Պայմանագիրը ստորագրեցին

15/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Երեւանում ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:

Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը: Հիշեցնենք, որ դեռեւս հունվարին էր պարզ դարձել, որ «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթում հաղթել է միակ մասնակից «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որը առաջիկա 50 տարիներին կտնօրինի «Հայկական երկաթուղին»: «Մենք հստակ պատկերացնում ենք, որ թեեւ այսօրվա մեր ստորագրած պայմանագիրը կարծես թե երկաթուղային է, բայց դա պայմանագիր է «Ռուսաստանի երկաթուղիների» եւ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջեւ: Այդ պատճառով էլ մենք հասկանում ենք դրա քաղաքական ողջ նշանակությունը եւ կողմերի ստանձնած պատասխանատվությունը»,- պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է Վ. Յակունինը: «Ռուսաստանի երկաթուղիները» Հայաստանի երկաթուղային տնտեսության մեջ պարտավորվել են ներդնել 572 մլն դոլար, որից 230 մլն դոլարը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում: Պայմանագրի կնքման պահից 30 օրվա ընթացքում կոնցեսիոները վճարում է կոնցեսիայի մուտքի միանվագ վճար՝ 1 մլրդ 700 մլն դրամ, ինչպես նաեւ՝ մինչեւ 2038թ. ներառյալ վճարում՝ տարեկան փոփոխական վճար՝ համախառն հասույթի 2 տոկոսի չափով: Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվին աշխատանքի ընդունել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին եւ կոնցեսիոն գործունեության առաջին 3 տարիների ընթացքում պահպանել 4300 աշխատատեղ։ «Հայկական երկաթուղու համար խոշորագույն ներդրումն է, եւ ընդհանրապես մեր երկրում խոշորագույն ներդրումներից մեկն է: Շրջափակված հայկական երկաթուղում կատարելով այդ ծավալի ներդրումներ՝ համոզված եմ, որ «Ռուսաստանի երկաթուղիները» կանեն ամեն ինչ, որպեսզի հայկական երկաթուղին դառնա ժամանակակից, այստեղ առկա խնդիրները վերանան, եւ կարողանանք մեր ձեռնարկություններին, գործարարներին օգնել իրենց բեռները ժամանակին տեղափոխելու համար»,- ասել է Ա. Մանուկյանը: Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախագահ Ալեքսանդր Կուզնեցովը պատասխանելով կադրային քաղաքականությանը վերաբերող հարցին, ասել է, թե ծրագրում են պահպանել երկաթուղու գրեթե ողջ անձնակազմը՝ բացառությամբ թոշակային տարիքն անցած մարդկանց: Ռուսաստանցի մասնագետների թիվը նվազագույն է լինելու՝ 10-15 հոգի՝ որոշ ղեկավարներ եւ փորձագետներ: «Հայկական երկաթուղու» նախկին ղեկավար կազմը գրեթե ամբողջությամբ շարունակելու է աշխատել: Ինչ վերաբերում է ղեկավար Արարատ Խրիմյանին, նա, որքան գիտեմ, Վլադիմիր Յակունինից եւ Անդրանիկ Մանուկյանից համապատասխան առաջարկ է ստացել, այնպես որ, ընտրությունն իրենն է»,- ասել է Ա. Կուզնեցովը:

Վ. Յակունինը վստահեցրել է, որ մոտ ապագայում «Հարավկովկասյան երկաթուղին» կանցկացնի տնօրենների խորհրդի նիստ, որում կքննարկվի տարեկան բիզնես-պլանը, որպեսզի ընկերությունը ձեռնամուխ լինի այդ պարտավորությունների կատարմանը: Նա նույնպես խոստացավ, որ առաջնային ուշադրությունը կդարձվի ենթակառուցվածքների արդիականացման վրա: «Դա մեր ընդհանուր կարծիքն է, եւ դա կլինի մեր գործունեության անկյունաքարը՝ հատկապես առաջին փուլում»,- ասել է Վ. Յակունինը: Առաջնային նախագծերից է լինելու նաեւ նվազագույնը 3-4 էլեկտրագնացքների տեղափոխումը «Հարավկովկասյան երկաթուղի»՝ Հայաստանում ուղեւորափոխադրումների իրականացնելու համար: «Մեր առաջ կանգնած է նաեւ Կովկասի նավահանգիստների հետ կապը կատարելագործելու աշխատանքը, որպեսզի մեծացվի բեռների հոսքի ծավալը Ռուսաստանի, Հայաստանի, ինչպես նաեւ՝ այլ հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության մեջ»,- նշել է Վ. Յակունինը: Հաջորդ առաջնայնությունը կլինի «Հարավկովկասյան երկաթուղու» համագործակցության զարգացումը հարեւան երկրների երկաթուղիների հետ:

Իսկ «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Արարատ Խրիմյանն էլ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է, որ «Վրացական երկաթուղիները» դեռ չեն նախատեսում վերանայել Վրաստանի տարածքով անցնող հայկական բեռների համար նախատեսված զեղչերը, եւ, որ Վրաստանի 2008-ի սակագնային քաղաքականությունը հաստատված է:

Հիշեցնենք, որ «Հայկական երկաթուղին» այսօր ելք ունի միայն դեպի Վրաստան եւ հասնում է մինչեւ Փոթի: Իսկ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Աբխազիայի տարածքներով երկաթուղային հաղորդակցությունը հայտնի պատճառներով շարունակվում է փակ մնալ, եւ անհայտ է, թե երբ կբացվի: Որքան էլ որ մեր երկրի երկաթուղային համակարգը արդիական լինի, միեւնույն է, այն չի կարող մեծ շահույթներ ապահովել, որովհետեւ իրականացնում է միայն մեր բեռնաշրջանառությունը: Իսկ երկաթուղային համակարգերի հիմնական շահույթները առաջանում են տարանցիկ փոխադրումներից, ինչը Հայաստանը դեռ չի կարող ապահովել: Նման պայմաններում դժվար է հուսալ, որ ռուսները Հայաստանում մեծ ներդրումներ կանեն եւ համակարգը կարդիականացնեն: Հայկական երկաթուղային համակարգը ռուսներին հանձնելը համարվում է քաղաքական քայլ: Ռուսաստանն այս տարիներին վերցրել է Հայաստանի ռազմավարական նշանակության շատ ոլորտներ՝ էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը, կապի ոլորտը, Սոդքի ոսկու հանքը, հիմա արդեն՝ երկաթուղին: Այս բոլոր ոլորտներում ռուսական ընկերությունները ստացել են գերշահույթներ, սակայն կարելի է ասել, որ դեռեւս համակարգերն արդիականացնելու համար բավարար ներդրումներ չեն կատարել: Միակ մխիթարանքն այն է, որ Վ. Յակունինը հունվարին խոստացավ երկաթուղով բեռնափոխադրումների սակագներն այնքան չբարձրացնել, որ Հայաստանի տնտեսությունը մեռնի: