Բորիս Բուրդան՝ «Ի՞նչը: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբի ամենաբայրացակամ, ամեն ինչ
իմացող ու համակրելի գիտակը, Երեւան է եկել իր հեղինակային «ԹՍցրվՏ ր
ըցՐՊՏռ» ծրագիրը նկարահանելու նպատակով: Պրն Բուրդան ինքն իրեն ոչ պրակտիկ
մարդ է համարում, քանի որ չի խնդրում ոչ մեկին իր մասին հոդված ու
հաղորդում անել, բայց երբ իրեն են ինչ-որ բան խնդրում՝ երբեք չի մերժում:
Նա պատրաստվում է նաեւ թողարկել իր հեղինակային երգերի ձայներիզը: «Կեսը
երգ կլինի, իսկ կեսը՝ պատմություններ: Ես թույլ բնավորություն ունեմ, երբ
խնդրում են՝ անում եմ: Փոխվելու համար արդեն ուշ է, արդեն 55 տարեկան
եմ»,- ասաց նա՝ երեւանյան շուկայում իր նկարահանումների ժամանակ:
– Ինչպիսի՞ն է Հայաստանը:
– Ես շատ բան գիտեմ Հայաստանի մասին, քանի որ իմ ծրագիրն արդեն 6 տարի
գոյություն ունի, եւ հայկական խոհանոցի ճաշատեսակներից մի քանիսը ես արդեն
ցուցադրել եմ: Օրինակ, խաշի մասին պատմել եմ առաջին հաղորդումներից
մեկում: Եվ հենց Հայաստանում ինձ սովորեցրին խաշը ձեռքով ուտել, ինչը եւ
ես արեցի հաղորդման ընթացքում, թեեւ կարծում եմ, որ գդալով ուտելն ավելի
հարմար է:
– Ո՞ր ճաշատեսակներն են դառնալու նոր հաղորդումների թեման:
– Հիմա նկարահանում ենք եւ՛ ծրագիրը, եւ՛ առանձին վավերագրական ֆիլմ:
Հանդիսատեսի համար մրցույթ էինք հայտարարել եւ ստացել բավական շատ
բաղադրատոմսեր եւ նաեւ ճաշատեսակների հետ կապված նրանց ցանկություններն
իմացել: Հաստատ գիտեմ, որ կպատմենք հարիսայի ու սպասի մասին, դա ես
երաշխավորում եմ: Մյուս ճաշատեսակների շուրջ դեռ վիճում ենք:
– Պարզելու համար որքան ազգայի՞ն են, թե՞ որոնք են հետաքրքիր:
– Լավ ճաշատեսակները շատ են, իսկ հաղորդման ժամանակը՝ սահմանափակ: Մենք
կպատմենք չորս ճաշատեսակի մասին՝ ցուցադրելով եւ Հայաստանի մշակույթը, եւ
պատմությունը, եւ հետաքրքիր վայրերը: Ես համոզված եմ, որ խոհարարությունը
նույնպես արվեստի ժանր է, ինչպես պոեզիան, երաժշտությունը, կերպարվեստը,
պարզապես ավելի դժբախտ ժանր է: Քանդակագործը ստեղծում է իր արձանը, եւ
արձանը դարեր շարունակ կանգնած մնում է, բոլորը հիանում են, իսկ խոհարարը
ստեղծում է իր ճաշատեսակը, որը միանգամից ոչնչացվում է, ոչ մի բան չի
մնում: Ընդ որում, որքան կատարյալ է ստացվում խոհարարի
ստեղծագործությունը, այնքան արագ է վերանում: Նույնիսկ զարմանալի է, որ
խոհարարությունն այսպիսի պայմաններում կարողանում է պահպանվել եւ մեծ
արվեստ դառնալ: Զգացել ենք, որ հիմա խոհարարության նկատմամբ վերաբերմունքը
փոխվել է: Սովետական Միությունում ապուշի էտալոն էր համարվում խոհարարական
ուսումնարանի շրջանավարտը: Երկուսներ ստացող աշակերտին վախեցնում էին,
ասելով՝ եթե գնահատականներդ չուղղես, ստիպված խոհարար կդառնաս: Թվում էր,
խոհարարից ավելի վատ մասնագիտություն չկա: Եթե խոհարար ես, ուրեմն գեր,
հիմար ու գող ես, եւ անպայման՝ հարբեցող: Հիմա լավ խոհարարները ոսկու գին
ունեն, մեծ փողեր են աշխատում ու կարող են լավ, բավական պատշաճ
ավտոմեքենաներ գնել: Բոլորը հասկանում են, որ խոհարարը նկարիչ է եւ կարող
է ստեղծել անկրկնելի բաներ: Մրցույթների ժամանակ մրցում են ինչպես,
օրինակ, երաժիշտները: Դա բարձր արվեստ է: Ես խոհարար չեմ, իմ
մասնագիտությունը Օդեսայի հիանալի խոհարար Լազարսոնը շատ դիպուկ անվանել է
«foodwriter»: Ես գրում եմ ու պատմում ուտելիքների մասին:
– Մարդիկ Ուկրաինայում ու Հայաստանում տարբերվո՞ւմ են իրարից:
– Ես Հայաստանում առաջին անգամ եղել եմ 1976 թվականին: Կարծում եմ, որ
ամեն տեղ էլ մարդիկ շատ քիչ բանով են իրարից տարբերվում: Բայց չգիտես
ինչու՝ անիմաստ ու աննպատակ բաներով են զբաղված՝ փորձում են գտնել ու
ընդգծել իրենց առանձնահատկությունները: Ընդգծել պետք է նման լինելը:
Նմանությունը շատ մեծ է, ես այստեղ ինձ բավական հարմարավետ եմ զգում,
Հայաստանն ինձ համար օտար ու անսովոր երկիր չէ: Եթե հաշվի չառնենք,
իհարկե, ավտոմեքենաների վարորդներին, որոնք կանոններին չեն հետեւում, բայց
ոչինչ՝ մեզ մոտ էլ այդպիսիները կան: Իսկ կենցաղային տարբերությունների
մասին խոսելու համար պետք է սպասեք, մինչեւ հայուհու հետ ամուսնանամ ու
Հայաստանում գոնե մի քանի տարի ապրեմ: Մարդիկ ամեն վայրում էլ նույնն են:
Արդյոք կարեւո՞ր է՝ ինչով են տարբերվում: Կարեւորը մտքերը, զգացմունքները
ու սպասելիքներն են: Շատ բաներ կան, որոնք իրարից պետք է ընդօրինակել:
Օրինակ, վա՞տ կլիներ, որ մեզ մոտ տարածվեր ձեր մածունը: Մենք այդքան լավ
կաթնամթերք չունենք: Կամ էլ ձեզ պես հաճախ ու լայն օգտագործեինք բազմազան,
հետաքրքիր ու համեղ կանաչեղենը: Չէ, մեզ մոտ էլ է աճում ասենք՝ համեմը,
բայց օգտագործելու ավանդույթը չկա: Մեր օդեսական «Պրիվոզ» կոչվող շուկան
ձեր շուկաներից մի քանի անգամ մեծ է, բայց այնտեղ միայն մի քանի տարի է,
ինչ սկսել են կանաչի վաճառել: Անտեղյակ ու հիմար էինք: Պետք է սովորել ու
լավ բաներով կիսվել: Կիսելով ավանդույթները՝ ոչ մի բան չենք կորցնում:
Ասեք ինձ, սիրելի հայեր, ձեզ վնաս կտա՞, եթե մենք սովորենք մածուն
պատրաստել, իսկ դուք սովորեք ճիշտ բորշչ եփել:
– Մենք բորշչը լավ չե՞նք պատրաստում:
– Ձեր պատրաստածը բորշչ չէ: Սակայն չեմ կարող պնդել, որ դա մեծ նշանակություն ունի:
– «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղում կարեւորը խա՞ղն է, թե՞ գիտելիքները:
– Ես ոչ գիտակ եմ, ոչ խաղացող, ես սպորտսմեն եմ: Խաղացողներին ընդհանրապես
չեմ սիրում, նրանք միշտ ուզում են հաղթել ամեն գնով, իսկ սպորտսմենները
սիրում են հաղթել կանոններով:
– Որքանո՞վ է խաղը կյանքում պետք գալիս:
– Խաղը վարժություն է, որը խթանում է ապրելու ցանկությունը: Խաղն օգնում է
կյանքում այնպես, ինչպես ամեն բան, որը ճիշտ է օգտագործվում: Սխալ
օգտագործեցիր՝ կհիվանդանաս:
– Ձեզ գիտակների շրջանում «քայլող էնցիկլոպեդիա» են անվանում: Շատ բան իմանալը չի՞ խանգարում հանգիստ ապրելուն:
– Դրանք հեքիաթներ են: Գիտելիքները տալիս են առավելություն: Խանգարել
կարող են ուրիշների գիտելիքները ու միայն այն մարդկանց, ովքեր իրենք ոչինչ
չգիտեն, բայց ձեւացնում են, թե գիտեն: Մարդիկ հաղորդակից անոթների են
նման: Երբ շփվում ես ավելի բարձր մակարդակ ունեցող մարդու հետ՝ քո
մակարդակը բարձրանում է, իսկ նրանը՝ ընկնում: Նրան շփվելու համար պետք է
գտնել ուրիշ մարդ, որն այս պահին իրենից ավելի բարձր է: Կան մարդիկ, որոնք
արեւային մարտկոցի են նման ու սնվում են ուղղակի արեւի ճառագայթներից:
Այդպիսի մարդկանց շնորհիվ ընդհանուր մակարդակը բարեբախտաբար չի հասցնում
անհուսության հասնել:
Լեգենդ Բորիս Բուրդայից
«Քայլում էր Թբիլիսի քաղաքով վրացի պոետ Գիվին, եւ ինչպես բոլոր պոետները՝
Գիվին աղքատ էր եւ հագել էր պատռված շալվար, որը բավական անհարմար մի
տեղում մեծ ծակ ուներ: Իսկ հետեւից գնում էր հարուստ եւ գեր մի խանութպան՝
իր ոչ պակաս գեր մադամի հետ: Խանութպանը դժգոհ նայում եւ ասում է. «Էյ,
Գիվի, ինչո՞ւ ես իմ եւ իմ մադամի առջեւից այսպիսի տեսքով քայլում: Եթե փող
չունես, ասա, կտամ, որ նոր ջինս գնես»: Պոետ Գիվին շրջվում եւ պատասխանում
է. «Նայիր, ինչ գեղեցիկ է մեր Թբիլիսին, ինչպես են Մթածմինդայում երգում
սոխակները եւ ինչպես են լուսատտիկները թռչում Դավթի սարի վրայով: Էս
բոլորը թողած՝ իմ հետույքի՞ն ես նայում»: