Հաջողությունների միակ երաշխիքը

15/02/2008

Քաղաքագետ չեմ, ոչ էլ սոցիոլոգ եւ իմ իրավասությունից դուրս եմ համարում երկրում ստեղծված անբարեհաճ իրավիճակից դուրս գալու մեր ժողովրդի հետագա անելիքների մասին կանխատեսումներ անել: Սակայն մի թեթեւ ծանոթ լինելով հասարակական խնդիրներին, իմ համոզմամբ՝ հասարակության բոլոր խավերի բարեկեցության հավասար պայմանների ապահովման գաղափարն է, որ կարող է հուզել երկրի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր հայի:

Անկասկած, նման գաղափարի առաջադրումը տարաբնույթ գնահատականների ու որակավորումների կարժանանան, հատկապես ազգային գաղափարախոսության մեր մունետիկների կողմից` ազգայինը համարելով առաջնային, իսկ մնացյալը` ածանցյալ:

Ինչ խոսք, տեսականորեն դա այդպես է, ինչպես մյուս ազգերի, մասնավորապես՝ հայ ժողովրդի համար, բոլոր ժամանակներում ազգային հարցը ճակատագրական անխուսափելի գերխնդիր է եղել: Սակայն, հանուն արդարության՝ իրատես լինենք եւ խոստովանենք, որ ազգային գաղափարը մեր պատմության ընթացքում այնքան է խեղաթյուրվել ու շահարկվել, որ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Ելնելով այսօրվա իրականությունից եւ տուրք չտալով հասարակական զարգացման պատմական օրինաչափություններին, իրավացիության իմ շրջանակներում արհեստական ու անօգուտ եմ համարում ազգային գաղափարը հակադրելը սոցիալականին, առավել եւս` մեկը մյուսին ստորադասելն ու զոհաբերելը:

Այսօր, քան երբեւէ, մենք իրավունք չունենք անտեսելու կամ կոծկելու ինչպես՝ ներկայի, այնպես էլ՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայերին յուրահատուկ ազգային մտածելակերպի տարաբնույթ դրսեւորումները:

Հարկ է հիշել, նման ազգավնաս մկրտումները, որպես կանոն, ի հայտ են գալիս հայ ազգի համար ամենալարված ու ճակատագրական պահերին: Հիշենք` 20-րդ դարի սկզբներին արեւմտահայերի եւ արեւելահայերի` հայկական պետականության ստեղծման շուրջ առաջնեկության իրավունքի հենքի վրա առաջացած հակասությունները, կամ զանգեզուրցիների կամ ղարաբաղցիների, Էջմիածնի եւ Գանձասարի կաթողիկոսությունների փոխադարձ դատափետումները` դավաճանության ու պասիվության մեջ: Ցավոք, տեղայնական, համերկրացիական խտրականություններն այսօր էլ այժմեական են: «Հայաստանցի-ղարաբաղցի» նեղմիտ մտայնության խոսակցությունները հասարակության տարբեր շերտերում առայժմ իրենց զգացնել են տալիս շրջանառվող շշուկների, բամբասանքների, կեսկատակ-կեսլուրջ փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների տեսքով, սակայն բացառված չէ, որ պայթյունավտանգ մեր ժամանակներում այն կարող է վերաճել ներազգային թշնամանքների վտանգավոր գործընթացի եւ դրանից բխող անկանխատեսելի հետեւանքների:

Առաջին հայացքից մակերեսային թվացող, սակայն, ինչպես հայաստանցիների, այնպես էլ ղարաբաղցիների ճնշող մասի մոտ տեղայնության մարմաջի աներեւույթ այս մտածելակերպի առկայությունը, իմ կարծիքով՝ վաղուց արդեն հասարակական ուշադրության ու հնչեղության կարիք ունի:

Այս համատեքստում խոսուն առիթ կարող է լինել ԵՊՀ-ի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին ուղղված ուսանողի ինքնաբուխ այն հարցադրումը, որով փորձ արվեց ոչ միայն պարզություն մտցնել, այլեւ ամենաբարձր մակարդակով պատասխան ստանալ վերջին տարիներին հասարակության շրջանում լայն տարածում գտած ներազգային շերտավորման վտանգավորության աստիճանի հասած «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումների շուրջ: Կարծում եմ՝ այս պարագայում ինչքան էլ անհաճո լիներ խնդրո առարկա հարցադրումը, հանրապետության առաջին դեմքն ինքնակարեւորելով հարցի լրջությունը՝ անհրաժեշտ էր՝ ոչ միայն հիմնավորված ու սպառիչ պատասխան տար, այլեւ, օգտագործելով ընձեռված պատեհ պահը` ձգտեր մարդկանց մոտ զգոնություն եւ պատասխանատվություն արթնացնել ներազգային խնդիրների նկատմամբ:

Այս խնդիրը, իմ կարծիքով, ավելի շուտ եւ ավելի շատ վերնախավային իշխանական ծագում ունի:

Այս առումով, փորձենք մասնակիորեն անդրադառնալ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների նկատմամբ «հայաստանյան» եւ «ղարաբաղյան» մտավորականության, քաղաքական գործիչների մոտեցումներին ու դիրքորոշումներին: «Այնտեղ, որտեղ չկա ընդդիմություն՝ անպայման գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, ստալինիզմը, կարճ ասած, տոտալիտարիզմը: Սա միանշանակ է: Մի խոսքով՝ ընդդիմությունն առողջացնում է պետության սոցիալական մարմինը, ստիպում, որ հոտի առաջնորդը ոհմակի առաջնորդի նման ժամանակին հրաժարական տա»: Կարդալով ղարաբաղյան շարժման գլխավոր իդեոլոգներից մեկի` Զորի Բալայանի մարգարեական այս տողերը «Դժոխք եւ դրախտ» գրքում, տարակուսանք ես ապրում՝ ականատես լինելով երբեմնի «ընդհատակյա ընդդիմադիրից» պասիվ դիրքորոշման` երկրում տիրող ներկա իրավիճակի նկատմամբ: Ինքնին հասկանալի է, որ Զ.Բալայանի քաղաքական ինքնամեկուսացումը պայմանավորված է, որքան էլ զարմանալի ու խորթ հնչի, նրա եւ ՀՀ ղեկավարության ղարաբաղյան ծագման հանգամանքով: Այլապես ինչպե՞ս բացատրել քաղաքական էլիտայում իր ծանրակշիռ դերն ու տեղն ունեցող նման հեղինակության անտարբեր կեցվածքը քաղաքական դեպրեսիայի մեջ հայտնված հարազատ ժողովրդի սոցիալ-հոգեբանական ծանր կացության նկատմամբ:

Շահարկելով եւ խորացնելով «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատումները, չունենալով երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հստակ ծրագրեր, իշխանատենչության մոլուցքով տարված որոշ ընդգծված «հայաստանցիներ» (Ա. Գեղամյան, Ա. Սադոյան) հանրահավաքներում պատեհ ու անպատեհ առիթներ օգտագործելով՝ հասարակության հեղափոխական պաթոսը բարձրացնելու, հայաստանցիներին, այսպես ասած, թասիբի բերելու նպատակով, շրջանառության մեջ դրեցին «ղարաբաղյան կլան», «ղարաբաղցիներ» անհարկի արտահայտությունները` դրանով իսկ ստիպելով ոչ նախանձելի պայմաններում ապրող 300.000-ից ավելի հայաստանաբնակ ղարաբաղցիների՝ ինքնաբերաբար հայտնվել քաղաքական չեզոքացման լուսանցքային դերում:

Բնականաբար, նման անհեթեթ կոչերը չէին կարող չդիպչել դարեր ի վեր սրբորեն պահպանված ղարաբաղցու արժանապատվությանը: Եթե ուշադիր հետեւել եք, անկասկած նկատած կլինեիք, որ վերջին տարիներին ղարաբաղյան ծագումով մեր հայրենակիցները գերադասում են լավագույն դեպքում չեզոք դիրք գրավել, քան թե այս կամ այն խնդրի շուրջ հրապարակավ` մամուլում, հեռուստատեսությամբ կամ թեկուզ առօրյա խոսակցությունների ժամանակ քննադատական խոսք հնչեցնել ներկայիս իշխանությունների հասցեին:

Ենթադրյալ տրամաբանությունը հուշում է, որ ղարաբաղցիների նման պահվածքը ոչ թե ինչ-որ կանխամտածված գաղափարախոսության, այլ, ավելի շուտ, արժանապատվության, ղարաբաղյան խնդրի լուծման հետագա ճակատագիրը «հուսալի ձեռքերում» տեսնելու, «մերն ուրիշ է» ինքնախաբեության, ինքնապաշտպանական բնազդի հողի վրա առաջացած մտավախության հետեւանք:

Կարելի է հասկանալ ղարաբաղցիների հոգեբանությունն ու մտավախությունը:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը շարունակում է ակամայից համակերպվել սեփական նվաստացուցիչ կացության հետ՝ այն հույսով, որ մենաշնորհային կարգավիճակում հայտնված արցախյան հիմնախնդիրը երբեւէ հայանպաստ վերջաբան կունենա:

Եկեք վերհիշենք, թե ինչ եղավ, երբ 1997թ. հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» իր հոդվածով երեւի թե հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ սեփական ժողովրդի առաջ պատասխանատվության զգացման պետական մակարդակով` խորապես պատկերացնելով պատմական շանսը բաց չթողնելու հայանպաստ պահը, փորձ արեց վերջ դնելու ազգային հարցում դարեր ի վեր շարունակական դժբախտությունների թիրախ դարձած արկածախնդրությանը` հակադրելով իսկ համազգային այնպիսի ծրագրային դրույթներ, որոնց ընդունումն ու իրագործումը կարող էր աննախադեպ հնարավորություններ ու հեռանկարներ բացել՝ ԼՂ հարցն իրավական-քաղաքական դաշտում լուծելու համար: Ափսոսանքով պետք է արձանագրել, որ մեր հասարակության կողմից դա չընդունվեց եւ չընկալվեց ըստ արժանվույն:

Վերջին տարիներին տարբեր կառույցների կողմից արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ոչ բարենպաստ մոտեցումները, հնարավոր դարձած վտանգավոր զարգացումները վերստին հաստատում են «Հայաստանը 1990-ական թվականներին. հեռանկարներ ու վտանգներ» եւ «Հայեր» գրքերի հեղինակ անգլիացի պատմաբան

Ք. Ուոքրի հետեւյալ մտքերի ճշմարտացիությունը. «Ղարաբաղի ժողովրդին ամենից շուտ կարող է օգնել ժողովրդավարության լեզուն, որը բարձր ու հստակ է հնչում: Եթե դուք ուզում եք օգնել նրան, խոսեք ժողովրդավարության լեզվով»: Հակահայկական լոբբիի կողմից օգտագործվող եղանակներից մեկն այն է, որ հանուն Ղարաբաղի պայքարը ներկայացված է ոչ թե որպես պայքար արդարության ու ժողովրդավարության համար (այսինքն՝ խնդիր, որ կարելի է լուծել) այլ, որպես էթնիկական, ցեղային, կրոնական եւ այլն, այդ իսկ պատճառով՝ փակուղային, լուծում չունեցող: Ինչպես տեսնում ենք, ժամանակը չի արժեզրկել վերոհիշյալ եզրահանգումների հնչեղությունը: (Պատկերավոր ասած, անդրադառնալով ղարաբաղյան պրոբլեմի լուծմանը, կանխորոշված պետք է համարել այն հիվանդի ճակատագիրը, որի բուժումն ընթանում է ոչ ճիշտ ախտորոշման վրա: Տեսե՞լ եք՝ կյանքում պատասխանատվության ենթարկեն մի բժշկի, որի մեղքով հիվանդը մահվան է հասցվել: Ահա թե ինչու հարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող, սեփական ազգի առաջ պետական պատասխանատվության զգացումը կորցրած մեր այսպես կոչված «ազգային փրկարարները» բնազդորեն շարունակում են առաջնորդվել հենց բժիշկների անմեղության կանխավարկածի հոգեբանությամբ: Այո, չափազանց մեծ է խաբեության գինը:

Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Հայաստանն այսօրվա վիճակով՝ որպես ինքնուրույն պետական մարմին, երկար ժամանակ չի կարող պահպանել իր գոյությունն եւ վաղ թե ուշ կդառնա խաղալիք շահագրգիռ տերությունների ձեռքին:

Վերջապես ժամանակն է հաշվի նստել պատմության դառը ճշմարտության դասերի հետգ Կարծում եմ, եկել է ինքնախաբեության բնազդային գերությունից ազատվելու եւ իրերն իրենց անունով կոչելու շրջադարձային պահը: Թող մակերեսային հնչի, այսօրվա իշխանությունների որդեգրած ԼՂ հարցի լուծման ձգձգման քաղաքականությունը ձեռնտու է միայն ու միայն Հայաստանում վերին 10.000-ին (օլիգարխներ, կլաններ՝ սերտաճած պետական-քաղաքական տարբեր կառույցների ու ճյուղավորումների հետ) եւ Ղարաբաղում վերին 1000-ին (մեծ ու փոքր ջոջերի խմբավորումներ): Այս համեմատությանը համակարծիք կարող են լինել մեր ժողովրդի մեծամասնությունը, մասնավորապես՝ Արցախում ապրող մեր հայրենակիցները, որոնք, 15 տարուց ավելի է, ինչ ազատվելով Ադրբեջանի հայահալած քաղաքականության ճնշումներից, այսօր արդեն ոչ միայն հոգնել են վաղվա օրվա նկատմամբ անորոշությունից, այլեւ հիասթափվել սեփական ժողովրդի նկատմամբ ալան-թալանն իրականացնող տնաբույծ իշխանավորների լկտի պահվածքից: Այսօրվա ղարաբաղցին ոչ միայն տեղյակ չէ ԼՂ հարցի կարգավորման գործընթացներից, այլեւ մի տեսակ անտարբեր է դարձել կյանքի գնով ձեռք բերված հարազատ երկրամասի հետագա ճակատագրի հանդեպ:

Հետադարձ հայացք ձգելով հայ ժողովրդի անցյալին, առանց երկմտելու կարելի է ասել, որ երբեւէ ղարաբաղցին իր պատմության ընթացքում սոցիալապես ու հոգեպես այնքան ընկճված չի եղել, ինչպես հիմա: Նույնիսկ 1918-1921թթ., երբ վճռվում էր Արցախ աշխարհի լինել-չլինելու հարցը, անխուսափելի դարձած կռիվների ու ավերածությունների (թուրքեր, թաթար-ադրբեջանցիներ, քրդեր, անգլիացիներ, ռուսներ, դաշնակներ, կոմունիստներ, մուսաֆաթներ` այն շարքը, որոնց դեմ ստիպված էր պայքարել ու կռվել արցախցին), համատարած սովի ու համաճարակի պայմաններում անգամ ղարաբաղցին չլքեց իր հարազատ օջախը եւ կառչած մնաց իր հողին ու ջրին: Պատասխանը մեկն է` կար հույս ու հավատ ապագայի նկատմամբ:

«Մեր փրկությունը ժողովրդավարության մեջ է»: Այսպիսին է ականատեսների աչքերով հասարակության իրական տրամադրությունը Արցախում: Իհարկե, նման մտքերի արտահայտումն առայժմ կոնսպիրատիվ բնույթ է կրում: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղում սեփական դարդ ու ցավից բարձրաձայնելը` թշնամու ջրաղացին ջուր լցնել է որակվում: Բնականաբար, ցանկացած ղարաբաղցի գերադասում է գործարքի մեջ մտնել իր իսկ խղճի հետ, միայն թե խուսանավի «դավաճան» պիտակավորումից:

Տրամաբանությունից ու բանականությունից զուրկ իրավիճակում է հայտնվել բազմաչարչար արցախցին: «Ես մի բանից եմ վախենում, որ հանկարծ ղարաբաղցին չհուսահատվի». Զ. Բալայանի պատերազմի տարիների այս մտավախությունը, ցավոք, խաղաղ պայմաններում իրականություն է դարձել: Իսկ ես, ոչ միայն վախենում, այլ սարսափում ու եռում եմ զայրութից` տեսնելով, թե ինչպես է աստիճանաբար իրականացվում տարիներ առաջ Հեյդար Ալիեւի արած հետեւյալ կանխատեսումը` «Հայերի հետ այսուհետ չկռվել: Նրանք ժամանակի ընթացքում կթողնեն ու կհեռանան, եւ այդ ժամանակը հեռու չէ, համբերեքգ»:

Այո, ոչ ավել, ոչ պակաս, եւ սա այն պատերազմը չէ, որ խուժում է դրսից, այլ ինքներս ենք վարում մեր դեմ՝ «ինքնասպան» լինելով մեր իսկ զենքով: Այնպես որ, հարգարժան հայաստանցիներ ու ղարաբաղցիներ, սփյուռքի մեր հայրենակիցներ, եկեք միավորվենք. ճիշտ համադրելով պետական ու ներազգային շահերը, ստեղծենք սերտորեն շաղկապված միասնական ազգային ճակատ` յուրաքանչյուրիս մեջ ներշնչելով ու արթնացնելով ազգային ինքնուրույն վերագտնման, վերաարժեւորման գաղափարի անհրաժեշտությունը` համոզված լինելով, որ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության մեր հաջողությունների միակ երաշխիքը մարդու իրավունքներն ու ազատությունները հարգող պետության կերտումն է:

Ազատ ԹՈՐՈՍՅԱՆ

ք. Երեւան