Դաշնակցությունը դատարկ կարաս չէ, որ անընդհատ զրնգա, ու երբեք չի ասի ամբոխահաճ բաներ, որոնց համար հետո չկարողանա պատասխան տալ:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Սա, ըստ էության, դաշնակցականների արդարացումն է այն առնչությամբ, որ ունենալով նախարարական պաշտոններ եւ փաստացի իշխանության մաս կազմելով, այսօր իրենք քննադատում են իշխանություններին: «Մենք ՀՀՇ կառավարման տարիներին ընդդիմություն էինք, եւ ավելի մեծ իշխանություն կար մեր այդ ընդդիմություն լինելու մեջ, քան հիմա, երբ երկու-երեք խղճուկ պորտֆել ունենք»,- հայտարարել է ՀՅԴ անդամը, ըստ որի՝ այն ժամանակ իրենք իրենց գործողություններում ավելի ազատ են եղել, քան հիմա: Այս հայտարարությանն ի պատասխան՝ լրագրողները տկն Պետրոսյանին հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ Դաշնակցությունը չի թողնում այդ «խղճուկ պորտֆելները» եւ չի փորձում իր ազատությունն ու իշխանությունը դրսեւորել` դառնալով ընդդիմություն: Ի պատասխան, Ալվարդ Պետրոսյանն ասել է, թե ՀՅԴ-ն իր գործունեության ընթացքում շատ բան է փորձել, հիմա էլ փորձում է «պորտֆելներով ճշմարտությունն ասել»: Բացի այդ, ըստ նրա, ՀՅԴ-ն համազգային ուժ է, եւ՝ ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ` Սփյուռքի առաջ է պատասխանատու, իսկ Սփյուռքը Դաշնակցությունից պորտֆելներ է ուզում: Նա ասել է նաեւ, թե Դաշնակցությունն՝ ունենալով պորտֆելներ, կարողացավ իրեն այնպես ճշգրիտ պահել, որ չկորցրեց իր դեմքը: ՀՅԴ անդամը հայտարարել է նաեւ, թե Դաշնակցության առավելությունը մյուս կուսակցությունների համեմատ համեստությունն ու ասպետականությունն է, որով, օրինակ, իրենք, ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն դատապարտելու ամենամեծ բարոյական իրավունքը, իրականում չարեցին դա, չգնացին Տեր-Պետրոսյանի վերադարձը մրոտելու ճանապարհով, որովհետեւ մտածել են կենսոլորտը չարությամբ չլցնելու մասին: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ Ալվարդ Պետրոսյանի, այժմ խաղում է ժողովրդի բնազդների վրա: Ինչ վերաբերում է վերջին օրերին տարբեր, հիմնականում՝ իշխանական կուսակցություններից որոշ անդամների դուրս գալու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու երեւույթին, ապա, ըստ Ալվարդ Պետրոսյանի, այսօր ինչ-որ խուճապային, ճամպրուկային, կասկածի ու մտահոգության տրամադրություններ են առկա գրեթե բոլոր կուսակցություններում, բացի ՀՅԴ-ից: «Որովհետեւ մենք միշտ հաղթել ենք, քանի որ մենք անձի վրա հենված կուսակցություն չենք»,- իր համոզվածությունն այսպես է բացատրել Պետրոսյանը, ըստ որի՝ միեւնույն է, ով էլ հաղթի ընտրություններում, «վերջում գնալու է ՀՅԴ-ի դուռը»: Ալվարդ Պետրոսյանը եւ իր հետ ասուլիսին մասնակցող երգահան Ռուբեն Հախվերդյանը խոսել են նաեւ «Հայաստանում տարվող ղարաբաղցի-հայաստանցի բաժանման մասին»: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել այն կապակցությամբ, որ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարում է Հայաստանից ղարաբաղցիներին հեռացնելու մասին: Այդ համատեքստում նրանք նաեւ իրենց զարմանքն են արտահայտել Հայաստանում հայրենակցական միությունների գոյության եւ նախագահի որեւէ թեկնածուի սատարելու մասին այդ միությունների հայտարարությունների կապակցությամբ: Ռուբեն Հախվերդյանը, օրինակ, ի դեմս այդ հայրենակցականների գոյության՝ որոշակի ֆաշիզմի հոտ է առնում, իսկ Ալվարդ Պետրոսյանը գտնում է, որ հայրենակցական միությունները «մեր ազգային ծառի վրա աճած քաղցկեղն են»: Ռուբեն Հախվերդյանը ասել է նաեւ, թե ինքը 100 տոկոսով համաձայն է թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՀԿ-ի հասցեին հնչեցվող, եւ թե՛ հանրապետականների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղվող մեղադրանքներին: Ի դեպ, երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է նախագահական ընտրություններում «անառողջ մրցապայքարի ցանկացած փորձ» ու կոչ է անում մեր պետականության համար վճռորոշ նշանակություն ունեցող այս ընտրություններում «հանդես գալ բացառապես գաղափարական-ծրագրային դիրքերից»: «Նախագահական ընտրարշավի սկզբում նկատելի՝ անառողջ մրցապայքարի միտումներն օրեցօր նոր դրսեւորումներ են ստանում: Հասարակության մեջ սերմանվող անհանդուրժողականության մթնոլորտը, քաղաքական պայքարի տարրական նորմերի ոտնահարումը, մրցակից թեկնածուների եւ նրանց թիմակիցների՝ միմյանց հասցեին ուղղված անձնական վիրավորանքները, հաշվեհարդարի բացահայտ կոչերն ու սպառնալիքները, հասարակության մեջ թշնամանքի եւ փոխադարձ ատելության սերմանումը հասել են խիստ վտանգավոր մակարդակի: Այս ամենը կանաչ լույս է վառում ոչ քաղաքական տարրերի եւ արտաքին ուժերի միջամտության համար, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը՝ մենք դատապարտում ենք անառողջ մրցապայքարի ցանկացած փորձ: Մենք կոչ ենք անում բոլոր ուժերին՝ նախընտրական արշավի ընթացքում հետեւել քաղաքական էթիկայի նորմերին, հանդես գալ բացառապես գաղափարական-ծրագրային դիրքերից՝ զերծ մնալով իրավիճակը անվերահսկելի դարձնելու սադրիչ փորձերից: Մենք թույլ չենք տա վտանգել երկրի կայունությունը եւ մեր անկախ պետականության ապագան: Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված կացությունից միակ ելքը հնարավոր բոլոր ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները բացառելը եւ իրապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»,- նշված է ՀՅԴ ԳՄ-ի երեկ տարածած հայտարարությունում: