Ժողովուրդը վախի մթնոլորտում է

15/02/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ընտրություններին մնացել է մի քանի օր. իրավիճակը գնալով սրվում է: ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքով` ժողովրդի մեջ վախի մթնոլորտ կա: Նա մարզային իր հանդիպումներից եզրակացրել է, որ շատերը ընտրության օրը պարզապես կվախենան տանից դուրս գալ:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն նշեց, որ այն մարդկանց, ովքեր ցանկանում էին սրացում մտցնել, ինչ-որ տեղ դա հաջողվել է. «Մարդիկ վախի մթնոլորտում են, եւ դա ցավալի է, քանի որ ընտրությունները պետք է տոն դառնային, որովհետեւ ցանկացած քաղաքացի ընդամենը հինգ տարին մեկ անգամ է հնարավորություն ունենում երկրի կառավարությանը մասնակցելու»: Ա. Հարությունյանի կարծիքով` հենց իրենք՝ նախագահի թեկնածուներով, պետք է ամեն ինչ անեին, որ քաղաքացիներն այսքան մտահոգված չլինեին եւ ազատ քվեարկեին: Մինչդեռ քաղաքացուն մտահոգում է այն, թե ինչպես է նախորդ օրն ինքը հեռուստատեսությամբ ականատես եղել Լ. Տեր-Պետրոսյանի եւ ոստիկանի միջեւ երկխոսությանը. «Եվ ի պատիվ ոստիկանի` երեւաց, որ նրա իրավագիտակցությունը մի քանի անգամ բարձր է նախագահի թեկնածուի իրավագիտակցությունից, երբ առաջին նախագահը սպառնում էր ոստիկանին, թե՝ կտեսնես` տասը օր հետո ի՞նչ է լինելու»: Ա. Հարությունյանին այս միջադեպը հիշեցրել է 1996 թվականը, երբ մարդկանց առանց պատճառի ձերբակալել են: «Երեկ հանդիպում էր, որին ես մասնակցում էի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մի շատ կիրթ աղջիկ կար: Բայց վերջում նա ասաց, որ եթե վատ լինի, այսինքն` իրենց թեկնածուն չանցնի, ապա ինքը կգնա Հայաստանից: Ցավալի է, երբ երիտասարդ օրիորդը նման բան է ասում»,- ասաց թեկնածուն եւ նշեց, որ մամուլն էլ, ունենալով իրենց սիրո առարկան, ցեխի, թույնի մթնոլորտ է շաղ տալիս: Մինչդեռ, ըստ նրա, փետրվարի 19-ից հետո մենք «իրար երեսի» ենք նայելու, եւ չպետք է լինի այնպես, որ, օրինակ, բարեկամը բարեկամի դեմ դուրս գա. «Ու չի կարելի այդ մեկ օրվա հետ կապել այն ապագան, որն ինքդ կերտել ես: Այսօր համոզված եմ, որ դեռ ուշ չի կոչ անել թեկնածուներին ու քաղաքական ուժերին, որ մենք փետրվարի 19-ից հետո էլ ապրելու ենք այս երկրում եւ չպետք է այնպես անենք, որ ընտրություններն անցնեն ի վնաս մեր պետության»:

Խոսելով մարդկանց մեջ առկա վախի մթնոլորտից` թեկնածուն կրկին անդրադարձավ Լ. Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմակիցներին, ասելով, որ նրանք մի ուժ են, ովքեր հայտարարում են, որ հաղթելու են ամեն գնով` դրանով վախ ներշնչելով մարդկանց: Մինչդեռ Ա Հարությունյանը բազմիցս ասել է, որ ժողովրդի մի մասը չի կարող հաղթել մյուս մասին. «Նման հաղթանակը կարճ է տեւում: Կամ հաղթելու ենք բոլորս, կամ` պարտվելու ենք: 1996-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չակերտավոր հաղթեց, նա չմնաց այդ աթոռին: Հիմա էլ նույն Մեղրիի հետ կապված տարբերակը: Դա բարոյական չէ: Ասվում է` իշխանություններն ուզում էին ստորագրել, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանն էին դեմ, ու եղավ «Հոկտեմբերի 27»-ը: Դե, եթե այդ տրամաբանությունը շարունակենք, իսկ ինչո՞ւ հետո չստորագրեցին: Չի կարելի շահարկել այդ ամենը: 10 տարի իմանալ, որ նման թուղթ կա, ու չհայտնել, դրա համար դատ է հասնում»:

Ըստ թեկնածուի` հենց նման բաներն էլ վախեցնում են ժողովրդին. «Երբ մարդուն ասում ես` Մեղրին տալու էին, ինչ-որ մարդիկ խանգարեցին, ու դրա համար նրանց սպանեցին, հիմա կարող է` էլի մարդ սպանվի, դա բարոյական չի: Առավել եւս, երբ ոչ մի քայլ չի արվել: Մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, տվեք հային խաղաղություն եւ աշխատանք, եւ նա այս երկիրը կծաղկացնի»:

Թեկնածուն նշում է, որ ժողովրդին պարզապես պետք է չվախեցնել, թողնել, որ նա հանգիստ ընտրություն կատարի։ «Վախեցած մարդը չի կարող ճիշտ ընտրություն կատարել»,- ասում է նա:

Երեք օր առաջ Արամ Հարությունյանի կողմից Ղարաբաղի հարցի վերաբերյալ փաստաթղթին իր ստորագրությամբ արդեն միացել է Վազգեն Մանուկյանը: Ա. Հարությունյանի կարծիքով` մոտ օրերս նաեւ մյուսները կմիանան: Ընդհանրապես, ինքը կցանկանար, որպեսզի նախագահի բոլոր թեկնածուները միասին նստեին, խոսեին, քանի որ, վերջիվերջո, նրանք թշնամիներ չեն: Երկրորդ փուլի եւ այնտեղ իր չհայտնվելու դեպքում՝ Արամ Հարությունյանը առայժմ չի նշում, թե ում կսատարի, որպեսզի որեւէ թեկնածուի գովազդը չանի: Դա կորոշի կուսակցության համագումարը, քանի որ, ըստ նրա` դա միայն իր խնդիրը չէ: Իսկ իր` նախագահ դառնալու դեպքում Արամ Հարությունյանը առաջին բանը, որ կանի, երկրում ստեղծված թույնի մթնոլորտի վերացումն է. «Նախագահը պետք է մոռանա, թե ով է իրեն շատ ձայն տվել, ու Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացու նայի այնպես, ինչպես իր երեխային»: