Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը վերջին տարիներին իր գիտելիքներն ու ողջ ժամանակը տրամադրում է երեխաներին։ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում, ուր երգչուհին բնակվում է 2000 թվականից, արդեն գործում են երեք մանկական երաժշտական դպրոցներ, որոնք կրում են «Ֆլորա Մարտիրոսյանի դպրոց» անվանումը։ Սակայն երգչուհին ինքն արդեն որոշել է, որ հասունացել է հայրենիք վերադառնալու պահը, եւ այս տարվա ամռանն արդեն իր ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվելու, քանի որ առաջին հերթին ցանկանում է, որ իր դուստրը՝ Էլֆրիդան, այստեղ կրթություն ստանա։ Եվ միայն այստեղ է Ֆլորա Մարտիրոսյանը ցանկանում երկարատեւ դադարից հետո նոր ձայներիզներ ձայնագրել։ Իսկ հայ-ամերիկյան երաժշտական կապերը չեն դադարելու, քանի որ երգչուհին «World peace» ընկերության նախագծերի մասնակիցն է դարձել՝ մեզ համար փոքր-ինչ արտասովոր, բայց շատ հեռահար նպատակներ ունեցող «106» երաժշտական ֆիլմ-ուղերձ ձայնագրելով հայտնի հոլիվուդյան աստղ, ինտելեկտուալ գեղեցկուհի Շերոն Սթոունի նախախնամությամբ։
– Ինչպե՞ս ծնվեց Ամերիկայում դպրոց բացելու միտքը։
– Մինչ Ամերիկա մեկնելը ես ղեկավարել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը եւ շատ կապվել էի իմ աշխատանքի հետ՝ զգալով, որ շատ բան կարելի է տալ երեխաներին ու հպարտանալ այդ աշխատանքով։ Իմ Ամերիկա մեկնելը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ իմ ամուսինը պետք է երեք տարի աշխատեր որպես Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչ։ Եվ ես որոշեցի, որ այդ տարիների ընթացքում պետք է շարունակեմ իմ գործը։ Ես շատ էի ուզում, որ ամերիկյան դպրոցները միայն հաճախելու ու նվագելու վայր չլինեին, այլ «կենդանի» ոճով աշխատեին։ Ամերիկայում բավականին շատ երաժշտական դպրոցներ կային, բայց նրանց աշխատանքը նման էր տնային պարապմունքների։ Իսկ տուն հրավիրել ուսուցչին, որը երեխային նվագել է սովորեցնում, չի նշանակում, որ երեխան երաժշտական կրթություն է ստանում։ Եթե երեխաներն իրար հետ չեն շփվում ու չեն մրցում, նրանք չեն կրթվում։ Իմ երեխաների համար, որոնք Երեւանում երաժշտական դպրոց էին հաճախում, ես չէի ուզում ուսուցիչ վարձել կամ էլ ինքս պարապել նրանց հետ՝ համոզված լինելով, որ դա սխալ է։ Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմնելով Կոմիտասի անվան միջազգային դպրոցները, ես մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել։ Երեխան մտնում է դպրոց, եւ առաջին իսկ օրից դպրոցը նրա հոգին լցնում է կոմիտասյան երաժշտությամբ։
– Իսկ օտարազգի երեխաներ կա՞ն դպրոցում։
– Կան, բայց մեծ թիվ չեն կազմում։ Օտարերկրացիները շատ են գնահատում դասավանդման խորհրդային համակարգը՝ «շկոլան», շատ լավ հասկանալով, որ այն ամենաուժեղն ու լավն է։ Իհարկե, կարելի է աշխատել օտարազգիներին դպրոց ներգրավելու ուղղությամբ, բայց հիմա դպրոցի մասին լուրերը հիմնականում տարածվում են միայն հայ երեխաների ու նրանց ընտանիքների միջոցով։
– Խորհրդային տարիներին գրեթե բոլոր հայ երեխաները երաժշտական դպրոց էին հաճախում, իսկ հիմա շատ դպրոցներում աշակերտների պակաս է։ Պարզվել է, որ շուտով կդադարի ուսանողների հոսքը դեպի Կոնսերվատորիա։ Այդ իրավիճակը ինչպե՞ս կարելի է շտկել։
– Դա կշտկվի, քանի որ ճգնաժամն ապրելակերպի ու կենցաղային դժվարությունների հետ է կապված։ Այդ նույն բանը տեղի ունեցավ նաեւ ողջ աշխարհում։ Հիմա Ամերիկայում ճգնաժամ է, շատ աշխատատեղեր են փակվում, եւ ծնողներից շատերը հնարավորություն չունեն իրենց երեխաներին երաժշտական դպրոց ուղարկել։ Պահանջված դարձան տարբեր տեսակի պարային, համերգային շոուները, բայց լուրջ երաժշտական կրթությունը, միեւնույն է, շատ կարեւոր դաստիարակչական օղակ է մնում։
– Իսկ ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը «World peace»-ի հետ։
– Նոյեմբերին ես համերգի էի պատրաստվում, երբ ինձ հետ հանդիպեց Շերոն Սթոունի եղբայրը՝ դերասան ու բանաստեղծ Մայքլ Սթոունը, ով իմ երգերի ձայներիզն էր լսել։ Նա եկավ մեր դպրոց, մենք զրուցեցինք, ես իրեն առաջարկեցի լսել «Դլե յամանը»։ Տեսա, որ Մայքլը փակեց աչքերը, լուռ լսեց։ Երգի ավարտից հետո նա ասաց ինձ. «Զարմանալի բան է, ես ոչ մի բառ չեմ հասկանում, բայց երգը կարծես ինքն է ինձ թելադրում, թե այն ինչի մասին է»։ Շերոն Սթոունն ու իր եղբայրը միջազգային համերգային նախագծեր են իրականացնում, որոնք հակապատերազմական, հակաահաբեկչական հնչողություն ունեն։ Նրանք համագործակցում են «World peace» միջազգային ընկերության հետ, որն աշխարհի տարբեր երկրներում բարեգործական համերգներ է կազմակերպում։ Եվ մենք միասին որոշեցինք «Դլե յաման», «Քելե, լաո» եւ «Ադանայի ողբը» երգերից բաղկացած մի ընդհանուր երաժշտական հատված ձայնագրել։ Շատ գեղեցիկ երգ ստացվեց, որն անգլերեն տեքստով է ուղեկցվում, Մայքլ Սթոունը «Քելե, լաո» երգի բառերը թարգմանեց ու կարդաց այդ ձայնագրության մեջ։ Երգը մենք անվանեցինք՝ «106», նկատի ունենալով Հայոց եղեռնի փաստի ճանաչման 106-րդ բանաձեւը։ Հիմա ուզում ենք այդ երգով շատ երկրներում շրջագայել ու պրոպագանդել այդ բանաձեւի ընդունումը։ «World peace»-ը տարբեր շատ հայտնի դերասանների ու երգիչների կատարումներ է ընդգրկում, եւ ի ուրախություն ինձ՝ ես էլ այդ երգիչների շարքերում հայտնվեցի։ Նրանց համերգները շատ պլանավորված ու հստակ են կազմակերպվում, երգիչները ելույթներ են ունենում աշխարհի տարբեր ծայրերում՝ Չինաստանում, Եվրոպայում, Ասիայում։ Եվ ինձ համար շատ մեծ պատիվ է, որ ես պետք է իմ ազգը ներկայացնեմ տարբեր բեմերում, եւ իմ ելույթների ընթացքում էլ 106-րդ բանաձեւի ընդունման անհրաժեշտության մասին հիշեցնեմ։ Մենք այդ մեծ գործին մեր մի փոքր կաթիլն ենք ավելացնելու ու ներկայացնելու ենք այն, ինչը եղել է 1915 թվականին։ Այդ երաժշտական համարը մենք պետք է Սպիտակ տանը կատարենք, այնուհետեւ տեսահոլովակներ պատրաստենք ու բոլորին բաժանենք։ Եվ կարեւորն այն է, որ մենք դա անելու ենք ոչ միայն այս տարվա ապրիլի 24-ին, այլեւ՝ շատ տեւական ու մեծ ծրագրերով ենք ներկայացնելու, որոնց մեջ ընդգրկված կլինեն հայտնի մարդիկ։
– Որոնք հայկական երգե՞ր են կատարելու։
– Մեր պայմանագրի մեջ կետեր կան, որոնք ես դեռ չեմ կարող բացահայտել, բայց իմ ցանկությունն է նոր ու գեղեցիկ երգ ստեղծելը, որը նման կլինի Շառլ Ազնավուրի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երգին։ Այդպիսի հատուկ երգի կարիքը ես շատ եմ զգում։ Եվ շատ շնորհակալ եմ Մայքլ Սթոունին, որ նա ձեռնամուխ եղավ այդ գաղափարին ու պարզապես «կանգնեց» մեր կողքին։ Մենք բոլորս հիմա համախոհների ու աջակիցների կարիքն ունենք։ Արդեն մեկ դար է, ինչ մենք չենք կարող պատմական իրողությունն աշխարհին հասցնել։
– Կարելի է սպասել, որ «106» երաժշտական հատվածը շրջագայելու է աշխարհով մեկ ու հումանիստական ուղերձը հասցնելու է նաեւ Աֆրիկա կամ Ասիա, որտեղ նույնպես ցեղասպանություններ են կատարվել։
– Իհարկե, մենք ոչ միայն մեր Ցեղասպանության վրա ենք շեշտադրումն արել, այլ՝ ընդհանուր մարդկային ողբերգությունների մասին ենք խոսելու։ Մայքլ Սթոունը հենց այդպես էլ կառուցել է իր խոսքը։ Ես համոզված եմ, որ շատ տպավորիչ ֆիլմ-երգեր են լինելու, որոնք հասկանալի կլինեն բոլորի համար. եւ՛ աֆրիկացու, եւ՛ չինացու։ Դա շատ կարեւոր նախագիծ է լինելու։ Կարծում եմ, որ լավ առիթ է նաեւ աշխարհին ծանոթացնել մեր արվեստի հետ։
– Ձեր համերգին ներկա էր նաեւ Հոլիվուդի դերասանուհի Շերոն Սթոունը։ Ձեզ համար դա անսպասելի՞ էր։
– Շերոն Սթոունը շատ մեծ աստղ է, եւ, անկեղծ ասած, իմ ամենասիրելի դերասանուհին է։ Եվ իմանալով նրա զբաղվածության աստիճանը, ես սկզբում չմտածեցի, որ նա իրոք ներկա կգտնվի իմ համերգին, թեեւ իր եղբոր միջոցով համերգ այցելելու ցանկության մասին նախապես հայտնել էր։ Բայց նա եկավ եւ արցունքներն աչքերին լսեց մեր հայկական երգերը։ Համերգից հետո նա մոտեցավ ինձ ու ասաց. «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք չէինք լսել ձեր երգերը, ինչո՞ւ չեք դուրս գալիս միջազգային ասպարեզ»։ Կարծում եմ, հիմա աշխարհում շատ հետաքրքիր խմորումներ են սկսվում, եւ հայկական երգը մեծ ազդեցություն է ձեռք բերում։
– Դուք նախաձեռնել եք Կոմիտասի միջազգային փառատոն-մրցույթը, որի մասնակիցները տարբեր երկրներում ապրող հայերն են։ Նախատեսո՞ւմ եք օտարերկրացիների մասնակցությունը, ինչը կօգնի բարձրացնել մրցույթի հեղինակությունը եւ կմեծացնի հայ երգի ազդեցությունը։
– Մրցույթի հաղթող երիտասարդները հիմա մի շատ գեղեցիկ բեմադրության մասնակիցն են դառնալու, որի հեղինակն է Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Այդ բեմադրությունը մենք ուզում ենք տարբեր երկրներում ներկայացնել։ Իսկ Կոմիտասի փառատոնն ընդհանրապես ստեղծվել է հենց որպես միջազգային փառատոն, եւ այն պետք է այդպիսին դառնա։
– Հայաստանում հայկական ժողովրդական երգերն անընդհատ էքսպերիմենտների են ենթարկվում ու էստրադային մշակումներով հնչում։ Դա բնականո՞ն ընթացք եք համարում։
– Էստրադայի հիմքում մեղեդին է, որը բոլոր ժողովրդական երգերի հիմքն է նաեւ։ Կարող է նվագակցությունը էստրադային լինել, բայց պետք է մեղեդի լինի։ Իսկ վատ էստրադային երգերը այն երգերն են, որոնք հեռանում են ակունքներից ու, այսպես ասած, թեթեւանում են, որպեսզի բոլորի համար հասկանալի դառնան։ Իսկ երգը հսկայական լիցք է։
– Սակայն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. երեխաները կարող են երգել Սայաթ-Նովա եւ բնավ էլ չհասկանալ՝ ինչի՞ մասին են երգում, քանի որ հասուն մարդու դարդերի մասին նրանք պատկերացում չունեն։
– Ես վստահ եմ, որ մինչեւ չհասունանաս՝ Սայաթ-Նովա ու Շերամ չես կարող երգել։ Իհարկե, կարող ես ճիշտ նոտաներով եւ առանց ֆալշի երգել, բայց երգի ոգին չես փոխանցի։ Երիտասարդ ժամանակ ես ինքս էլ դրանք առանց հասկանալու կկատարեի։ Երբ այդ երգերը կատարում են երիտասարդները, նրանք մի կողմից՝ պրոպագանդում են դրանք, բայց մյուս կողմից՝ երգն է տուժում։ Հիմա հանդիսատեսը ընկալում է այն, ինչն իրեն «տալիս» են։ Եվ շատ դժվար է ժողովրդական երգը մաքուր պահելը, քանի որ կարող են որոշ երգիչներ գալ, երգել ու փոխել ժողովրդական երգի ընկալումը՝ հեռացնելով այն իր մաքրությունից։ Եվ արդեն ոչինչ անել չես կարող, երգն արդեն այդպես է ընկալվում։ Միշտ էլ մոլախոտն ավելի արագ է աճում ու իր շուրջ պատում, քան ազնվագույն բույսը։ Եվ եթե չմաքրես տարածքը, բույսը կխեղդվի։ Մենք փորձում ենք մաքրազարդել մեր երգի տարածքը, բայց տարբեր «մոլախոտեր» շատ ավելի արագ են ծլում, ու մեր աշխատանքը չի երեւում։
– Համաձա՞յն եք, որ մենք պետք է մեր արվեստը մեծ աշխարհ ուղարկենք, որպեսզի ետ ստանանք՝ նորովի մաքրված։
– Երբ մեր երգի ուժը օտարի մեջ է մտնում ու տեղ է գտնում նրա ոգում, մենք սկսում ենք կենտրոնանալ ու զարմանքով հասկանալ, թե ովքեր ենք մենք։ Կարծես թե մինչ դա այդ ուժը չէր նկատվում։ Մինչդեռ այդ ուժը մենք միշտ ունեցել ենք եւ այժմ էլ ունենք։ Հիմա ես ամեն ինչ անում եմ Հայաստան վերադառնալու համար, այս տարվա ամռանն արդեն գալու եմ ու փորձելու եմ այստեղ ստեղծել համալիր երաժշտական մի կառույց, որը կսկսի երաժշտական կրթությունը մանկապարտեզի տարիքի երեխաներից։ Ուզում եմ այլ՝ ավելի ժամանակակից ծրագրերով աշխատել։
– Բայց կարծես թե կրթական ծրագրերը ձեզ թույլ չեն տալիս նոր երգեր ստեղծելու մասին մտածել։
– Հիմա ես չեմ հասցնում նոր ձայնագրություններ անել, դպրոցներն իսկապես խլում եմ իմ ողջ ժամանակը, արդյունքում իմ պրոֆեսիոնալ աշխատանքն է տուժում։ Զգում եմ, որ այս տարիների ընթացքում մեջս շատ բան է կուտակվել, գալու եմ ու նոր ձայնագրություններ եմ անելու։ Իսկ նորը կարելի է միայն Հայաստանում ստեղծել։
Հ.Գ. Փետրվարի 17-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ֆ. Մարտիրոսյանի «Երգից ավելի» խորագրով համերգը, որի նախաձեռնողն է ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցը: