Ընտրություններին մնաց 5 օր

15/02/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ինչքան մոտենում ա ընտրությունների օրն, էնքան հասկանում ես, որ քաղաքականությունը զիբիլ ա, որովհետեւ էդ դաշտում ոչ մի մաքուր բան չկա»,- ասում է մայրաքաղաքում գործող տաքսու վարորդներից մեկն, ով այնքան հիասթափված է վերջերս տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից, որ որոշել է ընտանիքին «վերցնել ու փախչել Հայաստանից»:

«Մեր գլխին խաղում են»

«Այ քույրիկ ջան, էդ սաղ թեկնածուները իրար հետ շախմատ են խաղում, մենք էլ թամաշա ենք անում: Պիտի ջոկենք, թե դրանցից որն ա իսկական, որը` պատենտ: Իմ կարծիքով՝ ամենաիսկական թեկնածուն Սերժ Սարգսյանն ա, իսկ մնացածները` պատենտներ են, դրածոներ: Սուպերմարկետներում տարբեր տուփերով սոկեր են վաճառվում, չէ՞, դրանց մի մասը իսկականն ա, մյուս մասը, ինչպես ասում են` լցոնվածը: Լեւոնն էլ ա խաղում Սերժի խաղը, դրա համար էլ ավելի լավ ա ոչ թե խաղացողին ընտրել, այլ` խաղացնողին»,- իր յուրօրինակ մեկնաբանությունն է տալիս վարորդ Սամվելը, մեզ էլ խորհուրդ տալիս` ամեն ինչին թեթեւ նայել` մատների արանքով:

«Բա սա բռնապետություն չի՞»

«Էս նոր սերունդը ձեւացնում ա, թե մենք ապրում ենք ազատ, անկախ Հայաստանում, բայց բոլորս էլ գիտենք, որ հիմիկվա բռնապետական կարգերը մեզ ուղղակի զոհ են դարձնում: Ստալինն ու Բրեժնեւը պետք ա շատ հաց ու պանիր ուտեին, որ կարողանային ազատ, անկախ Հայաստանի ղեկավարության նման շանտաժներով, կլյաուզաներով ու տրյուկներով մարդկանց «մառալնի» բռնության ենթարկեին: Պարզ օրինակ բերեմ ու ասածս ապացուցեմ. նայե՛ք, մեր սերվիսի տերերը բոլորն էլ Լեւոնին են ընտրելու, բայց վախից քիչ ա մնում տակներն անեն: Սրանք բոլորին խելոք-խելոք ասում են, որ Սերժին են ընտրելու, որովհետեւ, եթե տենց չասեն, ուրեմն՝ Հարկայինի հետ մեծ պրոբլեմներ կունենան, դաժե կարող ա սերվիսը պլոմբեն: Իրանք Լեւոնին են ընտրելու, բայց մեզ ասում են, որ պետք ա Սերժին ընտրենք: Էդքան ստորագրությունները հավաքում ու արխային են ընկնում, բայց հավատացե՛ք, որ մեր բնակչության 70%-ը Սերժի անվան տակ ստորագրում ա, բայց գնալու ա ընտրի Լեւոնին կամ Արթուրին: Որ ասեմ՝ Լեւոնն աչքիս լույսն ա՝ սուտ կլինի, բայց մենակ նրա համար, որ սրանք դուրս գան քաղաքական դաշտից, պրինցիպիալ ընտրելու եմ: Լեւոնի թիմից մենակ Արամ Սարգսյանին եմ հարգում, թե չէ էնտեղ ուղեղ ունեցողները քիչ են, ու չեմ էլ հավատում, որ Լեւոնը Հայաստանը դրախտ ա սարքելու»,- ասում է Գեւորգն ու հիշում Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները, երբ փողոցով քայլող մարդիկ նման էին կմախքների:

Էնքան նոր բաներ կիմանանք

«Էսօր լսեցի՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի` Թուրքիայի նախագահ Գյուլին գրած շնորհավորական նամակի մասին: Էդ չէինք իմանում` էդ էլ իմացանք: Հես ա էնքան նոր բաներ կիմանանք,- ասում է վարորդ Խաչիկը ու պատմում, թե ինչ է հաղորդել ռադիոն,- Ցեղասպանություն բառի փոխարեն՝ Րաֆֆին նամակում գրել ա՝ «տեղահանություն»: Էլ խի՞ ենք զարմանում, որ աշխարհը չի ճանաչում Հայերի կոտորածը, հետ ա` հայն էլ պրիզնատ չի գալիս, էն էլ` էդ ցեղասպանությունը արած ժողովրդի նախագահին գրած նամակում:

«Արման Մելիքյանին թող պաշտոն տան»

Վարորդ Մեսրոպն ասում է, որ նախագահի թեկնածուներից համակրում է միայն Արման Մելիքյանին. «Ընտրելու եմ իրան, որովհետեւ իրա պահվածքը, իրա մեկնաբանություններն ու ընդհանրապես քարոզարշավի ժամանակ Արման Մելիքյանի կերպարը ինձ շատ դուր եկավ: Խոսում ա շատ խելոք ու հավասարակշռված, ոչ ոքի չի վարկաբեկում, չի ստորացնում ու խոստանում ա էն, ինչը որ համարում ա հնարավոր: Ես մենակ չեմ պատկերացնում, որ, եթե ինքը ընտրվի, ո՞ւմ հետ ա աշխատելու: Ասենք, եթե նախագահ դարձավ, բա մյուս պաշտոններն ո՞ւմ ա տալու: Բայց ասեմ ձեզ, որ, եթե նույնիսկ չընտրվի էլ, ինձ համար հաճելի ա, որ կա մի քաղաքական դեմք, որը սրանց նման ագրեսիվ ու հիստերիկ չի: Օրինակ, եթե նախագահ ընտրվեն Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը լավ կանեին, որ Արման Մելիքյանին մի համակարգ տային, պաշտոն տային, որովհետեւ ինքը լավ ղեկավար կլիներ: Օրինակ՝ ես կուզենայի իրան տեսնել նախարարի պաշտոնում: Ամեն դեպքում մարդու արտաքինից, շարժուձեւից, պահվածքից էլ կարելի ա տպավորություն ստանալ»,- վստահեցնում է Մեսրոպն ու անդրադառնում է նաեւ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին: «Էդ մարդն իսկականից որ տարօրինակ մարդ ա: Էն օրը հեռուստացույցով լսում էի, որ իբր իրան զանգել ա ԱՍԱԼԱ-ի Վազգենն ու սպառնացել ա: Դաժե մանկապարտեզի երեխու համար էլ սա ծիծաղելի ա: Ուղղակի ամոթ ա, որ մեր թեկնածուները դիմում են ցանկացած միջոցի՝ իրանց կարեւորելու համար, աբսուրդ ա: Ամոթ ա էդ տեսակ մեթոդներ կիրառելը, որովհետեւ մարդիկ հավ չեն, ճշմարտությունը կեղծիքից տարբերում են: Անկեղծ ասած, ես մեկ էլ համակրում եմ Վահան Հովհաննիսյանին, բայց իրան չեմ ընտրի մենակ նրա համար, որ ինքը դաշնակ ա: Ես մի դաշնակ ընկեր ունեմ, որը մի տասը հատ կուսակցական տոմս ունի: Եթե պետք ա` դառնում ա հանրապետական, եթե պետք ա՝ դառնում ա «Բարգավաճի» անդամ ու, եթե պետք ա, բոլորիս կոչ ա անում ընտրել դաշնակցական թեկնածուին: Ես զզվում եմ էդ տեսակ գույներ փոխող մարդկանցից, դրա համար էլ դաշնակներից դոշ եմ թափ տալիս: Բայց Վահանի քարոզարշավի ընթացքը շատ ա դուրս գալիս, շատ խելացի մտքեր ա արտահայտում ու ծանրակշիռ ա»:

«Երեք թեկնածուներն էլ ապացուցելու շանս ունեցել են»

Վարորդ Հրանտն ընտրելու է Սերժ Սարգսյանին։ «Որովհետեւ բոլոր թեկնածուներն էլ առեւտրականներ ու ծախվողներ են: Էսօր բոլորը կանգնում են հարթակի վրա ու իրանց պարտքն են համարում Սերժի հասցեին մի երկու թթու խոսք ասել, բայց բոլորն էլ տզրուկներ են, որովհետեւ, եթե պետք ա՝ գնում-ընկնում են Սերժի ոտքերը: Սերժը էս մի տարվա ընթացքում ապացուցեց, որ ինքը լավ ղեկավար ա ու, եթե Արթուր Բաղդասարյանն էսօր հայտարարում ա, թե՝ սա եմ անելու, նա եմ անելու, ուրեմն՝ ինքը լինելով ԱԺ նախագահ՝ ապացուցելու շանս ուներ, թող ապացուցեր: Նայե՛ք, կան երեք լուրջ թեկնածուներ, որոնց միջեւ կատաղի պայքար ա գնալու՝ Սերժը, Արթուրը, Լեւոնը: Էս երեքին էլ մենք շանս ենք տվել, որ իրանք գործ անեն, ու մենք էլ ըստ դրա՝ կողմնորոշվենք: Լեւոնը լինելով նախագահ՝ մի քանի տարում Հայաստանը դարձրեց սոդոմ-գոմոր, Արթուր Բաղդասարյանը լինելով ԱԺ նախագահ՝ մի քանի տարի էդ բարձրությունը վայելեց, մարդկանց ծեծել տվեց ու իրա առաքելությունը համարեց կատարված: Սերժը Պաշտպանության նախարարությունը ղեկավարել ա մարդավարի, չնայած բոլորս էլ գիտենք, թե բանակում ինչեր են լինում, դրա վրա երբեք էլ աչք չենք փակելու: Մի տարի չկա, ինչ ղեկավարում ա կառավարությունն, ու պետք ա կույր լինենք՝ չնկատելու համար, որ առաջընթաց չկա: Էս մի քանի ամիսը շատ քիչ ժամանակ ա, բայց եկեք խոստովանենք, որ սառույցը տեղից շարժվում ա: Ես ինքս ունեմ հարեւան, որը մի քանի տարի կառավարությանը նամակ էր գրում, որ մի հարցով իրան ընթացք տան, դափոնով նամակներն անպատասխան էին մնացել: Ուղիղ 5 ամիս առաջ իրա գործին ընթացք են տվել, ես չգիտեմ, թե ինչքանով ա իրա հարցը լուծվել, բայց գոնե իրա դիմումը կարդացել են, իմացել են, թե մարդն ինչ խնդիր ունի, ու բարեհաճել են պատասխանել: Դա նշանակում ա, որ կառավարությունը բաց ա աշխատում, մարդիկ իրանց գլխին տանիք են զգում: Էդ նույն նամակը էն ժամանակվա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին էլ ա շատ անգամ ուղարկվել, բայց մեկ ա՝ պատասխան չեն տվել: Ուզում եմ ասել, որ մենք էլ պետք ա ճշմարտությանը բաց աչքերով նայենք ու չվախենանք ասել, որ՝ սա աշխատում ա, իսկ սա՝ ոչ: Արթուր Բաղդասարյանն էսօր առանց ամաչելու առեւտուր ա անում, գնում ա Սերժի մոտ՝ Սերժից բան ա ուզում, չի ստանում, հետո էլ Լեւոնին ա դիմում ու սպասում ա, որ ինչ-որ մեկն իրան պաշտոն կտա: Եթե քաղաքականությունն առեւտուր են դարձնում, ուրեմն՝ նույն հոգեբանությամբ էլ երկիր են ղեկավարելու: Մեզնից օրինական մի հարց լուծելու համար անպայման մի բան ուզելու են: Արթուր Բաղդասարյանը քաղաքական դաշտում «Դու՝ ինձ, ես՝ քեզ» կարգախոսն ա կիրառում: Չի կարելի, հետո էլ իրա կուսակցական ընկերները հայտարարում են, թե Ա. Բաղդասարյանը ժողովրդի թեկնածուն ա, բայց ժողովրդի թեկնածուն ինչի՞ ա գնում Սերժից ու Լեւոնից պաշտոն ուզում, բա ո՞ւր մնաց ժողովուրդը: Բոլորն էլ էդ են, եթե պետք ա ժողովրդին օգտագործեն՝ օգտագործում են ու թաշկինակի պես շպրտում: Ես չգիտեմ, բայց տգեղ ա, երբ մեկ արտասահմանցուց, մեկ վարչապետից, մեկ առաջին նախագահից մի բան են ուզում, իսկ երբ պետք ա, որ ժողովուրդն իրանց ծափահարի՝ ժողովրդի ականջը շոյում են»,- ասում է Հրանտն ու նախագահի բոլոր թեկնածուներին կոչ է անում ժողովրդին «էշի» տեղ չդնել, որովհետեւ վաղն իրենք էլ են դառնալու էդ ժողովրդի մի մասնիկը:

«Եթե պետք ա՝ արյուն կթափեմ»

Վարորդ Սուրենը ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին միայն նրա համար, որ Խաչատուր Սուքիասյանին «պադձերժկա» անի. «Ես իրա ցավը տանեմ, իրա նման համարձակ տղերքը էս երկրին պետք են: Ես կռված տղա եմ ու լավ գիտեմ, թե ինչ բան ա պայքարի մեջ մտնելը, մանավանդ, երբ պայքարի մեջ մտնում ես ոչ թե թուրքի, թշնամու դեմ, այլ քո հայրենակցի, որը թուրքից բեթար դավադրություն ա անում: Եթե Սուքիասյան Խաչիկը էսօր կանգնել ա Լեւոնի կողքը, ուրեմն՝ իմ նմաններն էլ կանգնած են իրա կողքը: Սրանք լավ էլ գիտեն, որ Սուքիասյանի կապը դրսի աշխարհի, դրսի գողականների հետ էնքան ամուր ա, որ, եթե մի հատ թպրտացին՝ կարող ա աշխարհի «մեծերը» Հայաստանում բունտ անեն: Ես կռիվ սիրող տղա եմ ու պատրաստ եմ ամեն մի անարդարության համար դոշ տալ: Հա՛, պայքարում եմ գայշնիկի դեմ, որն անտեղի ակտ ա գրում, պայքարում եմ երեխուս դասատուի դեմ, որը գնահատականի համար փող ա ուզում, պայքարում եմ փողոցում զիբիլ թափող փնթի երիտասարդի դեմ, որի համար իրա քաղաքի մաքրությունը նշանակություն չունի, պայքարում եմ ձեր դեմ էլ, որ ասածներս բառ առ բառ գրեք ու չխեղաթյուրեք, պայքարում եմ հեռուստաալիքների դեմ, որ միտինգի կարեւոր հատվածները եթեր չեն տալիս, բայց ես ներկա եմ լինում ու հետո համոզվում եմ, որ եթեր են տալիս ամենաանիմաստ հատվածները ու տենց շարունակ…»,- ասում է Սուրենը:

Լեւոնն ի՞նչ իրավունք ունի

«Էն օրը մեր Նեմեց Ռուբոն Լեւոնին ու Գռզոյին` Խաչիկին, լավ տեղը դրեց, որ ասեց՝ սիրիացի Լեւոնը նախագահ չի դառնալու: Ես Ավանի բնակիչ եմ, էսքան տարի Ռուբեն Հայրապետյանն ու մեր թաղապետը` Տարոն Մարգարյանն են մեզ օգնել, շենքերի ամեն հարցը լուծել, մեր համայնքի համար ամեն ինչ արել են: Լեւոնն ո՞վ ա, ի՞նչ իրավունք ունի ժողովրդի կողմից ընտրված դեպուտատին ու թաղապետին մականունով դիմի: Էդ մարդկանց ես ու իմ ընտանիքը ընտրել ենք, ու՝ ամբողջ Ավանը, իսկ Լեւոնը 96 թվին կեղծեց ընտրությունները, ինքը չի ընտրվել: Լեւոնն էսքան տարի ի՞նչ ա արել ժողովրդի համար. ոչ մի բան, դաչայում ու իրա տանը տաք-տաք նստել ա: Ես Սերժ Սարգսյանին եմ ընտրելու, հալալ ա էդ մարդուն, թքած ունի Լեւոնի ասածների վրա, դաժե դրա վրա ժամանակ չի կորցնում: Ինքը գործի մարդ ա, Լեւոնի պես չի, որ մենակ սիրուն խոսալ իմանա»,- ասում է վարորդ Ավետիսը: