Գնացել է հարցումի

13/02/2008

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց գրեթե բացեիբաց սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, որոշ թեկնածուների շարքերում անհանգստության նշաններ նկատվեցին: Եվ այսպես. երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Մոսկվա: Մեր տեղեկություններով` նրա հետ Մոսկվա է մեկնել նաեւ նրա թիմակից Լեւոն Զուրաբյանը: Ըստ նույն աղբյուրի` Լ. Տեր-Պետրոսյանը մեկնել է՝ հանդիպելու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` քննարկելու ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին առնչվող հարցեր: Մեզ երեկ, սակայն, չհաջողվեց պարզել ՌԴ այդ պաշտոնյայի անունը, ում հետ հանդիպելու համար նա մեկնել է Մոսկվա: Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, չգիտես ինչու` երեկ մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը: Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը հաստատել է այդ տեղեկությունը: