Դեսպանատունը հերքում է

15/02/2008

Միացյալ Թագավորության կառավարությունը մեծապես աջակցում է ՀՀ կառավարության ջանքերին` Հայաստանում անցկացնելու ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ եւ խիստ չեզոքություն է պահպանում ընտրապայքարի ընթացքում: Այս մասին ասված է ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան երեկ տարածած հաղորդագրությունում` ի պատասխան լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, թե դեսպանատան վարորդը նախագահական թեկնածուի «քարոզչանյութեր» է տարածել: «Չկան հիմքեր նման մեղադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դեսպանատունն աջակցել է ընտրակաշառքի դեմ ուղղված հասարակական իրազեկման ծրագրի, որի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական թերթիկի հազարավոր օրինակներ, որոնք խրախուսում են հայ ընտրողներին՝ մերժելու ընտրակաշառքը` ի աջակցություն փետրվարի 19-ին ազատ եւ արդար մրցակցություն ապահովելու Հայաստանի իշխանությունների ջանքերին: Այս թերթիկները բաժանվել են ՀԿ-ների եւ բոլոր նախագահական թեկնածուների նախընտրական շտաբներին, որոնք հետաքրքրություն են հայտնել տարածելու դրանք: Դեսպանատան վարորդն օգնել է բաժանելու այս թերթիկները: Տեղեկատվական թերթիկներն ուղարկվել են «Ընտրությունը քոնն է», «Համայնքային երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն», «Հակաստվեր» եւ «Արմեդիա» հ/կ-ներին, ինչպես նաեւ` նախագահական թեկնածուներ Արամ Հարությունյանի, Արման Մելիքյանի, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Կարապետյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբներ: