Երեկ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը 03.02.2008թ. ք. Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրեն ահաբեկել եւ սպանության սպառնալիքներ են տվել: Սույն հայտարարությունից անմիջապես հետո Ա. Բաղդասարյանի անվտանգությունը ապահովելու եւ մանրամասները ճշտելու ու սահմանված կարգով հայտարարություն վերցնելու նպատակով, ՀՀ Ոստիկանության ՔՀ վարչության կողմից փորձ է արվել հանդիպելու Ա. Բաղդասարյանի կամ նրա գրասենյակի ներկայացուցիչների հետ: Սակայն Ա. Բաղդասարյանի` զբաղվածության պատճառաբանությամբ հանդիպումը ձգձգվել եւ տեղի է ունեցել 05.02.2008թ., Ոստիկանության ՔՀ վարչության կողմից պաշտոնական գրություն ուղարկելուց հետո միայն ` փետրվարի 7-ին: Հանդիպման ընթացքում Ա. Բաղդասարյանը հրաժարվել է իրեն ահաբեկելու եւ սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ գրավոր հայտարարություն տալուց, իսկ բանավոր (հետո` նաեւ նրա գրասենյակի կողմից` գրավոր) հայտնել է, որ Վանաձոր քաղաքում, հանդիպման ժամանակ մի քանի քաղաքացիներ, որոնց չի ճանաչում, ասել են, թե սպանելու են իրեն: Ներկայացված երկրորդ փաստը վերաբերում է Երեւան քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ մի քաղաքացու կողմից հնչեցված համանման հայտարարությանը: Ա. Բաղդասարյանը այդ քաղաքացուն նույնպես չի ճանաչում: Ա. Բաղդասարյանի պնդմամբ` հանրահավաքի ընթացքում հրապարակի դիմաց գտնվող Բիզնես-կենտրոնի տանիքին իբր տեսել են 3 անձանց, որոնցից մեկի ձեռքին զենքի պատյան հիշեցնող ինչ-որ իր է նկատվել: Ներկայացված երրորդ փաստը վերաբերում է ԱՄՆ ոմն քաղաքացուց ստացված նամակին, որով վերջինս զգուշացրել է, որ Ա. Բաղդասարյանին սպանելու են: Վերոհիշյալ նամակը Ա. Բաղդասարյանը չի ներկայացրել: Չորրորդ փաստը վերաբերում է Մհեր Շահգելդյանի հոր բջջային հեռախոսով ստացված անծանոթ քաղաքացու` զգույշ մնալու հորդորին, որն ուղղված է եղել իրեն ու կնոջը եւ Արթուր Բաղդասարյանի հետ որեւէ կապ չունի: Վերը նշված փաստերն ուսումնասիրվել ու գնահատվել են, եւ Ա. Բաղդասարյանի կյանքի համար իրական սպառնալիք չեն պարունակում»: