«Սուրբ Վալենտինը կեղծ տոներից մեկն է»

15/02/2008

«Կաթոլիկ եկեղեցում Վալենտին անունով սրբեր շատ կան: Վալենտինն ավելի շատ ձեւական սուրբ է եղել: Սա գործարարների կողմից, մտացածին կենսագրության հիման վրա ստեղծված կեղծ տոներից մեկն է, որի նպատակը շուկայում տոնը խորհրդանշող իրերը վաճառելն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը: Նրա պարզաբանմամբ` տոնը հեթանոսական ծագում ունի: Այն մարդկանց մեջ տարածվել է 1800-ական թվականներից, ամերիկյան էմիգրանտների միջոցով: Հետագայում այն լայն տարածում է գտել աշխարհի շատ ժողովուրդների ազգային տոների շարքում: Ներթափանցելով Հայաստան` այն համընկել է Տյարնընդառաջի տոնակատարության հետ, որն ի դեպ, իր մեջ նույնպես պարունակում է հեթանոսությանը բնորոշ տարրեր: «Գործարարները քաջ գիտակցելով, որ ոչ ազգային եւ ոչ էլ կրոնական տոնացույցում Սբ. Վալենտինին նվիրված տոն չկա, շարունակում են մեր երկրում էլ խորացնել տոնը նշելու ավանդույթը` նպատակ ունենալով շուկայում սպառել իրենց արտադրանքը»,- ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հակոբը: Անդրադառնալով Տյարնընդառաջի տոնին` ազգագրագետը նկատել է, որ այն այսօր վերածվել է նշանադրությունների, հարսանյաց հանդեսներ կազմակերպելու, օժիտ տանելու օրվա: Հնում այս տոնակատարությունների ժամանակ երիտասարդների համար գուշակություններ էին անում: «Տյարնընդառաջը կապվում է հայ դիցաբանության մեջ կրակի աստված Միհրի հետ, սակայն այսօր ժողովուրդը պատկերացում չունի, որ այն հեթանոսական տոն է»,- հավելել է Ս. Մկրտչյանը: Իսկ քննարկման մասնակից Տեր Հակոբը, խոսելով Տյարնընդառաջի խորհրդի մասին, ասել է, որ կրակավառությունը տեղի է ունենում ոչ թե հեթանոսական նկատառումներով, այլ այն իր մեջ պարունակում է քրիստոնեական խորհուրդ, քանի որ այն արտացոլում է քրիստոնեության խորհրդանիշերը` Սուրբ երրորդությունը` Հայր, Որդի եւ Սուրբ հոգի: «Եկեղեցին փորձում է ժողովրդին վերադարձնել իր արմատներին: Քրիստոսը եկավ հեթանոսական տոներին նոր իմաստ եւ խորհուրդ մատուցելու»,- նշել է քահանան: