Էկոլոգիապես մաքուր քաղաք

15/02/2008

Աբու Դաբիի արվարձաններում առաջիկա ութ տարում կկառուցեն ապագայի՝ աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր քաղաքը, ինչի համար տրամադրվել է 22 միլիարդ դոլար: «Ալ Իթթիհադ» ամիրայական թերթը գրում է, որ քաղաքի, որը ստացել է «Մասդար» («Աղբյուր») անվանումը, կենտրոնական հիմնարկությունը կլինի համանուն գիտատեխնոլոգիական ինստիտուտը, որը կզբաղվի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի հետազոտություններով: Մասդարում, որը 700 հեկտար տարածություն է զբաղեցնում Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մերձակայքում, կբնակվեն միայն այս ոլորտում զբաղված մասնագետներ: Նրանց թիվը պետք է կազմի 50-ից մինչեւ 70 հազար մարդ: Ըստ հրատարակության տեղեկությունների՝ քաղաքում, որի հիմնադրումը տեղի է ունեցել նախօրյակին, չեն լինի բենզինով աշխատող ավտոմոբիլներ եւ ածխաթթվական գազի արտանետումներ: Դրա էներգետիկական կարիքները կապահովվեն միայն արեգակնային եւ քամու էներգիաների հաշվին: Ըստ որում, էներգիայի եւ ջրի սպառումը նույն մասշտաբի ավանդական քաղաքի համեմատությամբ պլանավորվում է կրճատել համապատասխանաբար չորս եւ 2,5 անգամ: Էկոլոգիապես մաքուր բնակելի զանգվածի, որը կոչված է ապահովելու աշխարհում կյանքի ամենաբարձր որակը, կենսագործունեության մթերքների 99 տոկոսը կվերամշակվի տեղում: Մասդարի բնակիչները չեն տառապի ամռան տապից, որը հասնում է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի: Քաղաքի փողոցներում օդի ջերմաստիճանը ստվերապատման եւ հովացման համակարգերի օգտագործման շնորհիվ կպահպանվի 30 աստիճանի մակարդակին: