Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանն «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշել է, որ իրենց թեկնածուին Հայաստանի բոլոր բնակավայրերում էլ լավ են ընդունում, եւ, որ իրենք, բացի բարի խոսքից, ուրիշ բան չեն լսել, ու իրենց ասածն էլ մարդիկ լավ են ընկալում: Նա նշել է, որ իրենք հանդիպումներն անցկացնում են դրսում, ոչ փակ դահլիճներում, եւ եթե մարդիկ իրենց կողմնակիցներն են, ապա անկախ եղանակային պայմաններից` կգան իրենց լսելու: Կարապետ Հակոբյանը նշել է, որ այդ ամենը կապված է այն հանգամանքի հետ, որ Տիգրան Կարապետյանը «ինչ-որ օդից չի ընկել»: Շտաբի պետն ավելացրել է, որ իրենց թեկնածուի հեղինակությունը երկար տարիների աշխատանք է: Նա նաեւ հավաստիացրել է, որ մինչ այժմ՝ նախընտրական քարոզչության ընթացքում իրենք ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել՝ բացառությամբ մի քանի «մանր-մունր խնդիրների, որոնք ոչ մի լուրջ հետեւանքներ չեն ունեցել»: Ըստ Կ. Հակոբյանի` Տիգրան Կարապետյանը հայտնի մարդ է եւ, քանի որ տարիներով աշխատել է, բնականաբար, նրա մոտ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։ «Եթե ոչինչ չես արել, այլ հույսդ դրել ես այս մեկ ամսվա վրա, ապա անկապ գործ է դա»,- ասել է նա: Ի դեպ, Տ. Կարապետյանը նախատեսում է հանրահավաք անցկացնել փետրվարի 17-ին՝ ժամը 16:00-ին ,Մատենադարանի մոտ: «Ա1+»-ի թղթակցի հարցին, որ նույն օրը ժամը 14:00-ին էլ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի հարեւանությամբ անցկացվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանող հանրահավաք, եւ արդյոք իրենք այդ մասին տեղյա՞կ են, Կ. Հակոբյանը նշել է, որ՝ այո, գիտեն, բայց դա իրենց չի խանգարի, քանի որ երկու հանրահավաքները տարբեր ժամերի են տեղի ունենալու: