ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շաբաթ օրն Իջեւանում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ժողովրդի աջակցությամբ հաղթել «ամենակատաղի թշնամուն»` աղքատությանը, հավաստիացնելով, որ 2013 թվականին աղքատ մարդկանց թիվը Հայաստանում կկազմի ոչ ավելի, քան 10 տոկոս:
Նա հայտարարել է, որ միայն «չար մարդիկ են» այսօր խոսում, թե իշխանությունները չեն ուզում փոփոխություններ անել: «Եթե մենք թշնամաբար տրամադրված լինենք միմյանց նկատմամբ, եթե մենք ընդհանուր ջանք չցուցաբերենք, չենք կարող հաջողության հասնել: Ձեզ հետ խոսում եմ այս խնդրի մասին, որովհետեւ մի քանի օր առաջ այստեղ ձեզ առաջարկել են «քիրվայություն անել»: Մենք չենք կարող գնալ «քիրվայության», քանի որ վաղուց արդեն անցել է այդ ժամանակը, մենք անպայման միասնական լինելով՝ պետք է բարելավենք մեր հարաբերությունները հարեւանների հետ, նորմալ, արժանապատիվ պայմանագիր կնքենք եւ դրանից հետո շարունակենք մեր զարգացումը,- հայտարարել է Ս. Սարգսյանը` հավելելով,- Հիշեք 1990-ական թվականների սկիզբը, երբ քչերն էին հավատում հաղթանակին, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ ներշնչում էին ժողովրդին, որ «Հայաստանի ուժն իր թուլության մեջ է»: Այն ժամանակ էլ հաղթանակն ու ընդհանուր նպատակի իրագործումը հնարավոր եղավ միայն հավատի ու հաստատակամության շնորհիվ: Այդ հավատով է անհրաժեշտ փետրվարի 19-ին գնալ ընտրության, քվեն տալ այն անձին, ով իր անցած ճանապարհով, իր առաջարկած ծրագրով ու ապագայի տեսլականով, կատարած գործով եւ ոչ թե տված խոստումներով է վստահություն ներշնչում: Մենք դեմ ենք քանդելուն, դեմ ենք ամեն ինչ սեւացնելուն, կողմ ենք առաջընթացին, որը բերելու է մի Հայաստանի, որտեղ ապրելը յուրաքանչյուր հայի համար պատիվ է լինելու»:
Իսկ կիրակի օրը Ս. Սարգսյանն արդեն Կոտայքի մարզում էր: Նրան այնտեղ ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Անկասկած, դուք արդեն հասցրել եք տեսնել չարությամբ, մաղձով լցված ելույթներ, եւ միգուցե ինչ-որ տեղ ձանձրացել ու հիասթափվել եք այս խոսակցություններից: Բայց բոլորիդ կոչ եմ անում չհիասթափվել ընտրություններից: Դուք իրավունք ունեք հիասթափվելու քաղաքական գործիչներից, սուտ խոստումներ տվողներից, ճոռոմ-ճոռոմ խոսողներից, բայց դուք եւ մենք իրավունք չունենք հիասթափվելու ընտրություններից»,- ասել է նա: Ըստ Ս. Սարգսյանի` մեր երկիրը «նմանվում է ծանր հիվանդությունից ապաքինվող մանուկի, եւ մենք պատասխանատվություն ենք կրում, որպեսզի այդ մանուկը կազդուրվի, առողջանա, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ դեղատոմս է անհրաժեշտ: Մենք կկարողանանք նույնիսկ գուշակել, թե ինչպիսի քմահաճույքներ ունի այդ մանուկը»: Ս. Սարգսյանի համոզմամբ` այդ հիվանդության անունը «անցումային ժամանակաշրջան» է. որի ախտանիշներն են կաշառակերությունը, վատ կառավարումը, հովանավորչությունը, կամայականությունները: «Մեր բոլոր հիմնախնդիրները գալիս են պետական համակարգի անկատարությունից, վատ կառավարումից: Այդ խնդիրները սաստկանում են, երբ պետական կառավարում ստանձնում են մարդիկ, ովքեր ծանոթ չեն կառավարման սկզբունքներին, ովքեր չէին կարող մի քանի մարդ կառավարել, բայց ստիպված էին կառավարել մի ամբողջ երկիր»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն: «Փետրվարի 19-ին բոլորս ընտրելու ենք մեր ապագան, այն մարդուն, ով պետք է մեր երկիրն առաջ տանի, եւ, կարծում եմ` առաջնորդի, ընտրված մարդու ամենակարեւոր հատկանիշը պետք է լինի ազնվությունն ու հետեւողականությունը: Մենք պետք է հետեւողական լինենք մեր խոստումներում ու գործերում: Մենք չենք կարող գալ խոստումներ տալ ու հետո ասել, թե մենք չկարողացանք այս խոստումներն իրականացնել, որովհետեւ մեզ խանգարեցին, որովհետեւ այս կամ այն պատճառը կար: Մենք չպետք է ուշանանք ժամանակից, առանց այդ էլ բավականաչափ ժամանակ ենք կորցրել: Ես վստահ եմ, որ պրոբլեմների լուծումը նոր-նոր սկսել ենք: Եղվարդում մենք 2007թ. կարողացել ենք ընդամենը 1,5 մլրդ դրամի ներդրում կատարել, բայց սա միայն գործի սկիզբն է, մենք իրավունք ունենք ապրելու շատ ավելի լավ ՀՀ-ում, եւ անշուշտ ապրելու ենք ավելի լավ ՀՀ-ում: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի գոնե վերականգնենք այն լավը, որն ունեցել ենք: Պետք է այնպես անենք, որպեսզի նորից Հայաստան վերադառնան այն մարդիկ, ովքեր ապաշնորհ կառավարման, անարդարության, աշխատանք չունենալու պատճառով թողել են Հայաստանը: Վստահեցնում եմ` մենք ունենք բոլոր հիմքերը կարճ ժամանակում վերադառնալու այդ վիճակին»,- ասաց նա: Ս. Սարգսյանի հավաստմամբ` անցած 7 տարիների ընթացքում կարողացել են լուծել նվազագույն խնդիրները։ «Եթե մենք չկարողանանք կառուցել ուժեղ Հայաստան, ապա մենք հետ կմնանք առաջ սլացող այդ գնացքից, իսկ ուժեղ երկիր կառուցելու համար առաջին հերթին ճիշտ ընտրություն է պետք: Ուժեղ երկիր կառուցելու համար պետք է ունենալ գիտելիքի հասարակություն: Գիտելիքը մեր հարստանալու ամենահիմնական միջոցը պետք է լինի»,- ասաց Ս. Սարգսյանը: Երկրի զարգացումը շարունակելու համար Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս խնդրեց ժողովրդի վստահությունը` սկսած գործը «ճիշտ» ավարտին հասցնելու համար: «Ես վստահ եմ, որ դուք կարողանալու եք տարբերակել թացը` չորից, խոստում տվողներին` գործունյա մարդկանցից: Վստահ եմ, որ կարողանալու եք տարբերակել աթոռապաշտներին՝ հայրենասերներից, վստահ եմ` կարողանալու եք իսկական առաջնորդին տարբերել այն մարդուց, ով գալիս է այլ խնդիրներ լուծելու»,- հայտարարեց Ս. Սարգսյանը: Նոր Հաճընում Ս. Սարգսյանն անդրադարձավ աշխատատեղեր ապահովող հիմնական խնդրին` ադամանդագործությանը` ասելով, թե 10 ամիսների ընթացքում իրենք շատ կարեւոր հինգ խոսակցություններ են ունեցել այդ հարցով, եւ արդեն 2007թ. վերջին մեծ խմբաքանակ ալմաստ է ներմուծվել Հայաստան: «Հույս ունեմ, որ ռուսական կողմի հետ բանակցություններով հնարավոր կլինի առաջիկայում եւս նոր խմբաքանակ բերել ժամանակավոր վերամշակման համար»,- ասաց նա: Իսկ Չարենցավանում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ փետրվարի 20-ին ողջ հայ ժողովուրդը «տոնելու է արդարության հաղթանակը», եւ իր թիմն էլ լինելու է պրոֆեսիոնալների թիմ, որտեղ ընդգրկվելու են տարբեր հայացքներ ունեցող մասնագետներ: Չարենցավանում եւ Հրազդանում բազմահազարանոց հանրահավաքների մասնակիցներին նա վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի սկսեն աշխատել պարապուրդի մատնված գործարանները: Իսկ «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքից ստացված գումարի որոշակի մասը ներդրվելու է քաղաքի սոցիալական խնդիրների բարելավման ուղղությամբ: Բազմաբնակարան 180 շենքեր կբարեկարգվեն, ներհամայնքային ճանապարհներ կվերանորոգվեն: «Ընտրություններից հետո չեն տարբերակվելու հաղթողներ եւ պարտվողներ: Օգտագործվելու են բոլոր այն մարդկանց ուժերն ու հնարավորությունները, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ մեր քաղաքի, երկրի զարգացման գործում: Մենք դեմ ենք լինելու ամբարտավաններին, ստախոսներին, չհիմնավորված հավակնություններ ունեցող մարդկանց»,- խոստացավ Ս. Սարգսյանը: