Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Այն բավականին բազմամարդ էր, իսկ մարդկանց շարքերը՝ չափազանց խիտ, այնքան, որ հրապարակում «նեղվածք էր»: Բազմությունը հասնում էր մինչեւ Կարապի լիճ եւ Հյուսիսային պողոտա:
Հանրահավաքի ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին: Ելույթ ունեցողների թվում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: «Մենք՝ ազատամարտիկներս, նորից պատրաստակամություն ենք հայտնում, որ կկանգնենք ազատ, արդար ընտրության համար: Որ չփորձեն խախտումներ անել,- հայտարարեց Ս. Միքայելյանը, եւ, դիմելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ շարունակեց,- Ես հաջողություն եմ մաղթում Ձեզ, պարոն նախագահ»: «Ես եւ իմ մարտական ընկերները վիրավորված ենք այն բանի համար, որ խոսում են ցուրտ ու մութ տարիների մասին եւ մոռանում են պատերազմի մեր հաղթանակների մասին»,- ասաց նա: Հարթակում էր նաեւ նույն կազմակերպության անդամ, դարձյալ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հրապարակվեց նաեւ «Ոգու փորձություն» ՀԿ-ի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Կազմակերպության խորհրդի ընդունած հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխման անհրաժեշտությունը, հավատարիմ մնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարներին, միանում ենք օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժմանը»: Իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում նշեց այն բոլոր արարքները, որոնց համար «Սերժ Սարգսյանը պետք է ամաչի»: Մասնավորապես, ըստ նրա, ամոթ է իշխանությունը բռնազավթելը, ամոթ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելը, ամոթ է ընտրությունները կեղծելը, ամոթ է կոռումպացված լինելը եւ կոռուպցիայից խոսելը, ամոթ է պատասխանատու լինել «Հոկտեմբերի 27»-ի համար եւ հավակնել ՀՀ նախագահի պաշտոնի: Ս. Դեմիրճյանի խոսքերով՝ժողովրդի համար էլ ամոթ կլինի հանդուրժել այս իշխանություններին: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհին՝ ասաց, թե իշխանությունները «հեռանալուց առաջ որոշել են կարեւոր փաստաթղթեր վերացնել, դրա համար նախարարություններ են վառվում»:
Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահի ձեռքին կար մի փաստաթուղթ, որին էլ նվիրված էր նրա ելույթի հիմնական մասը: ՀՀ առաջին նախագահը հանրահավաքի ընթացքում բացահայտեց մի, իր խոսքերով, մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ: Խոսքը 10 տարի թաքցված «Մեղրիի տարբերակի» մասին է: «Դա եղել է խոսակցությունների առարկա, շշուկներ եղել են այս հարցի շուրջ, բայց իշխանությունները՝ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի բերանով մշտապես հերքել են այդ փաստը. դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է»,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանն ու փաստաթղթից ընթերցեց մի հատված, որը ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են եղել ստորագրել: «Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»,- կարդաց առաջին նախագահը: Նրա այս խոսքերից հետո Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ սկսեցին վանկարկել. «Ա-մոթ, ա-մոթ»: Լ. Տեր-Պետրոսյանն ընթերցեց նաեւ պայմանագրի 5-րդ հոդվածը. «Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11-րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով»: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ մանրամասնեց, որ պայմանագրի կնքումից հետո Հայաստանի ընդհանուր 1700-կիլոմետրանոց սահմանից Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը կլիներ 1436 կիլոմետր, իսկ Իրանի հետ սահման չէինք ունենա: «Մնում է Վրաստանի հետ սահմանը: Այդ սահմանի մի զգալի մասը Վրաստանի կողմից բնակեցված է նորից ադրբեջանցիներով՝ Մառնեուլի եւ Բոլնիսի շրջանները: Եվ, եթե դա էլ հանում ենք, Հայաստանին մնում է թուրք-ադրբեջանական այս շրջափակման մեջ մի 40-կիլոմետրանոց պատուհան դեպի Վրաստան, դեպի Ախալքալաք, ուրիշ ոչինչ,- նկատեց Լ. Տեր-Պետրոսյանն ու հավելեց,- Այս դեպքում Հայաստանը կդադարեր պետություն լինելուց: Ցանկացած պահի բոլոր ճանապարհները կփակվեին, բոլոր խողովակները կփակվեին, եւ մենք կմնայինք կտրված աշխարհից եւ մատնված սովի ու կործանման»: Տեր-Պետրոսյանի հավաստմամբ՝ Անվտանգության խորհրդի նիստում այդ պայմանագրի ստորագրումը խափանել են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: «Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, խափանեցին այս դավադրությունն իրենց կյանքի գնով: Եթե հետաքննության մեջ այս հարցը չի դիտվել որպես «27»-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա միայն այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթուղթը»,- ասաց նա: Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ՝ Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Թումանյան-Ազատության հրապարակ երթուղով: Երթից հետո հանրահավաքը շարունակվեց: Առաջին նախագահը կրկին ելույթ ունեցավ եւ կարծիք հայտնեց, որ այս հանրահավաքն ու երթը ցույց տվեցին, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Երեւանում հաջորդ հանրահավաքը նախատեսված է փետրվարի 16-ին, ժամը 15-ին՝ դարձյալ Ազատության հրապարակում: Փետրվարի 9-ի երեւանյան հանրահավաքի հաջորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել նաեւ ՀՀ-ի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: