Ընտրողներին ոչ ոք չի պարտադրել դուրս գալ իրենց բնակության վայրից եւ ընտրություններին մասնակցելու համար հաշվառվել մեկ այլ բնակավայրում: Հերքելով վերջին օրերին շրջանառվող լուրերը` ասել է ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը: «Թեկնածուներից Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից մեզ են դիմել թվով 50 մարդիկ, ովքեր խնդրել են իրենց դուրս գրել Վանաձորի հաշվառումից` պատճաբանելով, որ ցանկություն ունեն քվեարկությանը մասնակցել Կապանում: Համապատասխան ընտրատեղամասի անվանումը նշելուց հետո նրանք կհանվեն Վանաձորի հաշվառումից»,- տեղեկացրել է Ա. Զաքարյանը: Ա. Զաքարյանի տեղեկացմամբ` ՀՀ Ոստիկանությունն ընտրացուցակների ճշգրտման հետ կապված ահազանգեր եւ դիմումներ է ստացել բոլոր կուսակցություններից եւ հասարակական կազմակերպությունների մեծ մասից: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Նշենք, որ ընտրությունների նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմել էր 2 մլն 311 հազ. 665, իսկ փետրվարի 8-ի դրությամբ` 2 մլն 320 հազ. 375: