Հունիսի 5-6-ը Երեւանում տեղի կունենա Առեւտրի եւ տնտեսական զարգացման
սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների տարեկան 7-րդ ժողովը եւ Սեւծովյան
գործարարության օրը: Հայաստանն այդ բանկի տասնմեկ հիմնադիր երկրներից մեկն
է: Այդ երկրների թվում են նաեւ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ
եվրոպական ու ԱՊՀ այլ պետություններ: 2005թ. բանկի Կառավարիչների
խորհուրդը նախագահում է Հայաստանը՝ ի դեմս ֆինանսների եւ էկոնոմիկայի
նախարար Վարդան Խաչատրյանի, Տնօրենների խորհրդի անդամ է Կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը: Նախատեսվում է, որ հունիսին Հայաստան
կժամանեն բանկի հիմնադիր բոլոր երկրների ներկայացուցիչները, բարձրաստիճան
պաշտոնյաներ Եվրոպական Միությունից, Համաշխարհային բանկից, Արժույթի
միջազգային հիմնադրամից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:
Նախատեսվում է նաեւ տարածաշրջանում գործող մասնավոր ներդրողների եւ
գործարարների մասնակցությունը: «Սա Հայաստանի տնտեսական առավելությունները
միջազգային ֆինանսական կազմակերպություններին ներկայացնելու լավ
հնարավորություն է. ցույց տալ, թե տվյալ երկիրը որքան լավն է ներդրումների
համար»,- ասաց ԱԶՍԲ գլխավոր քարտուղար Չառալամփոս Ծառուխասը:
2003թ. փետրվարի 6-ին բանկը Իզմիրլյան հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում
սկսել է իր առաջին՝ «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին»
ծրագիրը: Կողմերից յուրաքանչյուրը հատկացրել է 2 մլն դոլար: Ֆինանսների եւ
էկոնոմիկայի նախարարությունից չկարողացան պատասխանել, թե մինչեւ այսօր այդ
գումարի ո՞ր մասն է ծառայել իր նպատակին, չկարողացան նշել նաեւ
վարկավորման որեւէ կոնկրետ դեպք: Բանկը նույն ծրագիրն իրականացնում է նաեւ
հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում: Արդյո՞ք նույն արդյունավետությամբ,
դժվար է ասել, որովհետեւ ասուլիսի ժամանակ բանկի ներկայացուցիչն ու
Վ.Խաչատրյանն իրենց ասելիքն ասացին ու գնացին:
2006թ. ԱՍԶԲ Կառավարիչների խորհուրդը նախագահելու է Ադրբեջանը, այսինքն՝
տարեկան 8-րդ ժողովը տեղի կունենա Բաքվում: Իսկ մինչ այդ հնարավոր է, որ
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտնի պատճառներով չմասնակցի Երեւանում տեղի
ունեցող միջոցառմանը: Լրագրողների այն հարցին, թե բանկի ղեկավարն ինչպե՞ս
է վերաբերվում այն փաստին, որ բանկի հիմնադիր երկրներից երկուսը
(Ադրբեջանն ու Թուրքիան) շրջափակման մեջ են պահում երրորդին, պարոն
Ծառուխասն այսպես պատասխանեց. «Մենք շեշտը դնում ենք բիզնեսի ոլորտին, եւ
քաղաքական կամ դիվանագիտական հարցերին անդրադառնալը ճիշտ ու կոռեկտ չեմ
համարում: Ես չեմ կարծում, թե ձեր երկրի եւ մյուս 10 երկրների
համագործակցության առումով որեւէ խոչընդոտ կարող է առաջանալ»: Իսկ Վարդան
Խաչատրյանը գործընկերոջ պատասխանն իր հերթին այսպես մեկնաբանեց.
«Խոչընդոտներ, իհարկե, կան, ինքն էլ է հասկանում: Հիմա կոնկրետ ինչ-որ բան
ասի՞: Մարդն ասում է՝ էնքանով բավարարվեք, ինչքան ասել եմ»: