гÛóÁ Ù»ñÅí»ó

13/02/2008

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ քննել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը՝ «2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու» խնդրանքով: ՍԴ-ում նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանին ներկայացնող Ռուբեն Թորոսյանն ու Արտակ Զեյնալյանը մոտ մեկ ժամ զեկուցել են իրենց հավաքած այն տվյալների մասին, որոնցով հիմնավորում են, թե թեկնածուից անկախ պատճառներով՝ ընտրություններում նրա համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել: Այդ պատճառներից մեկը, Ռ. Թորոսյանի պնդմամբ՝ «Հայլուրն» է, որը Տեր-Պետրոսյանի քարոզարշավն «ահավոր ձեւով» է ներկայացնում: Ներկայացուցիչների պնդմամբ՝ հեռուստատեսային հակաքարոզը նախագահի թեկնածուն ստիպված է փոխլրացնել վատ եղանակին մարզային այցելություններով, սկավառակներ թողարկելով ու բաժանելով, ինչն էլ, իր հերթին՝ ուղեկցվում է «բռնություններով հանրահավաքների ժամանակ կամ սկավառակ բաժանողների, իրենց շտաբայինների դեմ»: Ա. Զեյնալյանը տեղեկացրել է, որ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը ջանք չեն խնայել թեկնածուի առջեւ ծառացած խոչընդոտները վերացնելու. հայց են ներկայացրել վարչական դատարան, դիմում-բողոքներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, բայց որեւէ արձագանք չի եղել: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչեւ խորհրդակցական սենյակ անցնելն ասել է. «Սահմանադրական դատարանի խնդիրն է՝ գնահատել այդ խոչընդոտները, որոնք ներկայացնում է եւ հայտարարում է դիմումատուն, դրանք անհաղթահարելի՞ խոչընդոտներ են, թե՞ անհաղթահարելի խոչընդոտներ չեն»: Այսկերպ Գ. Հարությունյանը փաստորեն ընդունել է խոչընդոտների առկայության փաստը: Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 90-ի, «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ 40-րդ օրը»: ՍԴ-ն երեկ մերժել է Լ. Տեր-Պետրոսյանի դիմումը: ՍԴ նախագահն ասել է, թե այդ խոչընդոտները չեն կարող անհաղթահարելի համարվել: