Տխուր պատմություն

15/02/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Եթե մոռանանք Շեքսպիրի ողբերգությունը, պիտի համաձայնենք, որ չկա ավելի տխուր պատմություն, քան խորհրդային ավանդների վերադարձի մասին լեգենդը: Հայաստանում այն նորօրյա բանահյուսության է վերածվել: Դա 1995թ. խորհրդարանական ընտրություններից սկսած բոլոր ամբոխահաճ ելույթների կիզակետն է: 2003թ. ԱԺ ընտրություններում այս թեման որոշիչ դերակատարում ունեցավ: Խորհրդարանի նախագահ ընտրվեց այն ամենաշատը շահարկող քաղաքական ուժի ղեկավարը: Հետո կատարվածը հայտնի է: Խորհրդարանական լիազորությունների ավարտից առաջ «Օրինաց երկիրը» փորձեց մեկ անգամ եւս խաղարկել թեման: Նույնիսկ օրենքի նախագիծ հայտնվեց: Այդ պահին Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը հաջողվեց կարծես անհնարինը: Խորհրդային ավանդների վերադարձի մասին ընդունվեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը: Դրանով ՀՀ իշխանությունները պարտավորվեցին վերադարձնել ԽՍՀՄ Խնայբանկի պարտքերը: Բայց բավական ինքնատիպ պարտավորություն էր դա` կա խոստում, չկա որեւէ պարտավորություն ու ժամանակացույց խոստումը կատարելու մասին: Թե իրականում որքան է բնակչության խնայողությունների ծավալը, ոչ ոք չգիտի: Անգամ խորհրդային ռուբլով: Կան միայն փորձագիտական տվյալներ, որոնց համաձայն՝ խոսքն առնվազն 8 մլրդ ռուբլու մասին է: Վերադարձի մասին խոսող քաղաքական գործիչներից շատերն անգամ չգիտեն, որ բնակչության ձեռքին մնացել են ԽՍՀՄ Խնայբանկի պարտքի այլ արժեթղթեր եւս: Խորհրդային բանկն ուներ 50 եւ 100 ռուբլիանոց երեք տոկոսանոց արժեթղթեր: 1980-ական թվականներից շրջանառության մեջ էին 1000 ռուբլիանոց կտրոնային արժեթղթեր: Այս ու մնացած բոլոր արժեթղթերը վաճառվում էին ազատ: Այսինքն՝ չէր գրանցվում գնորդի տվյալները: Հետեւաբար Հայաստանում ոչ մի մարմին չգիտի, թե ինչ գումարի արժեթղթեր կան բնակչության ձեռքին: Հեռավոր 1995-ին իշխանությունները հրաժարվում էին ստանձնել այդ պարտքը վերադարձնելու բեռը: Իսկապես Հայաստանի տնտեսության համար նման բեռի տակ մտնելն անխոհեմ կլիներ: Առնվազն: Այդ պահին իհարկե կային եւ սթափ առաջարկներ` նախկին պարտքը վերաձեւակերպել՝ որպես ՀՀ պարտք սեփական բնակչությանը: Վերաձեւակերպել ու խոստանալ մտածել վերադարձի հնարավորություն գտնելու մասին: Իշխանություններն այդ քայլին չգնացին եւ ավանդների վերադարձը դարձավ 1995 թվականից հետո կայացած բոլոր ընտրությունների հաղթական խաղաթուղթը: Խաղաթուղթ, որ խորհրդարանում ներկայություն է ապահովում այդ մասին ամենաակտիվը գոռգոռացող քաղաքական ուժերին: Այսօր գործող օրենքի համաձայն՝ կառավարությունն իր հայեցողությամբ մեկ-երկու մլն դոլար է առանձնացնում տարեկան բյուջեից՝ այդ պարտքը մարելու համար: Կարծես ամեն ինչ կարգին է: Գումարը մեծ չի, բյուջեն կարող է իրեն նման նեղություն թույլ տալ: Բնակչությանն էլ կարելի է հանգստացնել, որ «հես ա-հես ա ձեր հերթն էլ կհասնի»: Բայց նման տեմպերով ավանդների (կամ, եթե կուզեք` պարտքի) վերադարձի համար մի քանի հարյուր տարի կպահանջվի: Չկա անգամ վերադարձ ապահովող տարիքային ցենզ: Հայտարարված է, որ վերադարձվելու են 70 տարեկանից բարձր ու (կարծեմ) հինգ տարի անընդմեջ աղքատության նպաստ ստացող քաղաքացիների ավանդները: Ընդունեք, որ սա հակաուտոպիայի ժանրից է: Ո՞վ կարող է պատկերացնել, թե որեւէ մեկը կբոլորի 70 տարին` հինգ տարի աղքատության մի քանի հազարանոց նպաստ ստանալով: Ու հիմա նորից ավանդների վերադարձը նախընտրական հիմնական խոստում է դարձել: Թեկնածուներն իհարկե զգուշավոր են գրավոր խոստում-ծրագրերում: Նրանցից երկուսն են ծրագրի մակարդակում խոստանում վերադարձ: Մյուսներն ընտրողների հետ հանդիպումներում դա անում են բանավոր: Իսպանական առածն ասում է` «խոսքից հետք չի մնում»: Բայց իսպանացիներն այս պնդումն անում էին արձանագրող տեխնոլոգիաների հայտնագործությունից առաջ: Հիմա կարելի է արձանագրել, որ մեզ խոստանում են մեկ ռուբլին 63 ԱՄՆ սենթ համարժեքով: Եթե 1000 ռուբլին 200 դոլար (եւ պակաս) համարժեքով՝ ՀՀ տնտեսությունն ի վիճակի է վերադարձն ապահովել մի քանի հարյուր տարում, ապա այս դեպքում կպահանջվի մի քանի հազար տարի: 70-ն անց աղքատության նպաստառուի համար ճաճանչափայլ ապագա է: Մի՞թե հիմա էլ որեւէ մեկը կպնդի, թե կա ավելի տխուր պատմություն: