Հայաստանը երբեք երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական գործիչների պակաս չի զգացել: Ընդամենը մի քանի ամիս առաջ մեր քաղաքական գործիչները, առանց բացառության, Միացյալ Նահանգներին մեղադրում էին Կոսովոյի եւ ԼՂՀ խնդիրների կարգավորման հարցերում երկակի ստանդարտներով ղեկավարվելու մեջ:
Սակայն ի՞նչ ենք պահանջում ուրիշներից, եթե ինքներս մեր իսկ խնդիրների վերաբերյալ ունենք երկակի մոտեցում: Երեկ մամուլում հրապարակում եղավ (նաեւ նամակի պատճենն էր տպագրվել), որում ասվում էր, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը 2007թ. օգոստոսի 29-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղած շնորհավորական նամակում խուսափել է 1915թ. հայկական ջարդերի մասին հիշատակելիս օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Փոխարենը նա, ըստ այդ նույն մամուլի, իրեն թույլ է տվել «Հայոց Մեծ Տեղահանություն» արտահայտությունը: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հերքման նամակ էր տարածել լրատվամիջոցներին, թե նամակում իր կողմից գրված (Great Armenian Dispossession) արտահայտությունը սխալ է թարգմանվել: Իսկ նամակում, բացի քաղաքավարական բնույթի շնորհավորական խոսքերից, եղել են նաեւ հետեւյալ տողերը. «… Մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող խորը վիհերը` լինեն դրանք ժամանակակից բնույթի, թե Մեծ Հայրենազրկման (Great Armenian Dispossession) տխուր ժառանգության արգասիք, պետք է հաղթահարվեն եւ արդար լուծում գտնեն` երկու նորընտիր ղեկավարների եւ նրանց բարյացակամ ու շահագրգիռ համաքաղաքացիների գործակցության միջոցով:
Աստված Ձեզ կանխատեսելու շնորհ տա, պատասխանատվություն եւ այդ օրվան հասնելու առողջություն:
Անկեղծորեն Ձեր Րաֆֆի Կ.Հովհաննիսյան»: Great Armenian Dispossession արտահայտության իմաստը մեզ նույնպես հետաքրքրեց: Այսպիսով, Dispossession բառը տարբեր իմաստներ ունի` տեղահանում, զրկանք, սեփականությունից զրկվել, եւ այլն: Սակայն Great Armenian Dispossession արտահայտությունը, այնուամենայնիվ, «Հայրենազրկում»-ը չէ, ինչպես նշված է «Ժառանգության» հերքման տեքստում: Իհարկե, կարելի է շատ բան հերքել, սակայն այստեղ խնդիրը ոչ թե «Մեծ Տեղահանություն» կամ «Մեծ Հայրենազրկում» արտահայտություններն են, այլ այն փաստը, որ պարոն Հովհաննիսյանը ոչ միայն չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, որի համար, օրինակ, հետ կանչվեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, այլեւ այնքան «ցեղասպանություն» բառից շատ հեռու մի բառից է օգտվել:
Փաստորեն պարզվում է, որ նույնիսկ սփյուռքահայ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի որդին` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ Դատի վերաբերյալ երկու ճշմարտություն ունի` ներքին եւ արտաքին օգտագործման համար: Հայաստանում նա ներկայանում է՝ որպես ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անկոտրում մարտիկ, իսկ արտաքին շփումներում եւ, առաջին հերթին, ցեղասպանությունը գործած երկրի, այդ փաստը չընդունող երկրի ղեկավարի հետ` որպես «ճկուն դիվանագետ», «խուրդելով» ցեղասպանությունը «հայրենազրկում» կամ «տեղահանություն» արտահայտությամբ:
Հասկացողությունների նման անսպասելի տրանսֆորմացիաների մասին կարելի է միայն կռահել: Գուցե մեկ անգամ արդեն «ցեղասպանություն» բառը օգտագործելու համար արտգործնախարարի աթոռից զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, կրկին իշխանություն ունենալու համար, որոշել է «ռեւիզիայի՞» ենթարկել իր նախկին ժառանգական մոտեցումները:
Օրերս «Ժառանգությունը» ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանին միանալու հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ շրջանառվող լուրերի` Ր. Հովհաննիսյանին առաջարկվելու է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը, թեեւ նրանք հայտարարեցին, թե ակնկալիքներ չունեն: Ի դեպ, որքան հայտնի է, «Ժառանգություն» կուսակցության մի շարք անդամներ, չնայած կուսակցության քաղաքական այս որոշմանը, սատարելու են ՀՀ նախագահի թեկնածուներ Արթուր Բաղդասարյանին, Վազգեն Մանուկյանին եւ Սերժ Սարգսյանին: Մտածել է պետք: