Աննախադեպ իրավիճակ Հարավային Կովկասում

15/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ շատ դժվար է ասել, թե ով կհաղթի այդ ընտրություններում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:

Երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Կոմերսանտ» թերթը: Իսկ «Նովիյե իզվեստիան» գրել է. «Քվեարկության ելքն ամենեւին կանխորոշված չի թվում»: Դրա պատճառն, ըստ թերթի, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն է: «Երեւանում նա բազմահազարանոց հանրահավաքներ է գումարում, քարոզարշավն իրականացնում է փողոցային ակցիաների ռեժիմով, եւ բնակչության մի զգալի մասը պատրաստ է կրկին վստահել նրան գլխավոր պետական պաշտոնը»,- նշել է «Նովիյե իզվեստիան»: Ընտրությունների ելքի մասին նմանօրինակ կարծիք հայտնեց նաեւ «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով՝ ինքն իր ողջ պրոֆեսիոնալ աշխատանքի ընթացքում նման բան չի հիշում: Բանն այն է, որ, քաղաքագետի գնահատմամբ, քվեարկությունից ընդամենը օրեր առաջ հնարավոր չէ ասել, թե ով կհաղթի, կամ թե այդ հաղթողը կհաղթի մե՞կ, թե՞ երկու փուլով: Նրա դիտարկմամբ՝ նման իրավիճակը Հարավային Կովկասում աննախադեպ է, քանի որ մինչ այժմ այս տարածաշրջանում եւ հետխորհրդային շատ այլ երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուզբեկստանը, ընտրություններից շատ առաջ հայտնի է, թե ով է հաղթելու: «Չափազանց հետաքրքիր իրավիճակ է: Մինչեւ սեպտեմբերի 21-ը ես չէի ենթադրում, որ այսքան հետաքրքիր կլինի: Սեպտեմբերի 21-ին քաղաքականություն վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով գործնականում փոխեց ընտրության ողջ դաշտը: Ընտրությունները դարձան քաղաքականացված: Տարօրինակ արտահայտություն է, բայց քաղաքական ընտրությունը դարձավ քաղաքականացված»,- նկատեց Ա. Իսկանդարյանը: Քաղաքագետը փորձեց գնահատել նաեւ ՀՀ առաջին նախագահի օրեր առաջ Մոսկվա կատարած մեկօրյա այցն ու այնտեղ նրա ունեցած հանդիպումները: «Ընտրությունները կայանալու են Հայաստանում: Պատկերացնել, թե ինչ-որ այլ երկիր, կարեւոր չէ, թե որը, կարող է, օրինակ, Պողոս Պողոսյանին ընտրել Հայաստանի նախագահ, ճիշտ չէ: Դրսի գործոնը թեկնածուներն ավելի շատ օգտագործում են ներքին իրավիճակի վրա ազդելու համար. մի թեկնածուն ասում է՝ ես այսինչի հետ կարող եմ հանդիպել, մյուսն էլ ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է այդ մարդու հետ հանդիպել, դեռ ավելին՝ ուրիշի հետ էլ կարող է հանդիպել եւ այլն: Թեկնածուներից ոմանք փորձում են օգտագործել նաեւ այդ ֆակտորը,- կարծիք հայտնեց քաղաքագետը՝ հավելելով,- Կարծում եմ, որ այդ ֆակտորը որոշիչ չէ: Հիմնական ֆակտորն, այնուամենայնիվ, սոցիալականն է, ներքինն է: Արտաքին ֆակտորները, անգամ՝ Ղարաբաղի հարցը, որոշիչ դեր չի խաղում այդ պայքարում»: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի միանալը Տեր-Պետրոսյանին, ըստ Ա. Իսկանդարյանի, իրավիճակը կտրուկ չի փոխի: Իրավիճակը կտրուկ չի փոխի նաեւ Արթուր Բաղդասարյանի հնարավոր միացումն առաջին նախագահին: Սակայն, թե ի վերջո ի՞նչ որոշում կընդունի Ա. Բաղդասարյանը, Ա. Իսկանդարյանը դժվարանում է ասել: Իսկ ինչո՞ւ է քաղաքագետը խոսում միայն ՀՀ նախագահի երկու թեկնածուների մասին եւ չի խոսում մյուս յոթ թեկնածուների մասին: Ի պատասխան այս հարցի, բանախոսը նշեց. «Խոսում եմ միայն երկու թեկնածուի մասին, որովհետեւ, իմ կարծիքով, միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանն են իսկապես պայքարում նախագահի պաշտոնի համար: Մյուս 7 թեկնածուները պայքարում են ինչ-որ այլ բանի համար»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ կան տարբեր տիպի թեկնածուներ: Օրինակ, կան մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, որ հաստատեն իրենց տեղը քաղաքականության մեջ, կան մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, որ հաջորդ կառավարության մեջ իրենց համար տեղ ձեռք բերեն, կան մարդիկ, ովքեր մասնակցում են, որ հայտարարեն, որ իրենք էլ կան քաղաքականության մեջ եւ, վերջապես, կան մարդիկ, ովքեր չեն կարող չմասնակցել ընտրություններին: Խոսվեց նաեւ ընտրակաշառքների մասին: Սակայն քաղաքագետն առաջարկում է «ընտրակաշառք» տերմինի տակ ավելի լայն բան հասկանալ, քան զուտ փողն է: Ըստ նրա, ընտրակաշառքը պետք չէ հասկանալ՝ որպես միայն փողի տեսքով: «Կարելի է շենքի մուտքին դուռ դնել, ինչ-որ ավտոճանապարհ սարքել, կանչել ինչ-որ մեկի մոտ ու ինչ-որ բան ասել եւ այլն: Սա այն է, ինչ կոչվում է «ադմինիստրատիվ ռեսուրս»: Կիրականացվի՞ դա ընտրությունների ժամանակ: Անկասկած: Դա կլինի հիմնական գործիքը»,- ասում է Ա. Իսկանդարյանը: Նա նկատում է, որ ընտրակաշառքը, բառի լայն իմաստով, չի կարող էապես փոխել ընտրության իրական արդյունքը: Իր այս պնդումը քաղաքագետը հետեւյալ կերպ է հիմնավորում. եթե անձնագրեր կեղծելով, արդյունքների նկարումով, լցոնումներով եւ այլ բաներով արմատապես հնարավոր լիներ փոխել ընտրության արդյունքները, ապա այդքան մեծ գումարներ ոչ մեկը չէր ծախսի: «Եթե դա արվում է, այս ամենը ցույց է տալիս, որ իմ ձայնը պետք է»,- եզրակացրեց Ա. Իսկանդարյանը: