Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոն ժամանակին դիտարկել է.«Ոչ ոք զերծ չէ հիմարություն ասելուց՝ ահավոր է սակայն, երբ դա արվում է լրջությամբ»։
Խոսքը վերաբերում է վերջին մի քանի ամիսների ընթացքին հայրենի իշխանությունների ներկայացուցիչների կողմից տարբեր հեռուստաալիքներից մեր ժողովրդի կենաց պատեհ-անպատեհ ասվող-լսվող խոսքերին: Ու քանի առիթն էլ հենց մոտ օրերս կայանալիք նախագահական ընտրություններով է ներկայանում, իշխանական ճամբարի տարբեր տրամաչափի գործիչների ասածներն օրից օր էլ ավելի են նմանվում Մոնտեսքյոյի արտահայտած վերոնշյալ մտքին:
Եվ քանի որ «գործն է անմահ», ժողովուրդը տեսնելով մեր սառցակալած մայթերն ու փողոցների վատթար վիճակը, շատ էլ լավ եզրակացնում է, թե իշխանություններն ինչքա՞ն են սիրում իրենց ժողովրդին եւ գնահատում նրան:
Հայաստանում ապրելով արդեն 18 տարուց ի վեր, ուզեմ թե չուզեմ, այն փորձում եմ համեմատել քաղաքացին հանդիսացածս երկրին՝ Ֆրանսիայի հետ:
Բայց ավաղ փորձս փորձանք է բերում: Ֆրանսիայում բացի թեկնածուների կողմից տրված ընտրա-խոստումները, ընտրա-կաշառք, ընտրա-կեղծիք, ընտրա-խախտումներ չկան, չեն լինում: Ֆրանսիայում՝ երկրից բացակայող քաղաքացիները կամ իրենց համար վստահելի մարդկանց իրենց տեղը ընտրություն կատարելու համար նախօրոք լիազորում են, կամ էլ իրենց բնակված երկրում, եթե Ֆրանսիայի Դեսպանատուն-Հյուպատոսարան գոյություն ունի, անձամբ գնում եւ քվեարկում են: Ֆրանսիայում արդեն հանգուցյալ դարձածները հանդերձյալ աշխարհից ընտրություններին երբեք չեն մասնակցում, քանի որ դրախտ կամ դժոխքում պետության կողմից տեղադրված քվեատուփեր պարզապես չկան: Ֆրանսիայում քաղաքացիներն իրենց անձնագրով միմիայն մեկ անգամ են քվեարկում, իսկ այդտեղ իրենց նկարներով ուրիշի տվյալներով կեղծ անձնագրեր ունենալ եւ այդ օգտագործելը մարդկանց երեւակայության մեջ նույնիսկ չի կարող գոյություն ունենալ: Ֆրանսիայում ԿԸՀ-ն երբեք անհեթեթ գործառույթով չի զբաղվում եւ իշխանահաճո թվեր չի նկարում, քանի որ այդտեղ ԿԸՀ-ն ոչ թե իշխանություն, այլ պետություն է ներկայացնում:
Ֆրանսիայում բոլոր տեսակի իշխանությունները ձեւավորվում են ժողովրդի կողմից եւ ծառայում են բացառապես նրան: Եվ, եթե, Աստված մի արասցե, որեւէ իշխանություն թեկուզ փոքր, բայց փորձում է շեղվել այս սկզբունքից, ժողովուրդը նրան՝ ի ցույց ամբողջ աշխարհի, անմիջապես հենց փողոցում պատժում է եւ իրեն իր իսկական տեղը ցույց տալիս: Ու ահա այսպիսի շուրջօրյա ռեժիմով էլ ապրում են այդտեղ՝ Ֆրանսիայում: Իսկ իբրեւ թե դեպի արեւմուտք՝ Եվրոպա ձգտող Հայաստանում վերը շարադրվածի ուղիղ հակառակ ընտրա-գործընթացներ են մշտապես տեղի ունենում: Հայաստանը այսպիսի գործընթացներով Ադրբեջանին, Թուրքմենիային է նմանվում, որոնք մեզնից ոչ թե արեւմուտք, այլ արեւելք են գտնվում: Ուստի այստեղ անվիճելիորեն խոսքն ու գործը նմանվում են սեւի ու սպիտակի հակադրության, որը մեր պետության համբավն է արատավորում: Եվ, ուրեմն, Հայաստանում իշխանությունները ժողովրդավարություն սովորելուց առաջ՝ նախ աշխարհագրություն պետք է սովորեն: Բոլորիս հայտնի է, որ չիմանալը ամոթ չէ, մեծ ամոթ է, սակայն, չսովորելը:
Հայաստանում իշխանություններն իրավունք չունեն խոսել ապագայից, քանի դեռ կեղծվում են ընտրությունները: Հայաստանում ապրող մարդիկ իրենց կյանքի ոչ մեկ հատվածում (ինչ ոլորտում էլ ուզում է լինի մարդը) իրենց ծառայող պետություն չեն տեսնում, ուստի եւ առանց այդ պետության էլ ապրում են:
Այսպիսին է, ցավոք, ճշմարտությունը, որ բոլորս գիտենք եւ հանդուրժում ենք:
Այս տխուր իրավիճակի գոյության համար նախ եւ առաջ իշխանություններն են անշուշտ մեղավոր, ապա նաեւ՝ նրան դեռ հանդուրժող մեր ժողովուրդը:
Եվ, եթե կա մեղավոր, ապա կգա մեղքերի հատուցման ժամն էլ անպայման:
Եվ, եթե կա հանդուրժող, ապա կա նաեւ՝ համբերության չափն էլ, սահմանն էլ:
Հայաստանում ապրում են մարդիկ: Այո… մարդիկ: Դժբախտաբար Հայաստանում պետության արժեհամակարգում մարդը գոյություն չունի կամ նա այդ աստիճանի արժեզրկված է լիիրավ գոյություն ունենալու իր իրավունքից, որ չգոյության հավասար է: Միգուցե իշխանություններն, այս իրողությունը չեն գիտակցում, բայց պետք է անպայման եւ վերջապես հասկանան, որ Հայաստանում մարդիկ գոյություն ունեն, որոնք եւ ամեն ինչի ընդունակ են: Հայաստանում գոյություն ունեցող ամենամեծ արժեքը մարդն է, նա է, ինչպես միշտ, իր բոլոր ընդունակություններով տանում ու պտտում պատմության անիվը: Հայաստանում մարդու հանդեպ իշխանությունների կողմից ցուցաբերվող վերաբերմունքը՝ ad hominem` մարդու դեմ է: Պատմության մեջ մարդու կողմից ձեռք բերված ամենամեծ արժեքը ազատությունն է, հանուն ինչի նա պատրաստ է իր կյանքը զոհաբերել: Հայաստանն ասես գազանանոց է, որտեղ ճաղավանդակներում արգելափակված կենդանիներ են, կրկես` վարժեցված կենդանիներով հանդերձ:
Հայաստանը մարդկանց երկիր է, եւ ըստ օրինի՝ մարդն ազատ է իր երկրում:
Ընտրությունները հրաշալի առիթ են ազատ մարդու կողմից իր ազատ կամքն արտահայտելու համար: Ազատ մարդը պետք ունի ազատ գործելու, ազատ շնչելու, ազատ շարժվելու, ապրելու ազատորեն իր որոշած կյանքն իր բոլոր դրսեւորումներով հանդերձ: Ուստի եւ հենց այդ ազատ մարդը՝ քաղաքացին է որոշում իր ազատությունների սահմանն ու գծում հարկ եղած շրջանակը: Պետությունն ու իշխանությունները ծառայում են քաղաքացուն՝ իր ազատությունը արտահայտելու պայմաններ ստեղծելու համար: Մարդու՝ իբրեւ բնության հրաշքի, անտեսումն ու իր ազատությունների սահմանափակումը մեր օրերում անհար է: Եվ այս իմաստով, ընտրությունների օրը Հայաստանում ապրող եւ ինքնիրեն ազատ մարդ համարող հարյուր-հազարների համար նշանակում է՝ իրենց փոքրիկ «աշխարհի շալակը ելածներին» այդտեղից իջեցնելուն նվիրված օր: