Կարծիք կա, որ հայկական խեցգետինն աշխարհում համարվում է արժեքավոր եւ
որակյալ ծովամթերք: Հայաստանում խեցգետնի բիզնեսով զբաղվող որոշ
կազմակերպություններ այն արտահանում են անսահմանափակ քանակությամբ եւ
բավական էժան գներով: Ընդ որում, բնապահպանության նախարար Վարդան
Այվազյանի հրամանով 2005թ. թույլատրվել է Սեւանա լճում խեցգետնի
արդյունաբերական որսը սահմանել մինչեւ 200 տոննա որսաքանակ:
Հայաստանում կան խեցգետնի բիզնեսով զբաղվող մի քանի ընկերություններ,
որոնցից են՝ «Ակվատիքը», «Թորգոմը», «Բաքսը» եւ այլն: Նշյալ
ընկերություններից միայն «Բաքս» ընկերության նախագահը համաձայնեց խոսել
խեցգետնի բիզնեսի եւ արտահանումների մասին:
1997 թվականից գործող «Բաքս» ընկերության նախագահը Սամվել Բեգլարյանն է,
որը զբաղվում է ծովամթերքի արտադրությամբ եւ արտահանմամբ: 2002 թվից
ընկերությունը խեցգետին է արտահանում Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա,
նախատեսվում է նաեւ Իսպանիա: Կան ընկերություններ, որոնք
հանրապետությունից խեցգետին են արտահանում Չեխոսլովակիա, Բուլղարիա,
Լեհաստան: «Բաքս» ընկերությունն աշխատանք է տանում, որպեսզի մուտք գործի
միջին արեւելյան շուկա: Վերջերս Դուբայում կայացած ցուցահանդեսում «Բաքսի»
տեսականիով հետաքրքրվել են շատ կազմակերպություններ, որոնց հետ
համագործակցությունն առաջիկայում սպասվում է: Տարբեր երկրներում
գոյություն ունեն կազմակերպություններ, որոնց ներկայացուցչությունները
խեցգետինն իրացնում են առեւտրային ցանցերում՝ սուպերմարքետներում,
ռեստորաններում, խանութներում: «Բաքսի» խեցգետինը միայն Սեւանա լճից չէ,
այլեւ Սպանդարյանի, Ախուրյանի ջրամբարներից, Արարատյան դաշտավայրից: Պրն
Բեգլարյանի ներկայացմամբ՝ Հայաստանի եւ այլ երկրների խեցգետինների միջեւ
համային տարբերություն չկա: Ժողովրդի մեջ կարծիք կա, թե մի տարածաշրջանում
գտնվող խեցգետնի համն էապես տարբերվում է մյուսից, բայցեւ միաժամանակ
նշեց, որ տարբերությունը միայն կապված է ջրի սառնության հետ: Պարզվում է,
որքան ջուրը սառն է լինում, այնքան ծովային կենդանու մսային
հատկություններն ավելի բարձրորակ են լինում: Ջրի սառնությամբ է
պայմանավորված նաեւ ծովային կենդանամսի խտությունը: Դրանով էլ հայկական
խեցգետինը տարբերվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում եղած
խեցգետիններից: Հայկական լեռնաշխարհում միայն աճում է «աստակուս լետո
դալտիլիոս» (լատիներեն անվանումն է) տեսակի խեցգետինը: Հարցիս, թե արդյո՞ք
կարելի է տարվա բոլոր եղանակներին խեցգետնի որս անել, պրն Բեգլարյանը
պատասխանեց. «Այո՛, կարելի է, բայց մենք նաեւ բուծում ենք: Մեր
ընկերությունը ձուկն ու խեցգետինը բուծում է, որսից հետո կատարում ենք
բտման աշխատանքներ: Ավազաններում բուծվող խեցգետնի պոչի տակ խավիար է
առաջանում, որ հետագայում վերածվում են փոքրիկ խեցգետինների: Քանակության
առումով կարողանում ենք քայլել անգամ թուրքական խոշորագույն
ընկերությունների հետ: 2002 թ., երբ մեր հանրապետությանը թույլատրվեց
մուտք գործել արեւմտաեվրոպական շուկաներ, թուրքական ընկերությունների
հաջողությունները, կարելի է ասել, թուլացան»: Պրն Բեգլարյանի խոսքերով՝
«Բաքս» ընկերությունը խեցգետնի շուկայում առկա թուրքական ընկերությունների
մրցակիցն է: Օրենքի համաձայն՝ ծովամթերքը, այդ թվում՝ խեցգետինը, պետք է
արտահանվի բացառապես կենդանի վիճակում: Խեցգետինները ջրից դուրս բերելուց
հետո անմիջապես տեղափոխվում են առավել սառը ջրով լցված ջրավազաններ, ապա
փաթեթավորվում են արկղերի մեջ եւ մոտ տասը ժամ պահպանվում են +2-5 աստիճան
սառնարաններում: Հայաստանից ծովամթերքի բեռնափոխադրումը կատարվում է միայն
ինքնաթիռով, քանզի բեռնատար մեքենաներով տեղափոխելն անհնար է: Ըստ «Բաքսի»
նախագահի, եթե հնարավոր լիներ 3-5 օրում մեքենաները հասցնել Արեւմտյան
Եվրոպա, ապա ավելի շահեկան կլիներ եւ թուրքական ընկերությունների հետ
մրցակցության մեջ հայկական դիրքերն ավելի ուժեղ կլինեին: Օրինակ՝
թուրքական ընկերություններն իրենց երկրից դեպի եվրոպական շուկա ապրանքն
արտահանում են ավտոմեքենաներով, որն անհամեմատ էժան է, եւ ապրանքի
պահպանման համապատասխան տեխնոլոգիաներով կարողանում են ապրանքատեսակը
կենդանի վիճակով հասցնել տեղ: Պրն Բեգլարյանն ասում է, որ ինքնաթիռով
բեռնափոխադրումների հետ կապված մեծ խնդիրներ կան: Պատահում է, ասենք,
Փարիզ մեկնող ուղեւորների քանակը մեծ է, եւ «Բաքսի» բեռները տեղափոխելը
ձգձգվում է: Այս դեպքում ապրանքի ուշացման պատճառով պատվիրատուն է
դժգոհում: Ընկերությունը, ստիպված, բեռնափոխադրումն իրականացնում է
տրանզիտ ուղղություններով՝ Մոսկվայի, Ավստրիայի, Չեխիայի միջոցով, քանի որ
ապրանքի որակի փչացման վտանգ է առաջանում եւ ֆինանսական կորուստ է լինում:
Ի դեպ, «Բաքս» ընկերության հիմնական բազան գտնվում է Մասիսի շրջանի Սիս
գյուղում: «Տարածքն այնքանով է հարմար, որ հետագայում ծրագրել ենք ստեղծել
ձկան վերամշակման կոմբինատ,- ասում է պրն Բեգլարյանը: -Այնպիսի կոմբինատ,
որի արտադրանքն «ԻՍՍՈ» 9000-ի շրջանակներում սերտիֆիկատ կունենա:
Համապատասխան գործարան ունենալուց հետո, եթե մեր պետությունն ունենա
համաշխարհային ստանդարտներին համապատասխան լաբորատորիաներ, մենք
հնարավորություն կունենանք եվրոպական շուկա արտահանել ոչ միայն խեցգետին,
այլեւ վերամշակված խեցգետին ու ձուկ»: «Բաքս» ընկերությունը տարեկան մոտ
250-300 տոննա խեցգետին է արտահանում: 2004 թվից սկսել են արտահանել նաեւ
իշխան ձուկ. դեռեւս աշխատում են Ռուսաստանի շուկայում, բայց շուտով
կհամագործակցեն նաեւ արեւմտաեվրոպական շուկայի հետ: Արտահանում են
ծիածանափայլ իշխան, որը բուծվում է «Բաքսի» ջրավազաններում: Շուտով
սկսելու են նաեւ Սեւանա լճի իշխանի, կարմրախայտի, սիբիրյան ասոտրի
(ստերլեց) բուծման աշխատանքները: Պրն Բեգլարյանի կարծիքով՝ Հայաստանում եւ
ԱՊՀ երկրներում ընդունված է խեցգետինն ուտել գարեջրով, մինչդեռ եվրոպայում
խեցգետինն ուտում են ցանկացած խմիչքի, մասնավորապես՝ գինու հետ:
Սեւանի ծովամթերքը որակի ցուցանիշ է
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հավաստմամբ՝ «հայկական
խեցգետին» հասկացողություն, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ
այն ներմուծվել է դրսից: Տվյալ կենդանակերպը որպես բնօրրան չի եղել եւ
Սեւանա լճում մինչեւ 60-70-ականներն ընդհանրապես գոյություն չի ունեցել,
այն չի համարվում տվյալ բնական միջավայրի էնդեմիկ տեսակ: Խեցգետինը միայն
վերջերս է լայն տարածում գտել մեր բնական աշխարհի մեջ: Որպես ոչ էնդեմիկ
տարատեսակ, որն իր գործունեության տեսակով դեռ ուսումնասիրված չէ,
Բնապահպանության նախարարությունն այս տարի պետպատվերի շրջանակներում
կուսումնասիրի, թե այն ինչպիսի ազդեցություն է գործում ծովային կենդանական
աշխարհի վրա: Կառավարության որոշմամբ՝ հավանության է արժանացել Սեւանա լճի
սիգ տեսակի ձկնապաշարի հաշվարկման եւ խեցգետնի պաշարների հաշվարկման,
վերջինիս ազդեցությունը սիգ տեսակի պոպուլյացիայի վրա եւ նման խնդիրների
ուսումնասիրության նախաձեռնությունը: Ըստ պրն Այվազյանի, ամենաբարձր գինը
սահմանված է խեցգետնի վրա, որի օգտագործման վճարը կազմում է 1 կգ-ի համար
200 դրամ, ընդ որում, եթե օգտվում են բնական ջրամբարներից, ապա նաեւ
աճեցնում են ռեսուրս: Ի տարբերություն խեցգետնի, սիգ ձկնատեսակի որսի 1
կգ-ի համար՝ բնօգտագործման համար գանձվում է 30 դրամ: Գոյություն ունեն մի
շարք ձեռնարկություններ, որոնք նախարարությունից վերցրել են ջրօգտագործման
թույլտվություն եւ զբաղվում են խեցգետնի, ինչպես նաեւ՝ այլ ձկնատեսակների՝
կարմրախայտի, իշխանի բազմացմամբ: Անցյալ տարվա ժամանակահատվածում Սեւանա
լճից խեցգետնի արտահանումն իրականացվել է 380 տոննա քանակությամբ: «Այլ
խնդիր է, թե հետագայում տնտեսվարող սուբյեկտը ինչպիսի ծախսեր է կատարում
եւ ինչպես է այն իրացնում,- ասում է Վ. Այվազյանը: -Կան բազմաթիվ
իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են խեցգետնի բուծմամբ եւ
արտահանմամբ: Օրենքով արտահանման թույլտվություն վերցնում են միայն այն
պարագայում, եթե դրանք որսացվել են Սեւանա լճից: Քաղաքացին թույլտվության
առկայության դեպքում սեփական բուծարան ունենալու պայմաններում իրավունք
ունի արտահանումներ կատարել: 2002թ. ընդհանուր որսի քանակությունը եղել է
1,5 տոննա, իսկ 2004թ. ավելացել է 384 տոննայով: Սեւանա լճից որսված
քանակությունը կազմում է 384 տոննա, որին պետք է գումարվի նաեւ բուծման
եղանակով ստացված խեցգետնի քանակությունը»: Խեցգետնի բուծումը տարածված է
հատկապես Արարատյան դաշտավայրում, քանի որ ջերմաստիճանային պայմանները
ստեղծում են տաք, հարուստ միջավայր, որտեղ խեցգետինն ավելի արագ է
բազմանում: Համային հատկանիշների առկայության դեպքում՝ տնտեսվարող
սուբյեկտն իրավունք ունի խեցգետնի, որպես ապրանքային տեսակ, ինքնարժեքի
բարձր գին սահմանել: Պրն Այվազյանն ասում է, որ այս տարվա
ուսումնասիրությունների արդյունքում կհրապարակվեն, թե Սեւանա լճում ինչ
ազդեցություն կարող են ունենալ խեցգետիններն այլ ծովային կենդանակերպերի
վրա: Սեւանի հատակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խեցգետնի
ծավալներն անհամեմատ մեծացել են: Սեւանա լիճը տարածաշրջանում ամենախոշոր
քաղցրահամ ջուրն ունի եւ կենդանական տեսակի որակական փոփոխությունը կարող
է առաջ բերել բնապահպանական խնդիրներ: Այդուհանդերձ, պրն Այվազյանն
անշուշտ ուրախ է, որ կազմակերպություններն ապրանքն արտահանում են
միջազգային շուկա: Սեւանա լճի ծովամթերքը միջազգային շուկայում
առանձնահատուկ արժեք է ներկայացնում:
Տոլմա ու քյաբաբ՝ խեցգետնի պոչից
Գումի շուկայի հարեւանությամբ գտնվող կենդանի ձկների վաճառքի խանութում
վաճառվում են նաեւ խեցգետիններ: Գինը պայմանավորված է խեցգետնի չափով:
Փոքր չափի խեցգետնի 1 կգ-ն արժե 500 դրամ: Ըստ չափերի՝ գինը բարձրանում է
մինչեւ 1 կգ-ն՝ 3000 դրամ: Վաճառողը մեզ հետ զրույցում ասաց, որ գնորդները
հիմնականում հակված են գնել էժան խեցգետին, սակայն նրանք, ովքեր
թանկությանն ուշադրություն չեն դարձնում, ընտրում են մեծերը եւ հատկապես
պահանջում են, որ խեցգետինը որսված լինի Սեւանա լճից: Նրա համոզմամբ՝
Սեւանա լճի խեցգետինը զգալիորեն տարբերվում է մյուսներից, քանի որ եւ՛ մեծ
ու մսոտ է, եւ՛ յուղայնությունը բարձր է: Վաճառողի ասելով՝ խեցգետնի
վաճառքն ակտիվանում է ամռանը՝ օգոստոսին, գարեջրի սեզոնին: Ընդ որում,
խանութում վաճառվող խեցգետինը նույն օրը չվաճառվելու դեպքում արկղերից
դատարկվում է սառը ջրով ակվարիումների մեջ, ապա նորից վաճառքի է հանվում:
Խանութը հաճախորդներին առաջարկում է նաեւ քյաբաբի, տոլմայի, կոտլետի համար
խեցգետնի աղացած միս: Օրինակ՝ 2 կգ խեցգետնի պոչի մսից կարելի է ստանալ
մեկ շիշ քյաբաբ, որն արժե 5000 դրամ: Ինչ վերաբերում է խանութում վաճառվող
ծովամթերքի համար անհրաժեշտ լիցենզիային եւ այլ մանրամասներին, նշենք, որ
մեզ չհաջողվեց տեղեկատվություն ստանալ, քանի որ խանութի աշխատակիցները
չէին հավատում, որ շաբաթաթերթ ենք ներկայացնում. նրանք վստահ էին, որ
թաքնված տեսախցիկի նկարահանող խմբից ենք եւ պարբերաբար այս ու այն կողմ
ձեռքով էին անում: