր է, ինչ տարածում են, որ թեկնածուն` Մոսկվա կատարած այցի ժամանակ, չես հասկանում` հանդիպե՞լ է, թե՞ հեռախոսով է շփվել, թե՞ ընդհանրապես չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Եթե իրավամբ այդ հանդիպումը եղել է, ապա այդ մասին պաշտոնապես, բացահայտ կհայտարարեր ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը: Սակայն նրանք դա ոչ հաստատում են, ոչ հերքում, ինչից հասարակության մի մեծ զանգված մտածում է, թե նման լուրերը եւս քաղաքական տեխնոլոգիաների «պահարանից» են:
Ռուսաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի գտնվելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներից ստացվող դիմումների կապակցությամբ Հայաստանում ՌԴ-ի դեսպանությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ասված է, թե դեսպանությունն այդ մասին համապատասխան տեղեկատվություն չունի: Դեսպանությունը խորհուրդ է տվել օգտագործել ռուսաստանյան ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության տարածած նյութը: Իսկ Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած մի աղբյուր ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է, որ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հանդիպումներ չեն ունեցել ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու, երկրի նախկին ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քարտուղարությունը եւս հերքել է այն տեղեկատվությունը, թե ՌԴ-ի նախագահի թեկնածուն հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է Regnum գործակալությունը, երեկ հայտարարել է «Ռուսսկի միր» հիմնադրամի նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Հայաստանի նախագահական ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսում: «Ես հատուկ զանգահարել եմ Մեդվեդեւի քարտուղարություն եւ այնտեղ ինձ բառացիորեն պատասխանել են հետեւյալը. «Հանդիպում չի եղել, չկա ու չի լինի»: Ըստ Նիկոնովի՝ «լուրերն այն մասին, թե Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեդվեդեւի հետ, ոչ միայն PR է, այլեւ հենց Մեդվեդեւին վնասելու որոշակի փորձ: Իմանալով, թե ով է Տեր-Պետրոսյանը, նրա կապերը կարող են օգտագործվել Մեդվեդեւի դեմ»: Խոսելով այն մասին, որ Լ. Տեր-Պետրոսյանը ժամանել է Մոսկվա, Նիկոնովը նշել է, որ նա ՌԴ մայրաքաղաքում ոչ ոքի հետ չի հանդիպել: «Ամեն դեպքում այդ այցի նպատակը այն բանի ցուցադրումն էր, թե նա՝ որպես Հայաստանի նախագահի թեկնածու, ընդունելի է Մոսկվայի համար»,- նշել է ռուսաստանցի քաղաքագետը, ավելացնելով, թե իր տեղեկություններով՝ «Ռուսաստանի իշխանական միջանցքներից հրահանգ է եղել իշխանության բոլոր ներկայացուցիչների համար, որպեսզի նրանցից ոչ ոք չհանդիպի Տեր-Պետրոսյանի հետ»: «Ռուսսկի միր» հիմնադրամի նախագահը ՌԻԱ «Նովոստիում» կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ՀՀ նախագահի՝ փետրվարի 19-ի ընտրություններում ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ առաջին փուլում: Ըստ քաղաքագետի՝ դրա հիմքում «ոչ միայն իշխանության ռեսուրսն է, այլեւ Հայաստանի լուրջ սոցիալ-տնտեսական առաջընթացը, որը հետխորհրդային տարածքի առավել դինամիկ երկրներից մեկն է»: «Ըստ իս՝ հանգիստ ընտրություններ չեն լինելու: Ընդդիմությունը դժգոհելու է քվեարկության ցանկացած արդյունքից, որն ակնհայտորեն նրա օգտին չի լինելու, եւ չի համակերպվելու, ուստի հնարավոր են փողոցային ելույթներ: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում «գունավոր հեղափոխություն» կլինի, այնտեղ իրադրությունն ավելի հանգիստ է, քան այն երկրներում, որտեղ դրանք տեղի են ունեցել»,- ավելացրել է Նիկոնովը, չբացառելով, որ ընդդիմությունն, այնուամենայնիվ, ուժային ինչ-որ գործողություններ կձեռնարկի:
Իսկ ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ ասել է, որ Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթելու Սերժ Սարգսյանի հնարավորություններն ավելի մեծ են, քան ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներինը: «Մեր ունեցած բոլոր հարցումները խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանի հնարավորություններն ավելի մեծ են: Նրա օգտին քվեարկում են նրանք, ովքեր կայացել են, ում բավարարում է Հայաստանի այսօրվա քաղաքականությունը, եւ ովքեր ակնկալում են, որ հետագայում իրենք միայն կամրապնդեն իրենց տեղն այս կյանքում»,- ասել պատգամավորը, ում կարծիքով` ընդդիմության հնարավորությունները, որին չհաջողվեց միավորվել, «օբյեկտիվորեն այնպիսին չեն, ինչպիսին Սերժ Սարգսյանի հնարավորություններն են»: Պատասխանելով ընտրություններից հետո իրադրությունն ապակայունացնելու ընդդիմության հնարավոր գործողությունների վերաբերյալ հարցին՝ Կ. Զատուլինը հույս է հայտնել, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականաչափ լուրջ քաղաքական գործիչ է ու ազնիվ մարդ, որպեսզի հասկանա, որ ցանկացած ապակայունացում հսկայական վերք է ամբողջ հայ ժողովրդի համար»:
Պյոտր Ռոմանով. Ընտրություններ Հայաստանում: Անցյալի միջով ապագա չես հասնի
Երեւան, 13 փետրվարի: Փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկրի նախկին նախագահ, այժմ նախագահի թեկնածու պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն այնտեղ նա աջակցություն չգտավ: Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունից եւ ոչ մեկը նրան չընդունեց: Պատճառներն ակնհայտ են: Ռուսաստանն իր բարեկամ Հայաստանին նորմալ ապագա է ցանկանում, սակայն նա բոլորովին վստահ չէ, որ դեպի ապագա տանող ուղին անցնում է վատ անցյալի միջով: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց վատ մենեջերի ու ձախողված քաղաքական գործչի համբավ ունի դեռ նախորդ նախագահության ժամանակներից: Իսկ եթե այդպես է, էլ ինչո՞ւ հանդիպել նրան:
Ի դեպ, Մոսկվայի դիրքորոշումը, երեւում է, համահունչ է այն բանին, ինչ մտածում է հայերի մեծ մասը ընտրությունների նախաշեմին: Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ընտրողների կեսից ավելին պատրաստ է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին: Ավելին, ակնհայտորեն ձախողվում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը` իր շուրջ համախմբել նախագահի մյուս թեկնածուներին` ընդդեմ նախագահի ամենահավանական թեկնածուի` Սերժ Սարգսյանի: Ընդդիմության շարքերում իշխող տրամադրությունների մասին է խոսում, օրինակ, «Ազգային Միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի վերջերս ունեցած ելույթը: Գլխավոր քննադատությունն ուղղված էր ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նախկին նախագահի դեմ: Եվ պատճառը նույնն է. դեռ շատ վառ են տխուր անցյալի եւ ցավագին վիրավորանքների մասին հիշողությունները, որ մի ժամանակ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին պատճառել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կարելի է վարչապետ Սարգսյանի այժմյան հաջողություններն անվերջ բացատրել բարենպաստ տնտեսական կոնյունկտուրայով, բայց դրանից եւս պետք է կարողանալ օգտվել: Իմիջիայլոց, նույն Տեր-Պետրոսյանը ստիպված է ընդունել, որ իր նախարարների կաբինետում հենց Սերժ Սարգսյանն է եղել ամենաարդյունավետ եւ ուժեղ անձանցից մեկը:
Տեր-Պետրոսյանի օգտին չէ նաեւ նրա ընտրած տոնը, նախընտրական բառապաշարն ու ոճը: Հայաստանի ներկայիս դրությունը «մոնղոլ-թաթարական կառավարման» հետ համեմատելը վիրավորական է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հայ ժողովրդի համար: Եվ այդ ամենն անհեթեթ է հնչում երկրում նախընտրական պայքարի ֆոնին, որտեղ «Չինգիզխանի» աթոռին հավակնում են ինը թեկնածու:
Եվ վերջապես, դժվար է ուշադրություն չդարձնել Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի` ընտրողներին դիմելու սկզբունքորեն հակառակ միջոցներին: Եթե առաջինի դեպքում մրցակցին վատաբանելու հերթական փորձն է, ապա երկրորդ դեպքում երկրի առջեւ դրվում են կոնկրետ եւ միանգամայն իրատեսական խնդիրներ, իսկ գլխավորը` նշվում են առկա խնդիրների լուծման ուղիներ: Թեկնածու Տեր-Պետրոսյանը նույնիսկ չի մտածում Հայաստանի համար կարեւոր այնպիսի հարցերի մասին, ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:
Եվ այստեղ ակնհայտ է, որ առավելությունը Սարգսյանի կողմն է: Նշենք նաեւ, որ վարչապետ Սարգսյանի այժմյան դժվարություններն անգամ մեծ չափով ժառանգություն են մնացել Տեր-Պետրոսյանի ձախողակ նախագահության ժամանակներից: Ուրեմն ինչո՞ւ պետք է Հայաստանը ընթանա ոչ թե դեպի ապագան, այլ անցյալը, այն էլ՝ ձախողված:
Պյոտր ՌՈՄԱՆՈՎ
ՌԻԱ Նովոստի-ի քաղաքական մեկնաբան