ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Թալինում ընտրողներին հավաստիացրել է, որ ընդդիմության ցանկացած թեկնածուի օգտին տրված ձայնը չի փոշիանա: Սակայն հավաքվածները թեկնածուների միավորում են պահանջել: Նրանցից մի քանիսը Մանուկյանին կոչ են արել միանալ Լ. Տեր-Պետրոսյանին: «Երկու թեկնածու կա, որոնց սատար չեմ կանգնի. մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մնացած բոլորի հետ մենք կարող ենք միավորվել,- պատասխանել է Վ. Մանուկյանը, եւ ավելացրել,- որովհետեւ ես գտնում եմ՝ նույն իշխանությունն է, ինչ որ սա»: «Դուք ամեն ինչ մոռացե՞լ եք,- հարցրել է Վ. Մանուկյանն ու շարունակել,- Դուք մոռացել եք, ես չեմ մոռացել: Ես Սերժ Սարգսյանի Հայաստան չեմ ուզում: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստան չեմ ուզում»: Փարպի գյուղում «Երկրապահ» կամավորականների միության տեղական կառույցի ղեկավարը եւս առաջարկել է միավորվել Տեր-Պետրոսյանին, ինչին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասել է. «Ձեր կարծիքը փոխվե՞լ է Ղարաբաղի հարցում: Իր (Լ. Տեր-Պետրոսյանի.-խմբ.) կարծիքը փոխվե՞լ է… Հստակ ասել է… Այսինքն՝ ձեզ միշտ կարելի է օգտագործել: Վազգեն Սարգսյանը ինչ որ ասում էր, հլու-հնազանդ ենթարկվում էիք: Ասեց՝ Լեւոնին գցեք՝ գցեցիք: Հիմա Վազգեն Սարգսյանի եղբայրը, Լեւոնը, Մանվելն ասում են՝ հիմա սրանց գցեք՝ Լեւոնին բերեք, ու դուք, ենթադրենք, բերեցիք: Էլ դուք ի՞նչ երկրապահ… Դուք երկի՞ր եք պահում… Դուք ձե՛զ եք պահում… Եթե քաղաքականությունից չեք հասկանում, գնացեք ձեր տանը ձեր գործով զբաղվեք: Թույլ տվեք քաղաքականությամբ քաղաքական գործիչները զբաղվեն»: