Ընկեր Վահանը չի հասկանում

13/02/2008

Նախագահի՝ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` երեկ Արարատի մարզում անդրադառնալով «Երկրապահ» կամավորականների միությունից (ԵԿՄ) անջատված «Ոգու փորձություն» կազմակերպության` ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին հայտարարությանը, ասել է. «Որ ճամբարից ճամբար են վազում, դրանց ինչն է կանչել` հայրենի՞քը, թե՞ ստամոքսը: Դա՞ է երկրապահի կեցվածքը: Եթե երկրապահն ազգային է` իսկականից երկրապահը, ոչ թե ասֆալտի ֆիդային, ոնց որ մենք շատերին գիտենք, նրա տեղը ՀՅԴ կողքն է: Ո՞նց ես գնում-կանգնում ՀՀՇ-ի կողքը, որը ասում է` Ղարաբաղի վերաբերյալ իմ հին ծրագրերը չեն փոխվել: Մյուս կողմից` այն ժամանակ այնտեղից ո՞նց փախար այսօրվա իշխանության մոտ: Սա կռվող մարդու կեցվա՞ծք է: Ես չեմ հասկանում այդ մարդկանց: Ես գիտեմ, որ իրենց մեջ` երկրապահների մեջ, հսկայական քանակությամբ ազնիվ տղերք կան: Գիտեմ, որ իրենց տեղը մեր կողքին է, եւ այդ միավորումը վաղ թե ուշ տեղի է ունենալու»: