Գազը ե՛ւ կա, ե՛ւ չկա

15/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հատկապես ձմռան ամիսներին գազամատակարարման համակարգում գազի ճնշումը կտրուկ իջնում է: Բաժանորդներն անընդհատ դժգոհում են, որ նույնիսկ գազի ծորակը մինչեւ վերջ բացելու դեպքում էլ բնակարանները բավարար չեն տաքանում:

Բացի այդ, բաժանորդները դժգոհում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ), որ առանց իրենց կարծիքը հարցնելու, առանց հասարակական լսումներ կազմակերպելու՝ գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման մենաշնորհը հանձնեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը: Դժգոհում են նաեւ այդ ծառայության համար հանձնաժողովի սահմանած բարձր սակագներից ու թերի սպասարկումից: Բազմաթիվ բաժանորդներ պնդում են, որ գազամատակարարման համակարգի ներտնային սպասարկման մենաշնորհը նշյալ ընկերությանը հանձնելու եւ սպասարկման սակագներ սահմանելու որոշումները ոտնահարում են իրենց իրավունքները: Այս դժգոհությունների հետ կապված փորձեցինք հանձնաժողովից մեկնաբանություններ ստանալ: Մեր հարցերին ՀԾԿՀ մամուլի ծառայությունը գրավոր է պատասխանել եւ գրել է, որ ներտնային համակարգի սպասարկումը «ՀայՌուսգազարդին» հանձնելու որոշումը կայացրել է բոլոր շահագրգիռ, նաեւ՝ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում: Հանձնաժողովը համաձայն չէ, որ «ՀայՌուսգազարդին» տրվել է սպասարկման մենաշնորհը: «Ընկերությանն է հանձնվել սպասարկման աշխատանքների կատարման որակի համար պատասխանատվության մենաշնորհը»,- նշված է պատասխանի մեջ: Իսկ պատասխանատվության մենաշնորհի իրավունքի արդյունքում «ՀայՌուսգազարդը» ստեղծել է «Էյ-Ի-Ջ սերվիս» ընկերությունը, որին էլ պատվիրում է սպասարկման ամբողջ աշխատանքները: Արդյունքում, սակայն, միեւնույն է, մենաշնորհը գործնականում պատկանում է «ՀայՌուսգազարդին»: «Ինչ վերաբերում է որոշ բնակիչների կողմից տեխնիկական սպասարկման «կարիք զգալուն», ապա նշենք, որ այս նորմը սահմանված է տեխնիկական կանոնակարգերով ՀՀ կառավարության կողմից, որպես պարտադիր կատարման նորմ, եւ միանշանակ բխում է բնակչության շահերից»,- նշված է պատասխան-գրության մեջ: Կարելի է եզրակացնել, որ հանձնաժողովն այլընտրանքի տեղ չի թողնում, եւ ինքն է բոլորի փոխարեն որոշում, թե որն է նրանց շահը: Եվ թե արդյոք տարեկան 5700 դրամ սպասարկման վարձը ամսական` միջինը 600 դրամի գազ սպառող թոշակառու բաժանորդի համար շատ չէ՞: «ՀայՌուսգազարդն» արդեն ունի մոտ 550 հազար բաժանորդ, որոնցից յուրաքանչյուրն ունի նվազագույնը 2 գազօջախ, այսինքն` վճարում է 5700 դրամ: Բաժանորդների այս քանակի դեպքում ընկերությունն այս ծառայությունից միայն 2008թ. կստանա ամենաքիչը 3 մլրդ 170 մլն դրամ կամ ավելի քան 10 մլն դոլար եկամուտ: Եվ հասկանալի է, որ առաջիկա տարիներին ընկերության բաժանորդների քանակը կավելանա, դրան զուգահեռ՝ կավելանան նաեւ ընկերության եկամուտներն ու շահույթները: Եվ կստացվի այնպես, որ ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում ընկերությունը բաժանորդների հաշվին կստանա գերշահույթ: Իսկ գերշահույթը Հայաստանում չի հարկվում: Հանձնաժողովի գրության մեջ անդրադարձ կար նաեւ գազի ցածր ճնշման մասին: «Հանձնաժողովը նույնպես ստացել է բազմաթիվ բողոքներ գազի ճնշման անկումների վերաբերյալ եւ անմիջապես «ՀայՌուսգազարդ» ընկերության պատասխանատուների եւ «Սպառողների ասոցիացիա» հ/կ փորձագետ Հակոբ Ղարաբեկյանի հետ համատեղ ձեռնարկել է միջոցներ՝ փաստերն արձանագրելու, այդ երեւույթների վերացման ու կանխարգելման համար միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Համատեղ արձանագրվել են դեպքեր, որ ցածր ճնշման գազատարներում կանոններով եւ տեխնիկական նորմերով սահմանված նվազագույնը 0,0013 ՄՊԱ (մեգապասկալ) կամ 130 մմ հաշվառքի սարքի ելքում ճնշման փոխարեն՝ գազը մատակարարվում է շատ ավելի ցածր ճնշմամբ, ինչն անթույլատրելի է եւ խիստ վտանգավոր: Ընդհանրացված գնահատումներով նման սպառողների թիվը կազմում է մոտավորապես 10.000»,- նշված է ՀԾԿՀ պատասխանի մեջ: Սակայն նշված չէ, թե գազի ճնշումը նորմայից կոնկրետ որքա՞ն է ցածր եղել, որպեսզի բաժանորդը պատկերացնի, թե ինչո՞ւ չի կարողանում ձմռան ամիսներին իր տունը լավ տաքացնել:

«Սպառողների մոտ գազի ճնշման առավելագույն սահմանը 300 մմ է, նվազագույնը` 130 մմ: Երբ հանձնաժողովի եւ «ՀայՌուսգազարդի» մասնագետների հետ գնացինք ստուգման, չափեցինք եւ տեսանք, որ երեք սպառողի մոտ գազի ճնշումը 20 մմ էր: Դա ավելի քան 6 անգամ ցածր է նվազագույն նորմից: Չորրորդ սպառողի մոտ 40 մմ էր` այն դեպքում, երբ նա գտնվում էր գազի ճնշումը կարգավորող համակարգից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Մարդիկ անընդհատ բողոքում էին, զանգում էին, բայց ոչ մեկը չէր ստուգում, թե ո՞րն է ցածր ճնշման պատճառը: Դա հաջողվեց միայն մեր ճնշումներից հետո: Ստուգումներից հետո պարզվեց, որ համակարգում խցանում կա»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Ղարաբեկյանը: Մեզ հետաքրքրում էր նաեւ` ընկերությունը պահպանո՞ւմ է արդյոք պարտադիր օդորացման պահանջը: Հայտնի է, որ գազին խառնում են որոշակի քանակությամբ օդորանտ, որպեսզի դրա սուր հոտից զգալի լինի արտահոսքը: Եթե օդորանտ չի խառնվում կամ խառնվում է թույլատրելի նորմայից պակաս, ապա գազի արտահոսքը դժվար է լինում հոտով զգալ, եւ արդյունքում՝ լինում են թունավորումներ, հրդեհներ եւ վտանգավոր այլ երեւույթներ: «ՀՀ բնակավայրերին բնական գազը մատակարարվում է 58 կետերից: Բոլոր այդ կետերում տեղադրված են օդորացման ավտոմատ սարքեր, որոնք ապահովում են տեխնիկական նորմերով սահմանված օդորանտի քանակը՝ 1000 խմ գազի մեջ` 16 գրամ: Հանձնաժողովը մշտապես հետեւում է օդորացման պահանջի կատարմանը եւ պարբերաբար ստուգումներ է իրականացնում գազաբաշխիչ կայաններում»,- նշված է ՀԾԿՀ գրության մեջ: Սակայն այստեղ էլ նշված չէ` ստուգումների արդյունքում երբեւէ խախտում հայտնաբերվե՞լ է, եւ արդյոք «ՀայՌուսգազարդը» մի՞շտ է պահպանում սահմանված նորմը: Տպավորություն է ստեղծվում, թե հանձնաժողովը ցանկություն չունի բաժանորդներին տեղեկացնել, թե ի՞նչ է կատարվում գազամատակարարման եւ առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում: Այս պարագայում՝ բնական է, որ բաժանորդները դժգոհում են ոչ միայն ծառայություն մատուցողից, այլեւ ոլորտը կարգավորող մարմնից, որն ինչ-որ տեղ պետք է լիներ նաեւ իրենց շահերի պաշտպանը: