Բոլոր ռադիո եւ հեռուստաալիքներով այսօր սիրո խոստովանություններ են հնչում: Հայտնի մարդիկ սեր են խոստովանում հայտնի ու անհայտ հեղինակների բանաստեղծական տողերով: Նախագիծը նվիրված է երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Իսկ ահա հունվարի 21-ին, հենց Սուրբ Սարգսի տոնակատարության օրը, երբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին առավել քան բազմամարդ էր, ներսում գտնվողների գրպաններից եւ պայուսակներից հեռախոսներ եւ դրամապանակներ են գողացվել: Ահա թե ուր է հասել գողերի հանդգնությունը, որ «աշխատանքի» են դուրս գալիս, հանցավոր արարք կատարում անգամ եկեղեցու պատերի ներսում: Մեղք են գործում բուն եկեղեցում:
Գողը՝ եկեղեցում
Սուրբ Սարգսի օրը Սուրբ Սարգիս եկեղեցում կատարված գրպանահատության դեպքերը բացառիկ չեն, անշուշտ: Եկեղեցիներից երբեմն-երբեմն գողություններ կատարվում են: Բայց եկեղեցական տոնի օրը կատարված գրպանահատությունները, միգուցե, փոքր-ինչ այլ բարոյական հարթության վրա են: Ավելի շուտ՝ առավել մեծ բարոյական անկման մասին են վկայում, մեր կողքին դատարկահոգի մարդկանց նոր խավի գոյության մասին ահազանգում: Նրանք եկեղեցին ու, ասենք, հասարակական տրանսպորտն այլեւս չեն տարբերակում իրարից եւ նույն հաջողությամբ գրպանահատում են ինչպես՝ երթուղային տաքսիների, ավտոբուսների մեջ, այնպես եւ՝ եկեղեցում, ուր մարդիկ գնում են Աստծո հետ առնչվելու, հոգիները լուսավորելու կամ թեթեւացնելու:
Երբ Աստծու ամենահիմնարար պատվիրաններից մեկը՝ «Մի՛ գողանան», զանց է առնվում անգամ՝ եկեղեցում, նշանակում է՝ տագնապ հնչեցնելու, բարոյական սնանկացման ահազանգ դղրդացնելու պահը, միգուցե, ինչ-որ տեղ բաց ենք թողել:
Ամենատարբեր մեղքերի, անգամ՝ ամենադաժան սպանությունների համար դատապարտված եւ ազատությունից զրկված մարդիկ կալանավայրերում աղոթատեղիներ ու ժամատներ են ստեղծում, խաչեր սարքում, կրոնական թեմայով նկարներ եւ այլ ստեղծագործություններ հեղինակում: Ուրեմն՝ նեղն ընկնելուց հետո, այնուամենայնիվ, փորձում են Աստծուն ապավինել, մեղսագործ հոգիները խաղաղեցնել կամ քավություն խնդրել: Ընդ որում, հենց գողական աշխարհում գրպանահատներն ամենաստորակարգ աստիճանի վրա են, իսկ նրանք, ովքեր հենց եկեղեցում են գրպանահատություն կատարել, պիտի որ անգամ կալանավայրերում պախարակվեն ու չհարգվեն:
Նյութական կարիքով, սոված լինելու հանգամանքով նման արարքն արդարացնելն արդեն ժամանակավրեպ է: Ըստ եկեղեցում հեռախոս կորցրած մի կնոջ՝ մոմ առնելու պահին նրան «հրմշտողը», նույն ինքը՝ գրպանահատը, բավական ներկայանալի տեսքով մի երիտասարդ տղամարդ է եղել:
Հայտնի է, որ գրպանահատների ձեռքը, «արհեստավարժ» դառնալով, հետագայում, հարմար պահն առաջանալու դեպքում, կարող է «աշխատել» ինքնաբերաբար, սովորույթի ուժով: Սակայն ակնհայտ է նաեւ, որ եկեղեցական տոնի օրը գրպանահատին մարդաշատ եկեղեցի է տարել նախեւառաջ՝ նրա միտքը, հետո միայն, արդեն բուն դեպքի վայրում է, որ «գործի են անցել» մասնագետ ձեռքերը:
Եկեղեցու ներսում, եկեղեցի այցելած, այսինքն՝ Աստծո հետ հաղորդակցվելու եկած մարդու նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելով՝ հանդուգն մեղսագործն ի ցույց է հանում ոչ միայն սեփական անհավատությունը, այլեւ այն փաստը, որ, որպես հանցագործ, իրենից հասարակական առավել մեծ վտանգավորություն է ներկայացնում, իր արարքով մարտահրավեր նետում հասարակության՝ պատմականորեն ձեւավորված բարոյական սկզբունքներին: Մի բան, որ պատիժ նշանակելու ժամանակ անպայման պիտի որ հաշվի առնի դատարանը եւ օրենքով նախատեսված պատժաժամկետներից առավել խիստը սահմանի:
Պատվիրանազանցության նպատակով եկեղեցի մտնողն այսօր, հնարավոր է, իրավագիտակցության ցածր մակարդակ ունի եւ չի պատկերացնում, որ առավել ծանր պատիժ կարող է ստանալ իր արարքի համար: Սակայն նման դեպքերի մասին ահազանգելով, դրանց շուրջ հասարակական կարծիք ստեղծելով, ապագա խիստ պատժի մասին տեղեկացնելով՝ միգուցե հնարավոր լինի սթափեցնել նաեւ նրանց, հետ պահել մեղսագործելու պատրաստ նրանց ձեռքը, իսկ մյուսներին հիշեցնել ամենուր, այդ թվում՝ եկեղեցում, ավելի զգաստ լինելու անհրաժեշտության մասին:
Մանկապարտեզներում հիմա աղոթել են սովորեցնում, դպրոցներում՝ եկեղեցու պատմության դասեր անցնում, հիմնականում ամուսնանում են նաեւ եկեղեցական պսակադրությամբ, ակտիվորեն մկրտում երեխաներին, հետեւում եկեղեցական տոներին. այս ամենն այսօր պիտի վկայի, որ ամրապնդվում է քրիստոնեական հավատը մարդկանց մեջ, որ հիմա արդեն խորհրդային աթեիստական դաստիարակության թողած սպիները կարծես մոռացվում են: Բայց, այնուամենայնիվ, երեւի եկեղեցին էլ՝ իր հերթին, գործունեության ոչ բավարար ակտիվությամբ ու արդյունավետությամբ, թույլատրելի է դարձրել, որ մեղսագործը, հանցավոր արարք կատարելու համար, սողոսկի եկեղեցի: Մենք, որ մեզ ոչ ոքից բարձր չենք դասում, բայց, այնուամենայնիվ, սիրում ենք կրկնել, որ առաջին երկիրն ենք, ուր պետականորեն ընդունվել է քրիստոնեությունը, այդ պատմական իրադարձությունից արդեն 1707 տարի հետո պիտի գտնվեինք հոգեւոր ու բարոյական այնպիսի մակարդակի վրա, որ ամենատգետ գրպանահատն անգամ եկեղեցու ներսում մեղք չգործեր:
«Առաջին գողն օձն էր»
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ, տեր Շահե քահանա Հայրապետյանը մեր զրույցի ժամանակ ասաց. «Առաջին գողությունը կատարվեց դրախտում: Եկեղեցին էլ դրախտ է, որովհետեւ այնտեղ է Աստված, այնտեղ ենք ճաշակում Աստծո մարմինն ու արյունը: Առաջին գողն օձն էր: Նա գողացավ մարդու միտքը՝ նրան մղելով պատվիրանազանցության: Դրան հետեւեց մարդու արտաքսումը՝ դրախտից, երջանկությունից, Աստծո տեսությունից:
Գողերը մշտական տագնապի մեջ են, ձգտելով «հարստության», միայն դրա մասին խորհելով ու հանուն դրա պատվիրանազանցությամբ զբաղվելով, նրանք երբեք էլ իրականում չեն հարստանում: Ոչ մի գող իր մահով չի մեռնում, գողի կինը հավատարիմ չի մնում ամուսնուն, քանի որ վերջինս տարիներով ազատազրկված է լինում իր կատարած հանցանքների համար: Ինչպես Պողոս Առաքյալն է գրել թեսաղոնիկեցիներին ուղղված «Երկրորդ թղթի» մեջ՝ գողերը, չարը եկեղեցու մեջ կատարում են արբանյակի դեր՝ Անօրենի գալստյան համար: Դրանով նրանք արդեն իսկ դատապարտում են իրենց»:
Տեր Շահեն կարծիք հայտնեց, որ այսօր եկեղեցու ներսում պատվիրանազանցություն կատարողները, հնարավոր է, որ աղանդավորներից լինեն, մասնավորապես՝ «Եհովայի վկաներ» կոչվող աղանդի հետեւորդներից, որոնք մտադրություն ունեն ոչնչացնելու եկեղեցին, քրիստոնեական բոլոր սրբությունները: Նրանք, որ բացեիբաց հոգեորսությամբ են զբաղված, նույն գողությունն են անում՝ հափշտակելով մարդկանց միտքն ու հոգին: Նույն դերն են կատարում, ինչ որ օձը՝ դրախտում: Այլափոխված, դիմակով սքողված՝ եկեղեցում, ժողովրդի մեջ հայտնված գողերին, չարին մեր ժողովուրդը պետք է նույն վճռականությամբ մերժի, ինչ վճռականությամբ Աշտիշատի ժողովում պատասխանեց Հազկերտին:
Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան
Փետրվարի 10-ը մեր եկեղեցում նշվեց որպես Արտաքսման կիրակի: Դա Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթայի երկրորդ կիրակին էր: Առաջին մեղքը գործած մարդիկ արտաքսվեցին դրախտից, զրկվեցին իրենց շնորհված անմահությունից եւ անիծվեցին: Արտաքսման կիրառումը մեր նախածնողների ողբերգության միջից մեզ հիշեցնում է, թե մեղք ասվածը Աստծու կամքի եւ օրենքի անտեսումն է, որը մարդկանց բաժանում է Արարչից: Արտաքսումը, այսպիսով, միայն Ադամին ու Եվային չի վերաբերում, այլ բոլոր նրանց, որ հեռացել են Աստծուց, անհաղորդ դարձել նրա պատգամներին ու պատվիրաններին: Յուրօրինակ արտաքսում կարելի է համարել նաեւ հանցանք գործած մարդկանց ազատազրկումը, հասարակությունից նրանց մեկուսացումը: Եկեղեցու ներսում պատվիրանազանցություն կատարելով՝ մեղսագործներն առավել շեշտում են իրենց հեռացումը ոչ միայն երկրային, այլեւ՝ երկնային օրենքներից ու Արարչից: Բայց Աստված գթասիրտ է այդ հեռացածների նկատմամբ եւս:
Մեծ Պահքի երրորդ կիրակին՝ փետրվարի 17-ը, Անառակի կիրակին է, որը խորհրդանշում է մեղավորի հետդարձի ճանապարհը, կորուսյալ դրախտը վերագտնելու հույսը, Աստծու փրկարար սերը՝ նաեւ հեռու-հեռվում գտնվող զավակների նկատմամբ:
Չորրորդ կիրակին Տնտեսի կիրակին է, որը հիշեցնում է մեզ տրված տնտեսության մեջ հավատարմություն ցուցաբերելու, ինչպես եւ՝ գիտակցելու մասին, թե դրա համար մի օր հաշիվ ենք տալու Աստծուն:
Հինգերորդ կիրակին Դատավորի կիրակին է: Դա անձանձրույթ աղոթելու, բոլոր ձեռնարկած գործերը մինչեւ վերջ հասցնելու պատգամն է խորհրդանշում: